Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծննդավայր ասելով՝ միշտ պատկերացնում եմ մի փոքրիկ բերդակ

18:37, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ծննդավայր ասելով՝ միշտ պատկերացնում եմ մի փոքրիկ բերդակ
    

Ես Ծննդյան երկու օր ունեմ՝ հոկտեմբերի 15-ը և սեպտեմբերի 22-ը: Առաջինը ամրագրված է Ծննդյանս վկայականում, իսկ երկրորդը՝ մորս երկունքի ցավերում: Իրականը, անշուշտ, երկրորդն է, թեև բոլոր պաշտոնական փաստաթղթերում նշված է առաջինը: Մորս երկունքի ցավերը մեղմացնելու և ինձ Լույս աշխարհ բերելու համար մեր՝ Շամխորհէկ բանավանի բնակարանում հայերեն աղոթքներ չեն հնչել, վասնզի միակ տատմերը քրդական և զրադաշտական ծագմամբ, շատ դարեր առաջ թուրքացած մի կին էր: Նրա նախնիները վաղուց մոռացել էին Ծեր Ուղտի Տիրակալի՝ Անահիտ Մայր Դիցուհուն ուղղված գաթհաները… Մայրս նույնպես դրանք չէր հիշում, բայց, բարեբախտաբար, Մայր Դիցուհին անսում է մորս երկունքի ցավերից բխող աղերսանքին, և ես Լույս աշխարհ եմ գալիս:
     Իմ ծննդից առաջ հայրս ու մայրս Ամենափրկիչ վանք գնացել էին ուխտի, և, ըստ էության, իմ իրական մանկաբարձը Ծծեր-Կաթնաղբյուրն էր և ոչ թե Զրադաշտ- Տիրակալը ծեր ուղտի: Ինչ-որ առումով հետագայում ես ինձ մակաբարձ եմ համարել նաև Սոկրատեսի մորը կամ ավելի ճիշտ՝ Մանկաբարձուհու այն արվեստը, որին ամբողջ կյանքում հետևեց իմաստասիրության իմ առաջին Ուսուցիչը: Մինչ մայրս երկունքի ցավերի մեջ տառապում էր, հայրս իր սպասման տագնապը հագեցնում էր այգում դեղձ ուտելով/ հայրս չգիտեր, որ նման պարագայում Թոմաս Էլիոթի հերոսը կասեր. - «Արդյոք դե՞ղձ ուտեմ» /: Հետագայում հայրս միշտ հիշում էր իմ ծննդյան լուսաբացը և նշում, որ կյանքում այլևս այդպիսի համեղ դեղձեր չի ըմբոշխնել: Ես հորս առաջին արու զավակն էի, և իմ անունը վաղուց կանխորոշված էր. Մեծ Հայրենականում Մեծ զոհված քեռուս անունով ես կոչվեցի՝ Մինաս: Իմ հայրենի Նյուզգեր գյուղում Մինաս անունը բավականին տարածված էր. գրեթե բոլոր գերդաստաններն ունեին իրենց Մինասը: Անտարակույս, դա գալիս էր Սուրբ Մինասի հանդեպ ունեցած պաշտամունքից: Երբ մայրս հայացքն ուղղում էր դեպի Ամենափրկիչ և անանուն խաչքարերից մեկի բեկորների վրա մոմեր վառում, ես հիշում եմ, որ իր աղոթքների մեջ նա միշտ Սուրբ Մինասի անունն էր տալիս:
     Թեև ես չեմ հիշում այն տունը, որտեղ Լույս աշխարհ եմ եկել, բայց Ծննդավայր ասելով՝ միշտ պատկերացնում եմ մի փոքրիկ բերդակ, որին թուրքերը «Ղըզղալա» ՝ «Աղջկա բերդ» էին ասում/ իրականում բուն «Ղըզղալան» ՝գտնվում էր ավելի վերև՝ մեր գյուղի բարձունքում/: Ես հիշում եմ վայրի կակաչներով լի մի ընդարձակ դաշտ և այդ բերդակը, որի մոտ հավաքվում էինք մենք դասարանցիներով և մեկս մյուսին նորից ու նորից պատմում, թե ինչպես յոթ եղբայրներ սիրում էին մի աղջկա, և թե ինչպես այդ դաժան աղջկա հրամանով նրանք բոլորն էլ միմյանց դեմ սրամարտում զոհվում են, իսկ վերջում, նրանց դիակների վրա սրախողխող է լինում նաև չարսիրտ գեղեցկուհին, ու նրանց արյունից առաջանում են այդ վայրի կակաչները:
     Հետագայում ես իմացա, որ իմ ծննդավայրի մերձակա բնաշխարհը իր ամեն մի քարի, դաշտի, ավերված վանքի, լքյալ բնակավայրի վրա կրում էր Հայոց երբեմնի փառահեղ պատմության կնիքը: Այստեղ մեր հզոր արքայից արքան իր անունով Տիգրանակերտ քաղաք է կառուցել, Թարգմանչաց վանքում մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը դպրոց է հիմնել, «Դասնո» կամ «Հոռոմաշեն» - «Կարմիր» վանքում Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքի» առաջին էջերն է գրել… Ու երբ ինձ հարցնում են, թե Ծննդյանդդ տարեդարձին ինչ նվեր ես փափագում ունենալ, ես աներկբա միշտ նույնն եմ երազում՝մեկ անգամ ևս տեսնել իմ իրական մանկաբարձ- տատմորը Ամենափրկիչ Կաթնաղբյուր-Ծծերը…
     Մինաս Պետրոսյան


    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3948 | 0 | 0
Facebook