Google ընկերության պատմությունը
Google-ը հիմնադրվել է 1996 թվականի մարտ ամսին` Սթենֆորդի ասպիրանտներ Լարրի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից: Նրանց առաջադրանքն էր համալսարանի թվային գրադարանում անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը: Նրանք սկսել են իրենց համագործակցությունը BackRub գիտական նախագծի շրջանակներում, որը վերլուծում էր այսպես կոչված հետադարձ հղումները, այսինքն ինտերնետում տվյալ կայք բերող հղումները: Փեյջը ցանկանում էր իմանալ թե ինչ վեբ-էջեր են բերում դեպի տրված էջ, դիտարկելով այդպիսի էջերի քանակն ու տեսակը դրանցում եղած ինֆորմացիայի արժեքավորության տեսանկյունից: 1996 թվականի մարտին որոնող ծրագիրը սկսեց ինդեքսավորել համացանցում եղած էջերը: Հավաքված տվյալները էջի արժեքավորության չափի վերածելու համար Բրինն ու Փեյջը մշակեցին PageRank անունով ալգորիթմը, որն արագորեն լավ հեղինակություն ձեռք բերեց: 1997 թվի սեպտեմբերի 15-ին գրանցվեց google.com դոմենը, որը փոխարինեց google.stanford.edu-ին: 1998 թվի առաջին կեսին Լարրին ու Սերգեյը շարունակում էին համակարգի կատարելագործումը: Հսկայական տվյալների բազա հավաքելու նպատակով նրանք գնեցին մեկ տերաբայթ ընդհանուր տարողությամբ կոշտ սկավառակներ և հանրակացարանում` Լարրիի սենյակում, սկսեցին կառուցել Google-ի տվյալների առաջին պահեստը: Ներդրումներից ընդհանուր հավաքելով մեկ միլլիոն դոլլար, 1998 թվի սեպտեմբերի 4-ին (Մենլո-Պարկ, Կալիֆորնիա նահանգ) Google-ը պաշտոնապես գրանցվեց որպես ընկերություն: Ընկերության կողմից գործի վերցված առաջին աշխատակիցը եղավ Կրեյգ Սիլվերստոունը, որն ապագայում կստանձնի Google-ի տեխնոլոգիաների տնօրենի պաշտոնը: Դեռ բետա տարբերակում Google-ն օրական վերլուծում էր համարյա 10, 000 հարցում: Մամուլը սկսեց ակտիվորեն գովաբանել Google-ի աշխատանքը: 1998 թվի դեկտեմբերին PC ամսագիրը ներկայացրեց Google-ը որպես 100 լավագույն կայքերից և որոնողական համակարգերից մեկը: 1999 թվի մարտ ամսին ընկերությունը տեղափոխվեց Palo-Alto քաղաքում գտնվող University Avenue: Արագորեն աճելուց հետո ընկերությունը շենքերի համալիր է վարձակալում Mountain View-ում, այդ ժամանակ Google-ն արդեն օրը վերլուծում էր շուրջ 500, 000 հարցում: 2000 թվին Google-ը սկսեց ուղարկվող հարցման հետ առընչվող տեսքստային գովազդի ցուցադրումը: Այդ ժամանակ գովազդի գները մեկ քլիքի համար սկսվում էին 5 ցենտից: 2000 թվի վերջում Google-ն արդեն մեկ օրվա ընթացքում մշակում էր ավելի քան 100, 000, 000 հարցում: 2001 թվի հուլիսին ավելացավ համացանցում նկարների որոնման հնարավորությունը, իսկ դեկտեմբերին արդեն պատրաստ էր նկարների ընդլայնված որոնման բետա տարբերակը: Այսպես մինչ օրս էլ շարունակվում է ընկերության զարգացումը, որի նպատակն է մնում աշխարհի ամբողջ ինֆորմացիայի հասանելիության ապահովումը: |