Loading...

Articles

Ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան

23:07, Thursday, 12 February, 2015
Ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան
     ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
     ՀՀԿ խորհրդի նիստում.
    

«Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբող­ջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կու­սակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիս­տում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաև խորհրդի անդամների կար­ծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելույթ չեն ունենալու:
     Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստի­տուտ է, և մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռ­նություններին, հայտարարու­թյուններին կամ ելույթ­ներին մենք վերա­բերվել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար և քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ:
     Ժամանակի ընթացքում, սակայն, մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտ­ների հետ կապված չէ, որ իմաստ ունի: Մենք հասկացանք, որ քաղա­քական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ միանգամից աղճատվում և խեղկատա­կության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտվում է տարրական տրամաբանության և իրականության զգացո­ղության բացա­կա­յության գործելաոճը:
     Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձա­գանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձա­նագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդ­րադարձ չեղավ այդ ելույթին: Առաջին հայացքից սա տարա­կուսանք կարող է առա­ջաց­նել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում:
     Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմա­կիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հաս­կացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բա­ցատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերա­ցիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր:
     Լավ, բա մինչև ե՞րբ պետք է շարու­նակենք այսպես: Պարզ է չէ՞, որ այս ամենը հասկանում են բոլորը, պարզ է չէ՞, որ այս ամենը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել քննության առնել հնչեցված մտքերը, որոնք գիտակցված չեն արտասանվում: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ահա թե ինչու չհնչեցին և չեն հնչում դիտարկումներ ելույթի վերաբերյալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձևավորել:
     Հարգելի՛ գործընկերներ,
     Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերա­դարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զար­գացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն:
     Անշուշտ, շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահ­մանադրական բարե­փոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Բայց մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմա­նադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանդրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշա­նակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսո­լիդացիա՝ համախմբում, ունե­նա­լու և դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպա­սար­կողները սկսեցին կոչել հետքայլ:
     Սահմանադրական բարեփոխումները մարդկանց և քաղա­քական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են: Նոր Սահմանադրությունը կոչված պիտի լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու և բալանսավորելու՝ հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպա­նության մակարդակը, ավելացնելու կայացվող որո­շումների վրա հասա­րակության ազդեցության հնարավո­րությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը և այլն: Սահմանադ­րական բարեփոխումներն ի վերջո կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը և, դրանով պայմանավորված, նրանց պատասխանատվության սահման­ները:
     Կարևորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփո­խում­ները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխա­նության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն:
     Եթե իշխա­նության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամաս­նության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը և կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ և ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երե­խաների ապագան և անվտանգու­թյունը, Հայաս­տանի տեղը արդի աշ­խարհում և մեր առջև ծառացած մար­տա­հրավերները, սո­ցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա ար­տաքին միջավայրից եկող ահագնացող ճնշում­ները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պե­տությունից, հասա­րակությունից, սոցիոլո­գիայից ու քաղա­քակա­նու­թյունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ:
     Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
     Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են: Դրանք են, որ ի տարբերություն ներկա իրակա­նության, պետք է ամրագրեն երկրում իշխա­նության անցնցում փոփո­խության իրավական նախադրյալները: Դրանք են, որ կարող են հնա­րավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտա­պես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթաց­ներին: Նույն «Բարգավաճ Հայաս­տան» կուսակցությունում կան հայրե­նասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրա­վերներին դիմա­կայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիր­ները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք:
     Բայց ունենք այն, ինչ ունենք: Քա­ղաքական լուրջ գործըն­թացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղա­քականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ: Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշում­ներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գոր­ծիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել:
     Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեո­դալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկա­մտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամա­նակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր ժո­ղովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշ­տում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից:
     Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքա­կան գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակու­թյուններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղ­ղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրա­քանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկեր­ներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչ­ների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են:
     Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծա­ռուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստա­հաբար նրա շրջա­պատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդի­սանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդա­րանական վեհա­ժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատ­գամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատ­գամավորների, հարցերը: Այո՛, պատկե­րացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմու­թյունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:
     Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
     Սիրելի՛ հանրապետականներ,
     Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրու­թյունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համ­բերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղու­թյուն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողու­թյունները պար­զունա­կության աստի­ճանի հասցրած ներկա­յացնել, և ինչ-որ բան չի ստաց­վել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտ­պանել շատերին, բայց չեմ նկա­տել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղա­քական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:
     Հարգելի ներկանե՛ր, բոլորդ իմ հավատարիմ թիմա­կիցներն եք: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քա­ղա­քական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովա­նավորելու, ավելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:
     Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:
     Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:
     1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաս­տանի Հանրապետության Ազգային անվտան­գության խորհրդի անդամի կար­գավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մար­մինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:
     2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պա­տաս­խանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրա­վունքների հա­մար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
     3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգ­­ված լուրերը չմուծված մի­լիար­դավոր դրամ հար­կերի, տա­րեցների կենսաթոշակներից ու երի­տա­սարդների կրթվելու իրա­վունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարե­գործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձ­նա­րարել համա­պատասխան մարմիններին մինչև վերջ ու ման­րա­մասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բո­լորին:
     4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիո­նալ կերպով քողարկելու մեխա­նիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրա­վիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ հա­մապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
     Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծա­ռուկյան քա­ղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաս­տանի Հանրապետության քաղաքացի և գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
1
10285 | 2 | 1
Facebook