ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր անցկացվել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության մարզերից ու Երեւանից:
Կրթության եւ գիտության նախարարի հրամանով ստեղծվել են մրցութային հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը` նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթինը` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:
Մրցույթների ամփոփումից հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն` «Տարվա լավագույն ուսուցչը «Տարվա լավագույն դաստիարակը» եւ «Տարվա լավագույն տնօրենը» կպարգեւատրվեն ՀՀ վարչապետի կողմից:
http://armtimes.com