Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ թիմը հանդիպեց Զեյթունի բնակիչների հետ

22:19, երեքշաբթի, 23 ապրիլի, 2013 թ.
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ թիմը հանդիպեց Զեյթունի բնակիչների հետ

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ թիմը հանդիպեց Զեյթունի բնակիչների հետ: ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ավագանու ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը թվարկեց ԲՀԿ-ի ծրագրերի մի մասը, որոնք իրենք իրականացնելու են քաղաքային իշխանության գալու դեպքում:

Գուրգեն Արսենյանը նշեց, որ եթե իրենք քաղաքային իշխանության գան, ապա քաղաքացիները գազի ներտնային սպասարկման վճարը չեն վճարի, չնայած ծառայությունը շարունակելու է գործել: Նա հայտնեց նաև, որ ԲՀԿ-ը մանկապարտեզների թիվը ավելացնելու է և ամեն մի վարչական շրջանում նոր մանկապարտեզ է կառուցվելու և շահագործման հանձնվելու: «Այն իշխանությունները, որոնք չեն մտածում փոքր երեխաների մասին, իրենք ոչնչի մասին չեն մտածում», - ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև թոշակառուներին և հայտնեց, որ ԲՀԿ-ն չի մոռացել այն մարդկանց, ովքեր կառուցել են այս քաղաքը, և խոստացավ` քաղաքային իշխանության գալուց հետո թոշակառուները հասարակական տրանսպորտից և մետրոյից անվճար են օգտվելու:

Խոսելով կոմունալ վճարների հետ քաղաքացիների հաճախ անհամաձայնության մասին` Գուրգեն Արսենյանն ասաց, որ իրենց իշխանության գալուց հետո քաղաքապետարանում ծառայություն է ստեղծվելու, որը զբաղվելու է քաղաքացու շահերի պաշտպանությամբ: Մասնավորապես` ստուգվելու է, թե ինչ որակի գազ է ստանում քաղաքացին, և արդյոք քաղաքացուն ներկայացված հաշվի դիմաց այդքան գազ մատակարարվել է, թե ոչ:

«Քաղաքը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, եթե քաղաքը չի պաշտպանում, ապա քաղաքացին էլ իր քաղաքը չի պաշտպանում, դա փոխադարձ է: Մենք վերածվել ենք մեզ շահագործելու օբյեկտի, ինչիարդյունքում ոչ թե քաղաքն է շահում, այլ որոշ խմբեր շատ արագ հարստանում են: Մենք աշխատելու, նոր բան ստեղծելու կողմնակից ենք», -ասաց Գուրգեն Արսենյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ համայնատիրությունների աշխատանքներին: «Համայնատիրությունները վերածվել են խարդախների, ժուլիկների մի մաֆիայի, որի նպատակը երևանցուն կեղեքելն է: Շատ ցիվիլ ինստիտուտ ներդրվեց` մեկ պատուհանի ինստիտուտը։ Եթե կա մեկ քաղաքացի, ով կասի, որ ինքը մտել է նոտար, կադաստր, քաղաքապետարան և մեկ այցով կարողացել է այդ խնդիրը լուծել, ապա այդ քաղաքացու անունը կգրենք Գինեսի գրքում: Բացի այդ, երևանցու նկատմամբ նվաստացումներ, անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ամեն մի կոֆե եփողի կողմից, ով չի հասկանում, որ իր պարտականությունը քաղաքացուն ծառայելն է», -ասաց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը քաղաքացիներին խոստացավ, որ իրենց հաղթելու դեպքումքաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության օր կլինի, և քաղաքապետը հաճախ կհանդիպի քաղաքացիներին, կլսի նրանց խնդիրները:

Այսպիսով զեյթունցիները ԲՀԿ-ին դիմեցին իրենց անհանգստացնող խնդիրներով, իսկ ԲՀԿ թիմը կոչ արեց մայիսի 5-ին գնալ ընտրության և վստահության քվեն տալ ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն գիտի այդ խնդիրները և պատրաստ է դրանք լուծել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2814 | 0 | 0
Facebook