Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի տոնական ուղերձը.....

ԱՆի Առաքելյան
20:40, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի տոնական ուղերձը.....

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սիրելի' հայրենակիցներ,
     Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի, որ մի փոքր հետ գնայինք և արժանին մատուցեինք Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին: Վերհիշենք, թե ինչպես 1918 թվականին, վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերով բնորոշված «անձև քաոսիե միջից, մայիսյան հերոսամարտերում հերոսաբար մաքառած մեր պապերի պայքարի և թափած արյան վրա ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետություն, որի կյանքը, ցավոք, կարճ տևեց:

Ինչու՞ հիշատակեցի այս ամենը: 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը մեր ներկայիս Հանրապետությունը համարում է Հայաստանի Առաջին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների շարունակողն ու զարգացնողը:

Ցավոք, Արցախյան գոյապայքարի բովում ծնունդ առած կամ վերանկախացած Հայաստանի Հանրապետության անցած տարիները միշտ չէ, որ նշանավորվել են տնտեսական, մշակութային կամ այլ նվաճումներով, և ձեռքբերումներին և հաջողություններին երբեմն հաջորդել են ձախողումներն ու վայրընթացները, երևույթներ, որոնց պատճառները եղել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի:

Անցած 27 տարիներին մեր ժողովուրդը ապրել է մինչ օրս շարունակվող պատերազմի, երկու հարևանների կողմից կատարյալ շրջափակման պայմաններում, տեսել էներգետիկ և տնտեսական ճգնաժամի տարիներ, տեսել քաղաքացիական բախումներ, տեսել իշխանափոխություններ, որոնց պայմաններում մեր հայրենակիցներից շատերը դարձել են տարագիր, շատերը թողել են իրենց տները տնտեսական վատթար վիճակի, իսկ շատերը` տիրող անարդարությունների պատճառով:

Սիրելի հայրենակիցներ,
     Տոնական այս օրը արժևորելով մեր պետության անցած ուղին, արժանին մատուցելով անցյալի երախտավորներին` մենք շարժվում ենք առաջ: Այսօր այստեղ է հավաքված Հայաստանի անկախության սերունդը, նաև նրանք, ովքեր ապրել են խորհրդային տարիներին և մեր պետության անկախացման ականատեսն ու մասնակիցը եղել: Ավելի'ն, այսօր այստեղ ներկա գտնվողներդ ունեք մեկ այլ առանձնահատկություն ևս. անցնելով վերոնշյալ դժվարին տարիների միջով` դուք չեք հեռացել հայրենիքից, համբերել եք, տոկացել, պայքարել, սպասել և, ամենակարևորը, հավատացել եք Հայաստանի վաղվա օրվան, վաղվա լուսավոր ապագային, հավատացել եք և ամուր կանգնել ձեր հայրենի հողի վրա: Այսօր ես առանց երկմտելու հայտարարում եմ` դուք` հայրենիքում ապրողներդ եք մեր հանրապետության ամուր հիմքերը: Ապրելով և արարելով այստեղ` դուք մեր հանրապետությանը պարգևել եք այսօրվա զինվորին ու սպային, բժշկին ու ուսուցչին, ինժեներին ու գյուղատնտեսին, որոնք մեր պետության պաշտպաններն են և տնտեսության շարժիչ ուժը: Եթե չլիներ հայրենիքից չհեռանալու ձեր այդ հերոսական քայլը` հավատացեք, այսօր շատ բան այլ կերպ կլիներ, այսօր այստեղ այլ պատկեր կլիներ, միգուցե` այլ դրոշ կամ օրհներգ տեսնեինք:

Սիրելի հայրենակիցներ,
     Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առիթով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, քանի որ այսօրվա տոնը ձեր նվաճումն է: Հավատացնում եմ` միասին մեկ առ մեկ անցյալում ենք թողնելու տարիներով չլուծված խնդիրները և շուտով տոնելու ենք նաև մեր մարզի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտների նվաճումները: Հաղթանակ բոլորիս:

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5179 | 0 | 0
Facebook