Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Արաբ տիրակալն ինչպես է «չարիքը» սաղմում խեղդել

15:03, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Արաբ տիրակալն ինչպես է «չարիքը» սաղմում խեղդել

Բաղդադի խալիֆներից մեկի` ալ Մութադիդի մերձավորներից մեկը հետևյալն է պատմել իր տիրոջ կառավարման մեթոդներից մեկի մասին:


     «Մի անգամ մենք քեֆ էինք անում ալ Մութադիդի հետ, երբ ներս մտավ պալատի պաշտոնյաներից մեկն ու ասաց. «Տե'ր իմ, կտորեղենի մի վաճառականի են բերել»: Ալ Մութադիդը գնաց հարակից սենյակը, վարագույրն իջեցրեց, խալաթ հագավ, ձեռքն առավ նիզակը, վերադարձավ և զայրացած դեմք ընդունելով նստեց: Անհանգստացանք:

Շուտով մի սմքած ծերունու բերեցին, որին խալիֆը զայրացած հարցրեց. «Այդ դո՞ւ ես կտորեղեն վաճառող այն առևտրականը, որը երեկ այդպիսի խոսքեր է ասել»: Ծերունին ուշագնաց ընկավ, ու նրան դուրս տարան: Իսկ երբ ուշքի եկավ, հետ բերեցին, ու խալիֆը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս ես համարձակվել ասել, թե ոչ մեկը մահմեդականներին հոգածու չէ: Իսկ ես որտե՞ղ եմ, իսկ ես ո՞ւմ համար եմ տապակվում»:

Առևտրականը պատասխանեց. «Ուղղահավատների տիրակալ, ես մի առևտրական եմ, որը միայն կտորեղենից է հասկանում ու մեկ էլ նրանից, թե ինչպես պետք է խոսել կանանց ու հասարակ մարդկանց հետ: Ինձ մոտեցավ այն մարդը, որից ես ապրանք եմ գնում, և երբ մենք բացահայտեցինք, որ նա մեզ խաբել է, ես այդ խոսքերն ասացի` նկատի ունենալով միայն ու միայն մեր իմամին: Երդվում եմ, ես միայն նրա մասին եմ խոսել ու խոստանում եմ, որ այլևս դա չի կրկնվի»: Խալիֆն ասաց. «Մարդ ուղարկեք. թող նա նրան խիստ նկատողություն անի, որ այդ գործն աչքաթող է արել ու կարգադրի, որ նա այն կարգավորի ու այսուհետ հետևի ճանապարհորդներին ու առևտրականներին ու ստիպի, որ նրանք իրենց հավուր պատշաճի պահեն»:

Դրանից հետո խալիֆն արձակեց ծերունուն` վստահեցնելով, որ նրան ոչինչ չի սպառնում, ապա վերստացավ նախկին բարձր տրամադրությունն ու շարունակեց կերուխումը: Իսկ ես, երբ մի քիչ հարբեցի, ասացի նրան. «Տե'ր իմ, դու գիտես, որ ես շատ հետաքրքրասեր եմ», ու արտահայտվելու թույլտվություն խնդրեցի: Ստանալով այն` ասացի. «Դո'ւ, տե'ր իմ, հաճուքիդ համար խմում էիր, բայց հետո ամենը թողեցիր ու գնացիր այդ շան հետ խոսելու: Մինչդեռ նրա վրա կարող էր գոռգոռալ պահապաններից ցանկացածը, և դա լիովին բավարար կլիներ: Քեզ համար քիչ թվաց, որ այս սրիկային թույլ տվեցին կանգնել քո աչքերի առջևը, նույնիսկ հագուստդ փոխեցիր, ձեռքդ զենք առար ու անձամբ հարցաքննեցիր նրան: Եվ այդ ամենն արեցիր ինչ-որ խոսքերի համար, որոնք շատ սովորական են հասարակ մարդկանց համար: Չէ՞ որ նա այդ խոսքերում որևէ առանձնահատուկ իմաստ չէր դրել:

«Հասան, - պատասխանեց նա, - դու չես հասկանում, թե այդպիսի խոսքերն ինչի կարող են հանգեցնել: Եթե հասարակ մարդիկ սկսեն դրանք կրկնել, նրանք կհամարձակվեն դրանց վարժվել ու կհամարեն, որ դա լիովին թույլատրելի է: Իսկ այդպիսի խոսակցությունները ժողովրդի մեջ շատ հեշտությամբ դժգոհություն են սերմանում իշխանության ու իսլամի նկատմամբ ու խալիֆի դեմ ապստամբության են մղում: Այսպիսի դեպքերում լավագույն միջոցը չարիքը սաղմում խեղդելն է: Երբ այդ մարդը պալատից հեռանա, իրեն կթվա, թե այն նկատողությունը, որին ինքն արժանացավ, չափազանց կոշտ էր, ու նրա նկատմամբ ցուցաբերածս խստությունը նրա երևակայության մեջ կբազմապատկվի: Նա կսկսի շատերին պատմել մեր զգոնության մասին, ու նրանք կհասկանան, որ իրենց ոչ մի խոսքն իմ ուշադրությունից չի վրիպում, և որ նման բաներ ասող ցանկացած մարդ պատասխանատվության կենթարկվի: Եվ դա ինձ բազում հոգսերից կազատի, քանի որ այդ մարդը բոլորին կնախազգուշացնի, ու նրանք էլ խոսելիս կկշռադատեն: Չարի աղբյուրը կցամաքի, թե չէ այն կարող է տարածվել, ու այդ դեպքում շատ ջանքեր կպահանջվեն այն խափանելու համար: Իսկ հիմա այդ նախազգուշացումը բավական է»:

Ես ու բոլոր ներկաներն օրհնեցինք խալիֆին ու սկսեցինք նրան փառաբանել»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
939 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ