Loading...

Articles

Ցա՞վ, թե՞ ծակոց Ի՞նչ իմանամ…

15:59, Saturday, 26 November, 2016
Ցա՞վ, թե՞ ծակոց Ի՞նչ իմանամ…
    
    

Մեկն ասո՜ւմ էր.

- Թե ինձ սիրե՜ն ՝

Ես երկնքից աստղե՜ր, արև՜ կիջեցնեմ,

Մյուսը թե՝

- Լեռնե՜ր, սարե՜ր շուռ կտամ:


    

Չգիտեմ հավատա՞մ, թե՞ չհավատամ,


    

Բայց ասում եմ վստահաբար

Թե ինձ ասեն.

- Չե՜մ հավատում, -

Ինքս իմ մեջ շուռ կգամ…

Դու լսո՞ւմ ես, հավատո՞ւմ ես,


    

Քեզ սիրո՜ւմ եմ,

Բա՛վ է այդքան գլխով անես,

Ա՜խ, ո՞ւր է թե

Մի օր ասե՛ս, պատասխանե՛ս.

- Չե՛մ հավատում, ինձ խաբո՜ւմ ես:


    

Գիտե՜մ, ծա՜նր է, շա՜տ է ծանր հավատալը,

Այնքա՜ն ծանր - քիչ է մնում

Որ ես դիտմամբ ասեմ լրիվ հակառակը`

Ցանկանալով թեթևացնել

Նուրբ ու փխրուն ուսիդ բարձած

Հավատալու բեռի չափը:


    

Հե՛րն էլ անիծած

Թե դրանից հետո կանգնած կմնամ

Պարանոցս ծուռ

ու աչքերս ցած,

Որպես խեղկատակ դատավոր,

Որպես ապաշնորհ հուշարար,

Սիրտս արյունս կընդունի որպես մի բողոք

Ու չգիտե՜մ

Սիրտս ցա՞վ կզգա, թե՞ սո՜ւր մի ծակոց…


    

Ասեմ նաև, որ

հավատալը ինչքան որ ծա՜նր է

Չհավատալը նույնքան դաժան է՝

Ասես երակներովդ հոսող արյան մեջ

փո՛ւշ է հայտնվում -

Հոսում արյանդ հետ ու չար կատակի պես

Սիրտդ է խրվում…


    

Ու ինչպես էլ շուռումուռ գաս,

փորձես կանգնե՜լ

փորձես նստե՜լ

փորձես պառկե՜լ դիրքով հարմար,

ազատվելու

(դեռ չգիտեմ ի՞նչպես ասել)

Ցավի՛ց,

Ծակոցի՛ց թե՞

Կասկածի լի՜րբ, շիկացած մախաթից…


    

Չէ՜,

Ոչ մի բան դուրս չի գա դրանից…


    

Կավելանա ևս մեկ հարց՝

Անպատասխա՜ն,

Թունալի՜ց.

«Կասկածի մեկ ծակո՞ցն է վատ,

Թե՞ ցավերը կասկածի մեկ ծակոցից…»


    

Դու լսո՞ւմ ես, հավատո՞ւմ ես,


    

Քեզ սիրո՜ւմ եմ,

Բա՛վ է այդքան երկար լռես,

Ա՜խ, ո՞ւր է թե

Մի օր ասե՜ս, պատասխանե՜ս.

- Չե՛մ հավատում,

խաբո՛ւմ ես ինձ տակավին…


    

… Ու ես ինքս իմ մեջ շո՜ւռ գամ -

Ուղիղ նայեմ այս շուռ եկած աշխարհին:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4286 | 0 | 0
Facebook