Loading...

Articles

Ստեղծագործող տնօրենը․․․

info
Author:
info
23:46, Sunday, 18 June, 2017
Ստեղծագործող տնօրենը․․․

Գավառի պետական համալսարանի «Վերնատուն» ակումբի շրջանակներում «Իմ անկեղծ «ես» -ը» խորագրի ներքո Ձեզ ենք ներկայացնում ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի Իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող, Մեծ Մասրիկի դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանի չափածո շարադրանքը։
    
    

I
     Ես սիրում եմ երգը հանգով,
     Խոտի խշշոց ու շշուկներ,
     Եվ բազեի ձիգ ճախրանքով
     Լեռներն ելնող սուրբ հայդուկներ…

Ալպիական մարգագետին
     Եվ կաքավով լցված ձորը,
     Շիկնանքն անմեղ կույսի այտին
     Եվ երբ սիրտս է տեսում ծո՜վը…

Անդնունդների վսեմ ոգին,
     Որպես բախտի կանչող կարկաչ,
     Տերունական այն Կիրակին,
     Որտեղ չկա հևք ու հառաչ…

Ես սիրում եմ դաշնությունն այն,
     Երբ միտքն ու սիրտն են համերաշխ,
     Վեհությունը օլիմպական,
     Երբ գալիս է տարիքից վաղ…

Գնչուական կյանքը թափառ,
     Վայրի ու սև գնչուհիներ,
     Քղանցք ու ծոպ, խարույկ ու պար,
     Խանդոտ կրծքի սիրո Քիմեռ …

Հովվական կյանք, փրփուր գինի,
     Որ տալիս է խորունկ Թալիան.
     Ողջախոհ ու առաքինի
     Շտիլերի Ամալիան…

Ես սիրում եմ հին լեգենդներ,
     Մեռած Դափնիս ու Քլոյա.
     Իզաբելի կտավն շքեղ -
     Մակագրված անմահ Գոյա…

Ու զրույցներ պոետական,
     Դեկամերոն ու Պետրարկա,
     Դղյակները այն գոթական,
     Ուր դքսուհու գաղտնի սիրտ կա…

Կորչել թավուտ անտառներում,
     Գիշեր, ցերեկ խառնել իրար.
     Հետո գտնել քեզ լեռներում՝
     Հալածելով գայլին տկար…

Մոռանալ ժամ ու ժամանակ,
     Արևի շողքը կլանել
     Եվ Պանի պես խեղճ, այլանդակ, -
     Քարայրի մեջ հանգիստ քնել…

Փասիանների ճիչից զարթնել,
     Ձեռքը մեկնել հրացանին,
     Սակայն զգալ՝ ուշ է արդեն,
     Միայն փետուրն է մացառին…

Ես սիրում եմ Հերոդոտոս
     Եվ ակնածում վարքից նախնյաց,
     Աֆրոդիտյան բույր ու լոտոս
     Եվ ամառվա դաշտը խնձած…

/Ալեքսանդրը մեծ է անշուշտ,
     Եվ Հաննիբալ, և Բոնապարտ,
     Բայց ի՞նչ Բաթու- կեղծ բարեգութ,
     Սուվորո՜վն է միայն անպարտ…/

Ես սիրում եմ իսպանական
     Տխուր ու խենթ այն ասպետին,
     Որի երազն է իրական
     Եվ նվիրումն- Ռոսինանտին…

Ես սիրում եմ փակել աչքերս
     Ու լողանալ Վանա ծովում,
     Ասպատակել ժայռեր ու քերծ
     Ու չզգալ, որ սիրտս է ցավում…

Ես սիրում եմ աղբյուրն լեռան
     Եվ այծքաղի ոստոստումը,
     Հին խրճիթի թեքված գերան
     Եվ սև, մրոտ հացատունը…

Ես սիրում եմ լռին քայլել
     Շիրիմների արանքներով,
     Եվ քարացած դեմքերն նայել
     Եվ ծնրադրել լցված կրծքով…

II
     Ես սիրում եմ օրագրերն այն,
     Որ գրել եմ ու մոռացել. –
     Ինչ-որ հմայք կա բնական
     Այնտեղ ապրող- ինտիմ, անեղծ…

Ինչ-որ մի հին գրավչություն,
     Ինչ-որ կարոտ արևային-
     Հին, խունացած իմ թղթերում
     Հիշեցնում են բորբ տղային…

Նա, որ կյանքում պիտի լիներ
     Ազնիվ, բարի, վսեմակերպ,
     Որ Բյուսիին պիտ նմանվեր,
     Դանտեսի հետ լիներ միշտ սերտ…

Նա ի՜նչ դարձավ… Դարձավ իր խեղճ,
     Դժբախտ դարին հավատավոր,
     Անգույն, մեռած օրերի մեջ
     Թերսիդես մի սապատավոր…

Սրի տեղակ- վահան պարզեց,
     Աղոթք ասեց- շեփորի տեղ.
     Եվ նվաղեց, և նվազեց,
     Ինչպես այրու գունատ կանթեղ…

Մինչդեռ կյանք կա կարկաչահոս,
     Վառվող սաղարթ, ու սիրտ, ու սեր.
     Եվ մայրական շունչ քչախոս,
     Եվ հայրենիք, և մերկ սուսեր…

Ես սիրում եմ իմ տարաբախտ
     Իմ ազգի խենթ տղաներին,
     Նրանց աչքերն, թևերն անպարտ,
     Որոնց ոչ մի լավ խոսք չասին…

Ես սիրում եմ մեր Հայկազյան
     Բառարանը թերթել դանդաղ.
     Եվ մեր լեզուն- մեր Արքայազն, -
     Սպանված ու թողած անթաղ…

Լավ է հոգնել լեռան լանջին,
     Քանց թե չարխել գաղջ քաղաքում,
     Ականջալուր հովվի կանչին,
     Որ իր համար է նվագում…

Ես սիրում եմ հողմահալած
     Տխրությունը աշնանային,
     Անտառային ճյուղերն ծալված՝
     Կքած ձյունի տակ առաջին…

Ու երբ բուքն է խեղդում բքին,
     Գոտեմարտում ինքն իր հետ.
     Եվ զարկում քո մեջքին, դեմքին, -
     Դու ապրում ես զգացում մի խենթ…

Ձմռան երկար գիշերները,
     Երբ ոռնում են գայլերն հեռվում,
     Դա իմ կյանքն է ու իմ սերը,
     Ու իմ կարոտը վառվռուն…

Իրիկուններ լճի ափին,
     Երբ երկինքն է շառագունվում,
     Երբ կտցարն է տալիս թևին
     Ու սառ օդը շնչավորում…

Թիկնել, թիկնել բուխարիկին,
     Հին հեքիաթներ վերընթերցել.
     Կարտոֆիլը մոխրի տակին
     Կճեպով իր բուղ է դարձել…

Ես սիրում եմ իմ ընկերոջ
     Սիրտը ազնիվ, կատակաբան, -
     Երբ սարկազմով այնքա՜ն առողջ
     Սուր հեգնում է իմ ամեն բան…

Նա մեծերից մեծ է անշուշտ,
     Քանզի հիմա մեծեր քիչ կան,
     Ինչպես կարոտն իմ անհագուրդ
     Որ ձգտում է Մայր Հայաստան…

Ես սիրում եմ վալս ու տանգո,
     Արև ու ջուր ու նժույգներ,
     Ինքս ինձնից լինել դժգոհ,
     Ավելիին միշտ հանդգնել…

Ապագայից վարկ չգնել
     Ու չափսոսալ անցյալն անգո,
     Կտրել ծովեր ու ցամաքներ,
     Որպես տենչի ֆլամինգո…
    
     Ատոմ Հակոբյան

Source: 16.06.2017
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6113 | 0 | 0
Facebook