Loading...

Articles

ՄԵՐ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՀՆԱՐԱՄԻՏ ՄԱՐԿԸ

14:18, Saturday, 01 August, 2015
ՄԵՐ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՀՆԱՐԱՄԻՏ ՄԱՐԿԸ

Քիչ է պատահում, որ բոլորովին օտար մարդուն, որին գուցեև միայն հեռուստաէկրանից ես ճանաչում, սիրես հարազատիդ պես` նրա ուրախությամբ ուրախանաս, տխրությամբ` տխրես, ծննդյան տոնակատարությանը ներկա չլինես, բայց մտովի բաժակ բարձրացնես նրա համար: Մեկ ամիս անց Մարկ Սաղաթելյանը կդառնար 42 տարեկան, բայց... այդ օրը բարձրացված բաժակներից և ոչ մեկը նրա բաժակին դիպչելով չզնգաց: Այդ հումորով ու կյանքով լեցուն մարդն արագ ապրեց, ստեղծագործեց, շտապեց սիրել ու սիրվել հարազատների ու հանդիսատեսի կողմից, այնքան ծափողջույն ու ջերմություն ստացավ, որ բավական էր մեկ ուրիշին ամբողջ կյանքում, բայց... նրան դեռ շատ պիտի ծափահարեին, բայց…


    

Մարկին ու նրա ընկերներին հայ ու ոչ միայն հայ հանդիսատեսը ճանաչեց դեռևս 90-ականներին, երբ հայկական ՈւՀԱ-ի թիմը բարձրացավ բեմ ու միայն իրեն հատուկ սուր հումորով պայթեցրեց դահլիճը: Ուրախների ու հնարամիտների շարքերում ամենաաչքիընկնողներից մեկն էլ նա էր` Մարկը: Այն նույն երիտասարդը, ով համարձակվեց ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում նմանակել Միխայիլ Գորբաչովին։ Դա այն դերն էր, որը ոչ միայն ճանաչում բերեց նրան, այլև թույլ տվեց իրականացնել շատ այլ համարձակ նախագծեր։

Ակումբն արդեն իր առաքելությունն իրականացրել էր` ՈւՀԱ-ն կրկնակի չեմպիոն էր, ասել է թե` հասնելով բարձունքին` կամ պիտի գահավիժեր, կամ մնար աներեր: Արդեն հայտնի Մարկ Սաղաթելյանը, ինչպես և թիմի անդամներից և ոչ ոք, չգահավիժեց, դարձավ առաջատար շոումեն և հեռուստահաղորդավար, ինչպես հարազատ Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

"Մեր բակը" (1996թ.), "Մեր բակը 2" (1998թ.), "Ход конём" (2013թ.) ։ Այս ֆիլմերն էլ հերթական հաջողված էջ էին նրա կենսագրության մեջ, իսկ բազմաթիվ ու բազմաժանր հեռուստանախագծերը սպասելի ու դիտարժան: "Անհանգիստ հնարամիտը" միշտ առաջնորդվում էր նոր գաղափարներով, որոնցից շատերը ցավոք մնացին թղթի վրա:


     Արամո

Մարկի հետ մեր առաջին հանդիպումը կայացավ "Մեր բակը-2" ֆիլմում, որտեղ խաղացինք երկու գեղջուկների դերերը: Հետաքրքիր համագործակցություն ստացվեց ու դարձավ ֆիլմի լավագույն, հիշվող հատվածներից: Սկզբում չգիտեի թե ինչ երգեր ենք կատարելու, հետո միայն իմացա և ուրախացա, որ ռուսական էստրադայի սիրված երգերի փոփոխված տարբերակներն են լինելու: Ձայնագրություններն աշխատանքից զվարճանքի էին վերածվում, քանի որ հումորն անպակաս էր, իմպրովիզացիան` նույնպես:

Մոտ չորս տարի առաջ էր. Մարկն առաջարկեց ձայնագրել այդ երգերի շարունակությունը: Նույն ռուսական էստրադային երգերն էին, ես զբաղվում էի երգերի, երաժշտության ընտրությամբ, ինքը` տեսքստերի վրա էր աշխատում: Այդպես ծնվեց մեր "Կայծակ" նախագիծը: Երբ "Արմենիա" հեռուստաընկերությամբ մի հարցազրույցի ժամանակ հարց տրվեց, թե ինչու հատկապես "Կայծակ" անվանեցինք սկավառակը` Մարկն ուղղակի պատասխանեց` "Դե մենք կայծակ տղերք ենք":

Մարկը ընդունակ էր ամեն տեսակ խենթության: Մեր` "Մեր բակի" գեղջկական հագուստը գնել էր ու խնամքով պահում էր իրենց տան պահարանում: Մոսկվայում մեզ հրավիրել էին մի համերգի ժամանակ ելույթ ունենալու: Հանգրվանել էինք բարձրակարգ հյուրանեցում: Ընդունարանում մեզ դիմավորեցին ինչպես վայել է նման հաստատություններին: Մարկն իր սահուն ռուսերենով ողջունեց աշխատակցուհուն, վերցրեցինք բանալիներն ու բարձրացանք մեր համարները: Քիչ անց ասաց, որ ավելի նպատակահարմար է բեմական հագուստով, պատրաստ գնալ համերգի: Համաձայնվեցի: Ու մենք վառ գույներով, լայն կոստյումներով, հաստ բեղերով, տարօրինակ գլխարկներով իջանք ցած, կրկին ողջունեցինք (այս անգամ արդեն ընդգծված ակցենտով) սպասասրահում եղած մարդկանց ու դուրս եկանք հյուրանոցից: Միայն պետք էր մեզ ուղղված հայացքները տեսնել: Ելույթից առաջ հյուրանոցում իսկական շոու իրականացրեց:

Մեր նախագիծը պետք է շարունակական բնույթ կրեր, նույնիսկ հումորային ֆիլմ ստեղծելու մտադրություն ունեինք, բայց Մարկի Մոսկվա մեկնելուց հետո ընդմիջեցինք... փաստորեն ընդհատեցինք:

Մարկը հիանալի անձնավորություն էր` կյանքով, հումորով և ինտելեկտով լեցուն: Շատ բռնկուն բնավորություն ուներ ու սիրում էր ամեն բան շատ արագ ավարտին հասցնել:

Ընկերներիցս շատերին այս տարի հրաժեշտ տվեցի, կարծես այգիս տերևաթափ է լինում:


    

Սերոբ Օհանյան

Մարկը լավ ընկեր էր: Թեև ընկերները վատը չեն լինում: Ամեն խոսքը տրամադրություն էր բարձրացնու, թեև նրան լավ իմացողները լավ գիտեն, որ այնքան էլ "թեթև խասյաթի" տեր տղա չէր: Ժամանանակ առ ժամանակ ծանր էր ու միաժամանակ շատ թեթև հումորով: Մարկի մահվան հետ իմ մեջ մի կյանք նվազեց: Մի մեծ տիեզերք հեռացավ ինձնից: Նրանում մի մեծ գունապնակ կար:

Ես ու Մարկը երկու օրվա տարբերությումբ ենք ծնվել, բայց ես միշտ ասում էի` «Մարկ ես քեզնից երկու օրով մեծ եմ, դու պետք է ինձ լսեսե: Ու մենք իրար լսում էինք: Այսօր դժվար է շատ բան խոսել նրա մասին, քանի որ ամեն բան շատ անձնական էր. մենք միասին ֆուտբոլ էինք գնում, նույնիսկ` դիսկոտեկ, թղթախաղ էինք խաղում, պարզապես զբոսնում, մեր ընտանիքներից էինք խոսում, աղջիկներից: Միասին կնոջս մոր պատրաստած խաշն ենք կերել:

Ֆուտբորլը նրահամար տարերք էր, բայց թղթախաղ խաղալ ևս սիրում էր: Ազարտ կար նրանում: Պատահական խաղեր չէր խաղում` միայն լուրջ, ինտելեկտով: Խաղալուց բռնկվում էր, ինչը մեզ մոտ երբեմն նույնիսկ ծիծաղ էր առաջացնում: Նույնիսկ բարկացած ժամանակ Մարկը բարի էր:

Մարկն իմ հարսանիքի թամադան է եղել: Այդ օրը հրապարակը փակ էր: Մարկը խնդրեց` ասելով` Մոսկվայից մարդիկ են եկել ու ցանկանում են մեր Հանրապետության հրապարակը տեսնել: Ու մտանք: Տեսախցիկը ֆիքսել էր Մարկի հայացքը` թե տեսնես ովքեր են եկել:

Միասին երբեք չաշխատեցինք: Միայն մի անգամ Մոսկվայում ռուսական հեռուստաընկերության համար սերիալ էինք նկարահանում, որում հնդիկի դեր կար: Վստահ էի, որ Մարկն այդ դերը շատ լավ կխաղա: Զանգեցի: Մի օրով եկեվ Մոսկվա, քաստինգի մասնակցեց: Հիանալի էր ստացվում: Բայց ի վերջո որոշվեց, որ հնդիկ պետք է խաղա այդ դերը: Ափսոսեցի, քանի որ հնդիկը, որ խաղաց դերը շատ «անաղուհացե էր, իսկ Մարկը հազար անգամ ավելի լավ հնդիկ էր: Չեմ ափսոսում որ չենք աշխատել, քանի որ ամեն միասին անցկացրած րոպեն միլիոն է ինձ համար: Չէ, քիչ եմ ասում… Մարկը ժպիտ բերող տղա էր:

Արմեն Պետրոսյան

Մեր` "Նոր հայեր" և իրենց` "Շարմի" տղաների միջև բավական տարիքային տարբերություն կա, ու Մարկն այն միակն էր, որ մեղմ ասած` գլուխ էր դնում մեզ հետ` փորձելով ինչ-որ բան սովորեցնել: Ու մենք փորձում էինք յուրացնել նրա ամեն ասածը: Բայց ասվածից չենթադրվի, թե խիստ ուսուցչի դեր էր ստանձնել: Օրինակ ես էլ իրեն մեքենա քշել եմ սովորեցրել ու ամեն անգամ, երբ միասին մեքենայով էինք լինում, նա հիշում էր այդ մասին:

Վերջին տարիներին, երբ Մարկը հիմնականում Մոսկվայում էր լինում, Երևանում գործ ունենալիս պարտադիր միասին էինք լինում, Մոսկվայում էլ ինքն ինձ մենակ չէր թողնում: Իր հետ աշխատելը շատ հեշտ էր: Մարկը խորհուրդ լսել գիտեր:

«Երմիե-ի 20 ամյակին Մարկը Մոսկվայից բերել էր բոլորովին այլ` ոչ այն կոստյումը, որով հայկական թիմին ճանաչում էր ամբողջ «ԿՎՆեասեր հասարակությունը: Ամբողջ խմբում միայն ինքն էր այլ կոստյումով: Այդ օրը Մարկը երկար տեքստ ուներ ներկայացնելու, ելույթից առաջ մոտեցավ ու խնդրեց միասին կարդալ: Որոշ փոփոխություններ մտցրեցինք: Սկզբում մի փոքր թերահավատությամբ էր մոտենում փոփոխությանը, կասկածում էր, ուզում էր, որ բուռն ընդունելության արժանանար ելույթը: Ես այսօրվա երևանյան հանդիսատեսին մի քիչ ավելի եմ ճանաչում և պատկերացրեք` ամենալավն ընդունվեցին հենց փոխված հատվածները:

Մարկի կյանքը շատ ներդաշնակ էր. հաջողություններ սիրելի աշխատանքում, սեր ու ներդաշնակություն ընտանիքում: Հարսանիքին, որ միայն վերջերս էր տեղի ունեցել, ինքն ու Նունեն արդեն երիտասարդ չէին, ամուսնանում էին երկու հասնուն մարդիկ, բայց, չնայած տարիքներին, թվում էր ամուսնանում են տասնութ տարեկան, պատանեկան տարիքից նոր դուրս եկած սիրահարներ:

Լինելով մասնագիտությամբ բժիշկ` Մարկը շատ «պանիկյորե էր: Խիստ էր վերաբերվում հատկապես առողջությանը վերաբերող հարցերին: Այդ տագնապը հատկապես շատ էր զգացվում ավտովթարից հետո: Բայց ահա հետը կատարված դժբախտությունից մի քանի ժամ առաջ, երբ նոր էր իմացել հիվանդության մասին, դարձել էր ավելի հավատով լեցուն. «Լավանամ` տեսեք ինչեր եմ անելուե: Ավելի վստահ էր խոսում ապագա ծրագրերի մասին` ծնունդն էր որոշել նշել, հանգստանալու պիտի գնար, մի քանի նախատեսված համերգ ուներ: Նրա այդ վիճակը մի քիչ զարմացրեց ինձ:

Մարկն ուրախ, դրական լիցքեր հաղորդող մարդ էր: Հիմա մեր կողքին չէ, բայց իր մասին խոսելիս էլի ուրախ լիցքերն անպակաս են: Շուտով նրա մասին գրված երգը պատրաստ կլինի: Հեղինակը Մարկը Բաբայանն է: Երգը տխուր չէ, տեսահոլովակն էլ դրական է ստացվում, երգելու են նրա մտերիմները: Շուտով կներկայացնենք հանդիսատեսին:

Արա Գևորգյան

Սովետական միության փլուզումից հետո կային դաժան տարիներ, կային երկրաշարժի հետևանքներ, կար պատերազմ ու կար Ուրախների և հնարամիտների մի խումբ, որն իր հաղթանակների շնորհիվ հնարավորություն էր ընձեռնում քանդված երկիրը մոխրից հանելու: Իսկ Մարկն այդ լուսավոր խմբի ամենալուսավոր անդամներից մեկն էր: Մարկի մասին միայն հպարտությամբ կարող եմ խոսել, քանի որ նա այն քչերից էր, ով իր ընկերների հետ ներկայացնում էր հայկական թիմը, որի շնորհիվ մեր ժողովուրդը հպարտությամբ էր լցվում այն օրերին, երբ մենք հպարտանալու և ուրախանալու որևէ առիթ չունեինք:

Մարկի վերջին տարիների աշխատանքները ևս անմոռանալի են, անկրկնելի են նրա հմուտ խոսքը, կերտած կերպարները, որ մեծ ուրախություն էին պարգևում հեռուստադիտողին: Ում գոնե ժպիտ չի պարգևել արցախցի տատիկի կերպարը: Շատ եմ ափսոսում, որ այսօր նա մեր կողքին չէ: Ես ու Մարկը, ինչպես «Շարմե ընկերության բոլոր մյուս տղաները կապված ենք բարեկամական, բարի կամեցողական, ջերմ կապերով: Երբ ամեն Նոր տարվա առթիվ «Շարմե-ից շնորհավորական ուղերձ եմ ստանում, կլինի բացիկի, գինու, թե քաղցրավենիքի տեսքով, զգում եմ տղաներից յուրաքանչյուրի, այդ թվում` սիրելի ընկերոջս` Մարկի շունչն ու բարեմաղթանքը, վստահ եմ, որ դրանում բոլոր տղաների սիրտն ու հոգին է դրված:

Նյութը տպագրվել է 2013թ. ՆԱՆԵ ամսագրում

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7183 | 0 | 0
Facebook