Loading...

Articles

Հիսուսի հետ ամուսնության պայմանագիր

16:47, Tuesday, 13 June, 2017
Հիսուսի հետ ամուսնության պայմանագիր

Նախորդ դարի կեսերին ֆրանսիացի աստվածաբան-գրող, Փարիզի համալսարանի պրոֆեսոր Ժան-Բատիստ Թիերը, հայտնաբերում ու կրոնական նախապաշարմունքներին նվիրված իր գրքում զետեղում է մի անսովոր փաստաթուղթ: Դա ամուսնական պայմանագիր է, որը կնքվել է որպես հարսնեհայր հանդես եկած կարմելիտական միաբանության անդամ վանականի` հայր Արնուի կողմից:


     Ավելի քան չորս դար առաջ այս վանականի գլխում եզակի գաղափար է ծնունդ առնում. նա որոշում է իր ծխի անդամներից մեկի կնոջը` իր իսկ հոգևոր բարիքի համար շարունակ խորհուրդներ տալու փոխարեն, նրան իրավական եղանակով պարտավորեցնել, որ ապրի քրիստոնեական պատվիրանների հանգույն:

Վերոհիշյալ պայմանագրի` փեսացուի պարտականությունների բաժնում բառացիորեն հետևյալն է գրված.


     «Ես` Հիսուսս` Աստծո որդին, կնության եմ առնում Մադլեն Գասլենին և խոստանում եմ, որ հավատարիմ ամուսին կլինեմ և նրան երբեք չեմ լքի: Որպես ամուսնության գրավական նրան խոստանում եմ իմ ողորմածությունը մինչև իր օրերի վերջը, խոստանում եմ, որ իր մահից հետո նա իմ Հորից ժառանգություն կստանա: Սույնով հաստատում եմ այս փաստաթուղթն իմ քարտուղարի ստորագրությամբ:

Կազմված է իմ անմահ Հոր, իմ սիրելի մոր` Մարիամի, իմ հայր սուրբ Հովսեփի, և ամբողջ երկնային կղերականության ներկայությամբ, Իմ Ծննդյան 1650 թվականին, Հովսեփի օրը:

Հիսուս` ինձ հավատարիմ հոգիների նշանած փեսացու

Մարիամ` Տիրամայր

Հովսեփ` Մարիամի ամուսին

Մադլեն` պահապան հրեշտակ

Հաստատեց` հայր Արնուն` Բոկոտն կարմելիտականների միաբանության վանականը, Հիսուսի անարժան քարտուղարը»:


     Իսկ թե հարսնացուն ինչ երդում է տվել, կտեղեկանաք ստորև.


     «Ես` Մադլեն Գասլենս` Հիսուսի անարժան ծառաս, կնության եմ գնում իմ սիրելի Հիսուսին և, որպես գրավական, նրան եմ հանձնում իմ սիրտն ու խոստանում եմ կյանքում ու մահվան մեջ ծառայել նրան ու կատարել նրա բոլոր հրամանները: Հաստատելով իմ խոսքերը` որ ենթակա չեն վերանայման ու չեղարկման, ստորագրում եմ սույնի ներքո` սուրբ Երրորդության, Կույս Մարիամի, սուրբ Հովսեփի ու երկնային պատվարժան կղերականության ներկայությամբ, Քրիստոսի Ծննդյան 1650 թվականի Հովսեփի օրը:

Մադլեն` Հիսուսի ընտրյալ»:


     Ինչ խոսք, աներևակայելի անհեթեթություն է, բայց այս անհեթեթությունը գուցե շատ հարթ, հեշտ ու հանգիստ անցներ-գնար, եթե Մադլենը ամուսնացած չլիներ: Քրիստոսի կինը դարձածն այնքան լրջորեն ընդունեց իր նոր ամուսնությունը, որ սկսեց կտրականապես մերժել երկրային ամուսնու սեռական ցանկության բավարարման համառ պահանջները: Խեղճ ամուսինը որոշ ժամանակ իրեն հարկադրական «ծոմապահության» մատնեց, բայց հետո նրա համբերության բաժակը լցվեց, ու նա դիմեց միաբանության հայրերի օգնությանը: Սրանք երկար ժամանակ գլուխներն էին տարուբերում, բայց հետո իրենց մոտ կանչեցին Մադլենին, հետը զրուցեցին և որպեսզի հետագայում ամուսնական պարտականությունների կատարման հարցում նա տատանումներ չունենա, հանդիսավորապես հայտարարեցին Հիսուսի հետ նրա ամուսնական պայմանագիրը խզելու մասին: Իսկ հայր Արնուին ոտաբոբիկ ուղարկեցին մեկ ուրիշ վանք:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10998 | 0 | 0
Facebook