Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե ինչպես են կոտրվում սոցիալական ցանցերի գաղտնաբառերը. պարզաբանում է ոստիկանությունը

15:30, երկուշաբթի, 15 ապրիլի, 2013 թ.
Թե ինչպես են կոտրվում սոցիալական ցանցերի գաղտնաբառերը. պարզաբանում է ոստիկանությունը
     ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յասչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարեցտարի զարգանում են սոցիալական և այլ ցանցերում համակարգչային խարդախությունների դեպքերը:
    
     Նա նշեց, որ տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն անընդհատ բարեփոխումների է ենթարկվում: Ա. Յասչյանն ասաց, որ հարուցվել է քսաներկու քրեական գործ՝ սկսած սոցիալական ցանցերում անձանց անկետաները գողանալուց՝ վերջացրած համակարգչային լուրջ խարդախություններից։ «Վերջին տարիներին շորթումների աճ է գրանցվել: Օրինակ՝ անհայտ անձը սոցցանցում կեղծանվան միջոցով պահանջել է երկու հարյուր հազար դրամ մի կնոջից, և եթե նա չվճարեր, ապա իր ամուսնուն կպատմեր, որ իր կինը շատ վատ վարքագիծ է դրսևորում: Հետագայում պարզ դարձավ որ այդ անձը այս պահին իր պատիժն էր կրում «Հրազդան» ՔԿՀ-ում:
    
     Կան նաև համակարգչային այլ հանցագործություններ: Օրինակ՝ այսօր Հայստանում բազմաթիվ գործարարներ գործնական նամակագրություն են վարում արտերկրի իրենց գործընկերների հետ. անհայտ անձինք միջամտելով որսում են նամակները, փոփոխության են ենթարկում և ուղարկում այդ մյուսին, նմանատիպ դեպքեր շատ են գրանցվել՝ ընդհուպ մինչև հարյուր երեսունչորս հազար ԱՄՆ դոլարին համարժեք վնաս», - ասաց նա:
    
     Բանախոսը խորհուրդ տվեց, որ այս դեպքերում անհրաժեշտ է ուշադիր լինել և անվստահելի ռեսուրսներից չօգտվել, «անհրաժեշտ է, բացի նամակագրությունից, գործընկերոջ հետ նաև հեռախոսակապ պահպանել»:
    
     Անդրեյ Յասչյանն անդրադարձավ նաև այն դեպքերին, երբ քաղաքացիներն իրենց են դիմում, որովհետև սոցիալական ցանցերում գողացել են իրենց նկարները և այլ հաշիվներ բացել՝ այլ կերպ ասած իրենց արատավորել են և զրպարտել: Նա այս կապակցությամբ հայտարարեց, որ զրպարտումն ու արատավորումը Քրեական օրենսգրքից հանվել և տեղափոխվել է քաղաքացիաիրավական դաշտ:
    
     Այն հարցին, թե համեմատած նախորդ հինգ տարիների հետ՝ նմանատիպ դեպքերի շա՞տ կտրուկ աճ է գրանցվում թե ոչ, Ա. Յասչյանը պատասխանեց. «Զգալի աճ նկատվում է, որովհետև հինգ տարի առաջ նմանատիպ բողոքներ շատ հազվադեպ էին լինում կամ ընդհանրապես չէին լինում»:
    
     Իսկ ինչ վերաբերում է նրան, որ շատ հաճախ կոտրում են էլեկտրոնային հասցեի կամ սոցիալական որևէ կայքի գաղտնաբառը, ապա բանախոսը խորհուրդ տվեց նախ՝ ընտրել դժվար գաղտնաբառ՝ ցանկալի է անձնական տվյալներ չպարունակող, ապա հավելեց, որ շատ հաճախ կոտրում են ոչ թե գաղտնաբառը, այլ անհայտ անձինք ստեղծում տվյալ մարդու հաշվի նմանօրինակը և «քեզ հավատացնում թե դա հենց քոնն է, և երբ դու հավաքում ես գաղտնաբառդ, նրանց մոտ դա արդեն ֆիքսվում է»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8603 | 2 | 0
Facebook