Loading...

Articles

Այս տարվա փառատոնը աննախադեպ էր նորարարություններով. Էրիկ Բարսեղյան

Art Fest
Author:
Art Fest
12:26, Wednesday, 21 June, 2017
Այս տարվա փառատոնը աննախադեպ էր նորարարություններով. Էրիկ Բարսեղյան

«Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնն ավարտված է: Այն անցկացվեց հունիսի 8-19-ը և կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնն ամփոփեցին կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները:


    

«Այս տարվա փառատոնը աննախադեպ էր նորարարություններով: Ընդգրկել էինք նաև գրականության ոլորտը: Նվաճում եմ համարում այն, որ մենք հնարավորություն ունեցանք ուկրաինական պատվիրակության հետ հուշագիր ստորագրել, որը ենթադրում է մշակութային նոր համագործակցությունների մեկնարկ», - նշեց «Արտ Ֆեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:


    

Նա հավելեց, որ ձեռքբերումների հետ մեկտեղ փառատոնն ուներ նաև տեխնիկական և այլ բացեր, որոնք պայմանավորված էին ֆինանսական խնդիրներով: Նա ընդգծեց, որ կանի ամեն բան փառատոնի իրականացման գործընթացում մասնավոր ներդրողների ներգրավելու համար:


    

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի խոսքով` «Արտ ֆեստ» -ը ոգևորում է ոչ միայն երիտասարդներին, այլև ավագ սերնդի ներկայացուցիչներին: «Եթե դու անտարբեր չես քո երկրի, էստաֆետն իրենց ձեռքը վերցնող երիտասարդների հանդեպ, պիտի միշտ պատրաստ լինես ամենաշնորհակալ հասարակական գործունեությունը ծավալել: Կային բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ, սակայն մեզ զարմացրեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» ֆիլմը, որը երեք անվանակարգում մրցանակի արժանացավ: Ցավոք, չկար լավագույն սցենար, բայց ներկայացված երեք սցենարները մոտ էին պրոֆեսիոնալ էին», -ասաց նա:


    

Փառատոնի ժյուրիի անդամ դերասանուհի Լալա Մնացականյանն ասաց, որ անդավաճան մասնակցում է «Արտ ֆեստ» -ին:

Նա շեշտեց, որ փառատոնները երկրի մշակութային քաղաքականության կարևոր մասն են, և դրանց նպատակն արվեստի այս կամ այն ճյուղը հանրությանը ճանաչելի դարձնելն ու մարդկանց դրանց մոտեցնելն է:


    

«Այս փառատոնը շատ եմ կարևորում, քանի որ այն ընդգրկում է երիտասարդների, որոնք չեն վախենում սխալվելուց ու չեն մտածում իրենց արած աշխատանքի հետևանքների մասին: Ներկայացնում են հետաքրքիր, համարձակ գործեր ու ինքնավստահություն ձեռք բերում: «Արտ ֆեստ» -ը բազմաթիվ նոր անուններ բացահայտեց», - նշեց Մնացականյանը:


    

«Արտ ֆեստ» -ն ընդգրկում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր` գրականություն, կերպարվեստ, թատերարվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնի նպատակը ստեղծագործ երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների զարգացումը խթանելն է, փորձի փոխանակումը, միջազգային հարթակ ստեղծելը, նոր անուններ բացահայտելը:


    

Գրականության ոլորտում լավագույն պիես է ճանաչվել Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի` Էմիլիա Նալբանդյանը, «Լավագույն գրաֆիկա» անվանակարգում հաղթել է Կարո Հաջի Ասլանյանը, լավագույն քանդակ է համարվել Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան է ճանաչվել Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ` Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող» կինոնկարը: «Լավագուն երիտասարդական հավաքածու» անվանակարգում հաղթել է Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու են համարվել Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները:

Եղել են մրցանակակիրներ նաև այլ անվանակարգերում:


    

«Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակիցների թիվն եղել է 130 երիտասարդ, իսկ այս տարի՝ 500:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4054 | 0 | 0
Facebook