Loading...

Articles

Մանկությանս հուշերից. Գազի վթարայինի տեսուչն ու «չկրթված» պապիկը

05:08, Monday, 30 March, 2015
Մանկությանս հուշերից. Գազի վթարայինի տեսուչն ու «չկրթված» պապիկը

Փոքր էի, դպրոցի տարրական դասարաններից մեկում էի սովորում: Հայրիկիս պապիկը դեռ ողջ էր, ծեր, խիստ դիմագծերով, մանր ու շատ խելացի աչքերով, քչախոս մի մարդ էր նա: Նրա չափ շատ գրքեր կարդացած մարդու թերևս մինչև հիմա չեմ էլ հանդիպել: Նախկինում մեր դպրոցի տնօրենն էր, հետո, մասնակցելով Հայրենական պատերազմին, վիրավորվել էր աջ ձեռքից:

Մի օր մեր տուն է գալիս հայրիկիս ծանոթներից մեկը՝ գազի վթարային ծառայության տեսուչներից մեկի հետ: Բարևելուց, ներկայանալուց հետո տեսուչը ասում է, որ պետք է տեղեկանք կազմվի իր այցի վերաբերյալ, իսկ տեղեկանքը լրացնելու է ծեր պապիկս:
     -Հայրիկ ջան, գրել-կարդալ գիտե՞ք: Քանի՞ տարի եք սովորել: Գոնե տարրականն ավարտել եք չէ՞, - հարցրեց տեսուչը:
     Բոլորս քարացանք. նման հարց և այն էլ նման մարդու՜:
     -Տղաս, եթե դպրոցական տարիների հետ միասին հաշվենք տեխնիկումի և համալսարանի տարիները, ապա միասին՝ 17, - հանգիստ տոնով պատասխանեց պապիկս:
     Սառը քրտինքը պատեց տեսուչի ճակատը: Նա նորից հարցրեց.
     -Հայրիկ ջան, այս թղթի վրա տողեր չկան, կարո՞ղ եք ուղիղ գրել:
     Պապիկիս դրական պատասխանից հետո սկսեցին: Պապիկս գրում էր ձախ ձեռքով, քանի որ, ինչպես նշեցի, աջը վիրավորված էր և դժվարությամբ էր շարժվում:
     -Այսպիսով, -սկսեց տեսուչը, - գրեք այսպես: Մեր տուն եկան պաժառնիի աշխատողները...
     Պապիկս ընդհատեց.
     -Իսկ միգուցե գրեմ հրշեջ ծառայությա՞ն:
     Հայոց լեզվի մասնագետը միայն կարող էր նման սառնությամբ պատասխանել: Այդ պահից սկսեցի խղճալ տեսուչին: Վերջինս անչափ շփոթվեց պապիկիս կծու հարցադրումից:
     -Հա՛, հա՛, հենց այդպես էլ գրե՛ք: Շարունակե՛ք այսպես: ... Եվ նայեցին մեր տան տրուբաները:
     -Իսկ միգուցե գրեմ խողովակնե՞րը, - նորից սառնորեն ավելացրեց պապիկս:
     Այստեղ տեսուչը արդեն իր տեղը չէր գտնում: Շատ վատ վիճակում էր նաև նրան մեր տուն ուղեկցած ծանոթը... նա նման ընթացք չէր ակնկալում: Ի վերջո ավարտվեց այդ լարված ու ծիծաղելի իրավիճակը. տեղեկանքը պատրաստ էր: Խեղճ տեսուչը ամոթից շրթունքները կծելով ու գլխիկոր «Շնորհակալություն» մրմնջաց: Անգամ հրաժարվեց սուրճից և իրեն ուղեկցողի հետ տանից կարելի է ասել գլխապատառ փախավ դեպի դուրս:

Ես դեռ երկար կհիշեմ նրան՝ պապիկիս, որից այնքան շատ բան հասցրեցի սովորել նրան ճանաչածս այդքան կարճ ժամանակամիջոցում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3863 | 0 | 0
Facebook