Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չէ, քարը այնքան էլ քար չի, որքան մենք ենք պատկերացնում․․․․

12:16, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Չէ, քարը այնքան էլ քար չի, որքան մենք ենք պատկերացնում․․․․
     Չէ, քարը այնքան էլ քար չի, որքան մենք ենք պատկերացնում․․․․
     Երբ երեսուն տարի անց Հովսեփը գլխիկոր մոտեցավ իր տանը, գլխահակ կանգնեց փակ դռան չափից ավելի մեծ կողպեքի առաջ, ինքն էլ չիմացավ ինչպես գլորվեցին արցունքները․․․․Անցյալի մի ցավոտ ու երանելի հիշողություն նրան գամել էր գետնին․․․Ահա այստեղ, այս փակ դռնից ներս ու փակ դռնից դուրս իր ամբողջ կյանքն էր․․․․անհոգ մանկությունը․․․պատանեկությունը․․․երիտասարդությունը․․․․
     Նայում էր խարխուլ պատերին, կանաչապատ տանիքին, երկփեղկանի դռանն ու ժանգոտված կողպեքին և․․․ զարմանքից ու ցավից ուզում էր գոռալ՝ շնորհակալ եմ սպասումիդ համար․․․փուլ չգալուդ համար․․․
     Հետո․․․ինչ որ բան մտաբերելով շուռ եկավ, ամբողջ ուժով հրեց շեմին դրված սալքարը և ․․․ապշեց բանալին տեսնելով․․․
     Ժանգոտվա՜ծ բանալին․․․․
     Համարձակությունը չէր ներում վերցնել ու բացել դուռը․․․Ժանգոտված լինելը վախեցնում էր նրան․․․բայց․․․բանալին ավելի հավատարիմ գտնվեց, հեշտությամբ պտտվեց ու․․․Հովսեփի դեմքին ապտակի պես զարնվեց նամահոտը․․․
     Ներսում ամե՜ն ինչ նույնն էր․․․Ցավի ու ափսոսանքի մի ահավոր զգացողությամբ փուլ եկավ սրահում դրված փոշեպատ թախտին, գլուխը ափերի մեջ առավ ու․․․մոր գրկի մեջ եղող երեխայի պես հեկեկաց․․․
     Հիշում էր․․․գյուղում ցածր տանիքներով տների կողքին իրենց տունը օթախ էր կոչվում․․․ասում էին Հովսեփենց օթախը․․․Իսկ հիմա, նորակառույց շքեղ տների կողքին մի լքված, ցավի տակ կուչ եկած, փլվելու ահից մամռակալած հյուղակ էր դարձել ․․․
     Հիշողությունները շատ հեռու տարան նրան․․․Թիֆլիսից բերած հարսնացուն չհարմարվեց աշխարհից կտրված գյուղին․․․Շքեղ ու մաքուր քաղաքների երջանիկ հեռանկարը նրանց տարավ հայրենիքից․․․
     Սակայն․․․Հովսեփը երբեք չունեցավ իրենը․․․Իրենը այստեղ էր, այս խարխուլ պատերի, կանաչապատ տանիքի, ու նրանում եղող կենդանության մեջ էր․․․էլ չէր շնչահեղձվում՝ ինչպես հեռուներում, հիմա ազատ ՇՆՉՈ՜ՒՄ ԷՐ․․․․
     Չիմացավ ինչպես լուսացավ․․․
     -Այ տղա Հովսե՜փ, վե՜ր կաց, երկար քնեցիր․․․բարո՝վ ես եկել․․․դե ե՜լ․․․ժամանակ չունենք, օրերը կարճացել են, նորը պիտի հասցնենք կառուցել, - չէ՜, չէ՜, երազում չէր․․․
     Հարևաններն էին...եկել էին բարի ԼՈՒՅՍՈՎ, եկել էին մասնատված, փշրված հույսը քար քարի դնելով` ԱՄԲՈՂՋԱՑՆԵԼՈՒ....
    
    
    
     Սաթեն Հակոբյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2937 | 0 | 0
Facebook