Loading...

Articles

ԻՆՉՈՒ՞ ԵՄ ՀԱՄԱԿՐՈՒՄ 116-ԱՄՅԱ ԹՒՄԻՆ կամ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

12:06, Sunday, 29 November, 2015
ԻՆՉՈՒ՞ ԵՄ ՀԱՄԱԿՐՈՒՄ 116-ԱՄՅԱ ԹՒՄԻՆ կամ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համակրանքը պիտի հիմք ունենա: Չեմ ասում՝ արդարացում, որովհետև արդարանալ կարող ես անհիմն, ժողովրդի պատկերավոր ձևակերպմամբ՝ օդի մեջ... Անշուշտ, հիմքերը կարող են նաև խախուտ լինել, և կառույցը վերստին օդում կհայտնվի: Իմը՝ չէ, ըստ իս, իմը ոչ միայն ամուր, անսխալ, արդար հիմք ունի, այլև նույնպիսի պատեր, ծածկ և ձուլածո մուտքի բանալի, որն ինքս եմ կաղապարել:

Հիմա՝ ըստ էության:

«Բարսելոնն» անկախության ձգտող Կատալոնիայի ֆուտբոլային թիմն է: Երկրամասն այլ մարզական ակումբներ էլ ունի, բայց «Բարսելոնը» կատալոնացիների խորհրդանիշն է, նրանց հպարտությունը, նրանց իղձերի խտածոն: Եվ ես, լինելով խորհրդային կայսրության ուղեծրից ընդամենը երկուսուկես տասնամյակ առաջ կիսատ-պռատ պոկված ափաչափ երկրի զավակ, չեմ կարող չհամակրել նրանց, մանավանդ օրըստօրե ահագնանում է մեր՝ նույն ծիրը վերադառնալու վտանգը: Մանավանդ վերադարձնել, նախկին կառքին լծել ճգնողները ոչ միայն դրսից են: Իմ համոզումն է՝ աշխարհում որքան շատ լինեն բնակչության թվով և տարածքով փոքր պետությունները, արևի տակ մնալն այնքան դյուրին կլինի ինձ, հայության ու հայրենիքիս համար:

Մադրիդի «Ռեալը» Կենտրոնի, իշխանության խորհրդանիշ է, ուստի և՝ ոչ միայն կատալոնյան «Բարսելոնի», այլև իմ հակառակորդը: Սա զուտ անձնական զգացողություն չէ: Իսկապես էլ տասնամյակներ շարունակ «Ռեալին» հովանավորել է իշխանությունը, երբեմն-երբեմն զանազան լծակների միջոցով «հրել» առաջին հորիզոնական: Դա մի դեպքում եղել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ձեռամբ, մեկ այլ դեպքում՝ դատավորների վրա ճնշում գործադրելով... Իսկ բռնապետ Ֆրանկոյի օրոք այն բացահայտ բնույթ է կրել, ուղեկցվել մրցակից թիմի ֆուտբոլիստների հալածանքով ու ֆիզիկական հաշվեհարդարով: Անունն իսկ հուշում է, որ այսօր էլ «Ռեալը» շարունակում է մնալ արքունական, այն է՝ իշխանական թիմ: Եվ ես՝ անհատս, բնականաբար, գիտակցորեն ու ենթագիտակցորեն ճնշվածի, անհավասար մրցակցությունում այլ որակների գործադրմամբ հաճախակի հաղթածի կողմն եմ:

Նկատել եմ՝ իմ շրջապատում «Ռեալին» մեծամասամբ անվերապահ սիրում, երկրպագում են Խորհրդային Միությունը փառաբանող, թաքուն ու բացահայտ նրա վերակենդանացումն ակնկալող, երազող անձինք: Այդպիսիք, որպես կանոն, նաև Լոնդոնի «Չելսիի» կոմնակից են՝ պատճառաբանությամբ, թե Ռոման Աբրամովիչի թիմն է, դե, նա էլ Ռուսաստանի քաղաքացի է, այսինքն՝ մերոնցից: Ի՞նչ կարևոր է, թե սեփականատիրոջ միլիարդներն ինչ ճանապարհով են ձեռք բերվել: Իսկ ես, ի տարբերություն այդ կերպ դատողների, հենց այդ զորավոր պատճառով չեմ համակրում նաև «Չելսիին» ու նրա պարտությունն եմ կամենում՝ ում դեմ էլ խաղալիս լինի:

Անշուշտ, Ռեալի» /նաև «Չելսիի/ համակիրներից կլինեն առարկողներ, որ ֆուտբոլն ընդամենը խաղ է, մարզատեսակ, և հարկ չկա ձվում մազ փնտրել: Թերևս, ճիշտ են. իրենց արդարացումն է ու իրավունքը, բայց ես դույն եզրահանգմանը եկել եմ՝ ելնելով հայաստանյան իրականությունից: Ինձ համար ևս ֆուտբոլը խաղ է, ժամանցի միջոց և եթե զուտ քաղաքականություն այնտեղ փնտրեի, կերկրպագեի «Էսպանիոլին», բասկյան «Ատլետկին», էլի այլոց, մինչդեռ, ի տարբերություն նշածների, 116-ամյա «Բարսելոնը» ստեղծագործ, արվեստին մերձ ֆուտբոլ է ցուցադրում, ըստ այդմ ոչ միայն հետաքրքիր, հաճելի է նրա խաղին հետևելը: Եվ խաղացողները ինքնահավան, մեծախոս, կոպիտ ու կռվազան չեն ոչ դաշտում, ոչ կյանքում, ինչը չես ասի մրցակցի՝ «Ռեալի» ֆուտբոլիստներից մեծ մասի պարագայում: Այնքան ակնառու և շարունակական է դա եղել, որ Ռաուլի ու Կասիլիասի նման վարպետների պարկեշտ պահվածքն արտառոց է թվացել համընդհանուր մթնոլորտում: Պատճառը, ըստ իս, ոչ այնքան դպրոցների մեջ է, որքան կենսադավանանքի. մեկի հիմքում բարության սկզբունքն է, մյուսում՝ «նպատակն արդարացնում է միջոցները» եսակենտրոն դրույթը: Համեմատեք մեկմեկու հետ, զորօրինակ՝ Մեսսին և Ռոնալդուին, Պույոլին /այլևս չի խաղում/ ու Պեպեին, Ինիեստային ու Ռամոսին: Առաջինները՝ խաաղաբարո, օրինակելի, երկրորդները... Չխորանամ:

Հեռուստամեկնաբանների ծեծկած արտահայտությունից օգտվեմ՝ վերադառնանաք Հայաստան: Շա՜տ կկամենայի, որ մենք այնպիսի թիմեր ունենայինք, որոնց խաղը դիտելու համար այցը մարզադաշտ գերադասեինք եթերից, այլոց խաղով գերվելու փոխարեն անձկայինք մերոնցը, ինչպես էր «Արարատի» լավագույն շրջանում: Բայց քանի դեռ բնակչության թվով հանրապետության երրորդ քաղաքը հայաստանյան առաջնությունում թիմ չունի, Վանաձորի մարզադաշտի տրիբունաներում խոտ է աճում, քանի դեռ գերատեսչությունն ի պաշտոնե տնօրինում, ոլորտը համակարգում է նույն բիրտ անձնավորությունը, ով Թուրքիայի դեմ խաղից առաջ մեր հավաքականի տարբերանշանից հանեց Մասիսները, մենք գրավիչ ֆուտբոլ չենք ունենա: Թե ազգային, թե մինչև 17, 19 ու 21 տարեկանների հավաքականները, ակումբային թիմերը ամոթալի կձախողվեն միջազգային մրցաշարերում: Եվ վերջերս նրա արած հայտարությունը, թե հավաքականը վերջին խաղը դիտմամբ է տանուլ տվել, անհիմն, ընդամենը փրփուրից բռնվելու փորձ է: ՈՒ քանի որ իրականությունը տխուր է, մնում է մխիթարվել Մխիթարյանի խաղով ու նրա Դորտմունդի «Բորուսիայով»: Ի դեպ, սա ևս վկայություն է, որ ֆուտբոլը, սպորտն ընդհանրապես միաժամանակ քաղաքականություն է, այլապես հայությունն ինչու՞ պիտի տարվեր գերմանական ինչ-որ թիմի խաղով, տրտմեր, երբ նա պարտվում է: Չմոռանամ «Բարսային» համակրելու մի պատճառ ևս. յոթանասունականներին նրա գույները քսանութ խաղում պաշտպանել է նաև հայազգի Ալֆրեդո Քեշիշյանը: Լինելով կենտրոնական պաշտպան՝ ուրուգվայահայը խփել է երկու գնդակ:
     Այս ամենից հետո ինչ-որ առումով քաղքենիություն չէ՞, երբ ոմանք քամահրանքով են վերաբերվում ֆուտբոլով հետաքրքրվողներին, իբր, իրենք արվեստասեր, մշակութասեր ու չգիտեմ էլի ինչասեր են, իսկ մնացյալը՝ ստոր հույզերի տուրք տվող...

Փաստ է, այսօր մեկ առաջնակարգ թիմ, մեկ բարձրակարգ մարզիկ /ֆուտբոլիստը՝ մասնավորապես/ շատ ավելի ճանաչում կարող է բերել ազգին, ժողովրդին, երկրին, պետությանը, քան երգահանը, գրողը, գիտնականը: ՈՒ՜ր էր, թե Լեոնել Մեսսին ազգությամբ հայ լիներ, չսփոփվեի նրանով, որ գոնե արգենտինացի է, իսկ Արգենտինայում հայեր կան, երկիրն էլ ընդունել է մեր ցեղասպանվելը:

Եվ չմեծամտենք, իբր, հայը ջանասեր է, տաղանդավոր, այլ միջավայրում կարողանում է իրեն փայլուն դրսևորել, միայն հայրենիքում է, որ... Մեծիմասամբ ծույլ ենք, ծույլ թե դրսում ու թե ներսում: Եթե այդպես չէ, որտե՞ղ են արտերկրում ապրող միլիոնավոր հայերի զավակները, ինչու՞ մեծ ֆուտբոլի կանաչ դաշտերում նրանց աճպարարության հասնող գնդակախաղից չեն խենթանում մարդիկ: Ե՞րբ, երբ պետք է հայկական ազգանվամբ, անվամբ ռոնալդինիոներ ու մեսսիներ ծնվեն...

Արամ Հովհաննիսյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4659 | 0 | 0
Facebook