Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական օգնությունն Արցախին

16:12, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Հերթական օգնությունն Արցախին
    
Հերթական անգամ անվադողերի լարված հավաքում այստեղից, այնտեղից և ամեն տեղից… Ասել է, թե ողջ Հայաստանի տարածքով մեկ…
Հերթական անգամ համապատասխան մեքենաների հռնդյուն…
Եվ հերթական նույն ճանապարհը…
Իսկ այդ ճանպարհը տանում է Արցախ՝ այս անգամ Արցախի մեկ այլ N զորամաս:
Կրկին քրտնաջան աշխատանք, կրկին լարվսծ բեռնում, կրկին սրտատրոփ սպասում, որ անփորձանք տեղ հասնեն մեր մեքենաները:
Ու այս ամենը մեկ նպատակ ունի՝ որ ամուր լինեն հայրենի սահմանները և հայ զինվորն անձեռնամխելի լինի իր սահմանին նենգադավ օտարի կողմից…
Եվ այս ամենը մեկ մարդու շնորհիվ, մեկ անկոտրում անհատի կամքի ուժի շնորհիվ, այս ամենի հետևում կանգնած է մի ՄԱՐԴ, մարդ բառի բուն իմաստով՝ Ժորա Աբգարյանը:
Արդեն նրա անունն իսկ լսելիս շատերը հիացական ժպտացին… Վստահ եմ և առավել, քան համոզված: Այո՛, բոլորն են ծանոթ այս երիտասարդին, քչերը կան, որ չգիտեն նրան, իսկ ով էլ չգիտի՝ նրա այս պարզ, մաքուր, անաղարտ, ջինջ ու զուլալ արարքից միանգամից կճանաչեն նրա ով լինելը:
Ժորան այն եզակի անհատներից է, որ երբեք չի թուլանում, չի կոտրվում, չի ընկճվում, ցավը նրան ավելի է կոփել ու դարձրել աներեր, հուժկու, տոկուն և խրոխտ:
Մարդը մի այնպիսի էակ է, որ կամա, թե ակամա ցավից, հատկապես հոգեկան ցավից, թուլանում է, կոտրվում, ընկճվում: Սակայն այդպես չէ մեր Ժորայի պարագայում:
Կարծես նա աշխարհ է եկել մարդկությանը հակառակն ապացուցելու, կարծես նպատակ ունի այդ կարծրատիպը կոտրելու և մարդկանց կոչ անելու, որ ո՛չ, մարդի՛կ, չթուլանա՛ք, ավելի՛ ամրացեք և հասե՛ք ձեր նպատկին…
Այո՛, միանում եմ քո այս լուռ, բայց խոսուն կոչին սիրելի Ժորա և ինքս էլ քո գործը հավելում իմ խոսքով.

    
Տառապանքից չեն մեռնում, չէ,
Այլ ավելի են ամրանում,
Ապաքինված սիրտը հետո
Գալիք ցավը հեշտ է տանում:

    
Եվ ես էլ իմ հերթին հիացած մեր Ժորայի ամուր կամքով, եռանդուն գործելակերպով և իր գործը հստակ իմացող վարպետի իմաստությամբ՝ բառեր չեմ գտնում նրա մասին իմ հիացմունքն արտահայտելու, բայց և լռել անզոր էի:
Ու ամեն անգամ լսելով և ականատեսը լինելով այս գործի շարունակելիութան՝ ապշում եմ այս հրաշք երիտասարդի մեծ ու անծայր ոգով:
Ժորա ջան, քո գործի դու մեծ ջատագով թվացյալ ճարտար լեզուս ու բեղուն թվացող գրիչս անզոր են քո արդյունավետ արարքը լուսաբանելու: Կարծես բառեր չկան, եղածն էլ աղքատիկ է ու քիչ…
Պարզապես ասում եմ՝ բռա՛վո հայ ազգի անկոտրում հայորդի… Հպարտանում եմ քեզանով և Խոնարհվում քո առաջ, քո այս անվեհեր քայլի առաջ, որ հստակ վստա՛հ եմ՝ դեռ շարունակելի է…

    
Հոգեբան՝ Մարինե Մանուկյան

    
24.09.2018 թ.
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4766 | 0 | 0
Facebook