Loading...

Articles

Ազգի նվիրյալը. Գևորգ Ղարագադյան . «Հայորդի» ամսաթերթ

18:48, Wednesday, 21 June, 2017
Ազգի նվիրյալը. Գևորգ Ղարագադյան . «Հայորդի» ամսաթերթ

Արցախյան պատերազմը նաև դվինցի մի քանի քաջորդիների կյանք խլեց: Եվ այդ կյանքերը այսօրվա սերնդի համար մարդասիրության ու հայրենասիրության չափանիշներ դարձան:
     Արցախյան գոյամարտում իր արյունով հայրենի հողի ազատագրմանը մասնակցած հայորդիներից էր նաև Գևորգը:

Հրաչիկ Ղարագադյանի յոթ զավակների եղբայրը աշխարհն սկսել էր ճանաչել Խորհրդային Ադրբեջանի Շահումյանի շրջանի Շահումյան գյուղում, որտեղ ծնվել, հասակ էր առել, միջնակարգ կրթություն ստացել: 1969 թվականի սեպտեմբերի 30-ն էր, երբ հասարակ բանվորի ընտանիքում լույս աշխարհ եկավ ապագա ազատամարտիկը: Մանկությունը անցել է խաղաղ և երջանիկ: Ինչպես պատմում է քույրը, Գևորգը եղել է խելոք, լսող, հանգիստ և նպատակասլաց երեխա: Փոքր տարիքից ներշնչված է եղել հայրենասիրական ոգով:
     Գյուղի թիվ 1 հիմնական դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Շահումյանի պրոֆտեխ ուսումնարանում: Գևորգը, լինելով տան միակ արու զավակը (թեպետև բոլորից կրտսերն էր), հոգ էր տանում քույրերի մասին:
     1988 թ. փետրվարի 22-ին աղդամցի ադրբեջանցիների զինված ամբոխը հարձակվում է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ: Սկսվում է Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Նույն թվականին էլ Գևորգը զորակոչվում է ԽՍՀՄ բանակ: Հայրենասիրական ոգով դաստիարակված հայորդին չէր դժգոհում բանակային կյանքից, թեև ծառայում էր պատերազմական ծանր պայմաններում:
     1990 թ., երբ Գևորգը զորացրվում է և վերադառնում հայրենի բնակավայր, սկսվում է պատերազմի հաջորդ փուլը: Հարազատները Գևորգին փորձում են համոզել, որ մեկնի Ռուսաստանի Դաշնություն, սակայն հայրենասեր տղան հրաժարվում է հեռանալ երկրից: Երբ արդեն իրավիճակն ավելի էր սրվել, Ղարագադյանների ընտանիքը տեղափոխվում է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղ: Կարճ ժամանակ անց Գևորգն ինքնակամ անդամագրվում է պատերազմի դաշտ մեկնող ջոկատին:
     1990-1992 թթ. մասնակցում է Շահումյանի շրջանում ծավալվող պատերազմական բոլոր գործողություններին. եղել է ՀՀ հերոս Վիտյա Այվազյանի ջոկատից:
     1992 թ. հունիսի 13-ին, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Արցախի սահմանամերձ բնակավայրերը, Շահումյանի գյուղացիները տեղափոխվում են ապահով թաքստոցներ: Ոմանք լալիս էին, ոմանք սարսափազդու հայացքով այս ու այն կողմ նայում: Գևորգն օգնում է գյուղացիներին` դուրս գալ այդ թաքստոցներից և փրկություն գտնել: Այս կերպ Գևորգը նորից կյանքի է բերում շատ ու շատ մարդկանց:
     Գևորգ Հրաչիկի Ղարագադյանը զոհվում է թշնամու դավադիր գնդակից 1992 թ. սեպտեմբերի 28-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում ընթացող մարտերի ժամանակ:
     23 տարեկանը դեռ չբոլորած քաջ հայորդին այդպես էլ չամուսնացավ և ժառանգներ չունեցավ, սակայն իր գործը շարունակող շատ հետևորդներ ունեցավ, որոնք հպարտանում են քաջի սխրագործություններով:
     Գևորգ Ղարագադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (2002 թ.) և «Արիության» (2002 թ.) մեդալներով:
     Արցախյան պատերազմն իր արյունոտ դաշտում հերոսացրեց շատ ու շատ հայրենասեր քաջերի, որոնցից մեկն էլ Գևորգ Ղարագադյանն էր:
     Մինչև այսօր էլ Գևորգի մայրը լռությամբ է կրում տարիների ցավն ու վիշտը և չի ցանկանում խոսել անմահացած հերոս որդու մասին: Իսկ քույրը հազիվ է զսպում կարոտից և վշտից լճացող արցունքները:


    

Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ

Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասմիկ ՓԻԼՈՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 2, փետր 2017թ.

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4380 | 0 | 0
Facebook