Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեմիտներն ինչո՞ւ չեն կարողացել հզոր պետություն ստեղծել (նախորդի շարունակությունը)

20:17, կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ.
Սեմիտներն ինչո՞ւ չեն կարողացել հզոր պետություն ստեղծել (նախորդի շարունակությունը)

Մոտավորապես մ.թ.ա 450 թվականին, ի հակակշիռ մի քանի նշանավոր ու շատ հարուստ ընտանիքների, հատկապես Մագոնների ընտանիքի՝ ամբողջ իշխանությունը զավթելու հավակնությունների, մնացյալ արիստոկրատական ընտանիքները հասնում են նրան, որ ստեղծվում է 104 դատավորներից բաղկացած խորհուրդ: Սկզբում այդ խորհուրդը լիազորված էր դատել միայն թագավորներին, գերագույն գլխավոր հրամանատարին ու ավագներին՝ նրանց լիազորությունների ավարտից հետո, բայց հետո կամաց-կամաց այս խորհուրդ նրա ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը: Ավագների խորհրդի ու դատավորների ընտրությունը տեղի է ունեցել ձայների բացահայտ գնման ճանապարհով, և այդ իսկ պատճառով այդ պաշտոններին կարող էին հավակնել միայն մեծահարուստները: Միջին խավը երկրի կառավարման գործում ոչ մի դեր չի խաղացել, իսկ ստորին խավը կատարելապես իրավազուրկ է եղել: Կարթագենում դեմոկրատական ընդդիմություն միշտ էլ եղել է, բայց այն սկսել է ուժեղանալ միայն Պունիկյան պատերազմի ժամանակից, երբ մի շարք պարտություններ բացահայտում են գոյություն ունեցող կառավարման ամբողջ անպիտանիությունը: Ընդդիմության մեջ եղել են բարենորոգիչներ ու հայրենասերներ, բայց իր հիմքում այս կուսակցությունն էլ ապականված է եղել ու որևէ լուրջ բարենորոգում չի կատարել: Եթե նույնիսկ տեղի են ունեցել պետական հեղաշրջումներ, ապա այն կատարել են փողոցային տղեկները: Նրանք, իհարկե, չէին կարող ծանրակշիռ միջոցներ տրամադրել պետության լուրջ բարեփոխումների համար:

Ժամանակին Կարթագենը եղել է աշխարհի հարստագույն քաղաքը: Նրա բարեկեցության հիմքը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվելը պատվաբեր է համարվել, և նշանավոր Մագոնը նույնիսկ գյուղատնտեսության վերաբերող աշխատություն է գրել, որը հնում համարվել է ընդօրինակելի և Հռոմի սենատի որոշմամբ թարգմանվել է իտալական երկրագործների համար: Կարթագենում են մշակվել հողից առավել արդյունք ստանալու եղանակները, որոնք հետագայում յուրացրել է Հռոմը: Կարթագենում ջանադրաբար մշակվել են նաև իմացության այն ոլորտները, որոնք առնչություն են ունեցել առևտրի ու ծովագնացության հետ: Կարթագենում պետական տնտեսությունը հասել է զարգացման այնպիսի աստիճանի, որ պետական փոխառության ծրագրեր են մշակվել՝ բառի արդի իմաստով, և շրջանառության մեջ են դրվել դրամանիշեր, որոնք համապատասխանում են ներկայի պարտատոմսերին:

Պետական եկամուտները հսկայական էին, և, վարչակազմի լիակատար ծախվածության ու անբարեխաղճության պայմաններում իսկ, դրանք լիովին բավարարում էին ընթացիկ ծախսերի համար, իսկ երբ, Պյունիկյան Երկրորդ պատերազմից հետո, հռոմեացիները Կարթագենին պարտավորեցրին այդ ժամանակների համար հսկայական ռազմատուգանք (հիսուն տարի շարունակ տարեկան 340 հազար տաղանդ) վճարել՝ հույս ունենալով դրանով վերջնականապես ուժազրկել պարտված թշնամուն, կարթագենացիները ոչ միայն վճարեցին այդ գումարը առանց հավելյալ հարկեր գանձելու, այլև 14 տարի անց առաջարկեցին միանգամից վճարել մնացյալ 36 տարիների գումարը: Կարելի է ասել, որ եթե պետության խնդիրը լիներ միայն երկրի ֆինանսների կառավարումը, ապա ոչ մի տեղ և երբեք դրանք այդքան լավ չէին վճռվի, ինչպես Կարթագենում:

Իրար հետ բախման պահին և՛ Կարթագենը, և՛ Հռոմը երկրագործական ու առևտրային միանման քաղաքներ էին, բայց Հռոմում երկրագործությունը գերակշռում էր առևտրի նկատմամբ, իսկ Կարթագենում, ընդակառակն էր: Հռոմի բնակչության մեծամասնությունը սեփականատեր էր և այդ իսկ պատճառով պահպանողական էր, իսկ Կարթագենում բնակչության մի մեծ զանգված ոչինչ չուներ և այդ իսկ պատճառով հեշտությամբ էր տրվում և՛ արիստոկրատների ոսկուն, և՛ ամբոխավարների խոստումներին: Երկու պետության պետական կարգը, ըստ էության, արիստոկրատական էր, բայց հռոմեական սենատն իր մեջ ներառել էր ժողովրդի լավագույն ուժերն ու տաղանդները, հենվում էր ազգի վրա և չէր զգուշանում ականավոր մարդկանցից, որոնք էլ, իրենց հերթին, գործում էին սենատի հետ լիակատար համաձայնությամբ: Այդ պատճառով էլ Հռոմը երբեք դժբախտ պահերին վախվորած զիջումներ չէր կատարում: Իսկ Կարթագենում ամենաունակ պետական գործիչները ստիպված էիր բացահայտ պայքար մղել մայրաքաղաքի կառավարության դեմ, և այդ կառավարությունը երբեք վճռական ջանքի քաջություն չէր ունենում, բայց որի դեպքում պայմաններ էին ստեղծվում առանձին անհատների ազդեցության մեծացման համար:

Հռոմն ու Կարթագենը նաև տարբեր կերպ են կառավարել իրենց ենթակա համայնքները: Հռոմը դրանց անդամներին աստիճանաբար թույլ էր տալիս հռոմեական քաղաքացիություն ստանալ, ձեռք բերած հաջողությունների դիմաց նրանց արտոնություններ էր շնորհում, նրանց վրա մշտական պարհակներ չէր դնում: Իսկ Կարթագենն այս բոլոր հարցերում լրիվ հակառակն էր անում, և այն ժամանակ, երբ Հռոմին դաշնակից յուրաքանչյուր համայնք միայն կորուստներ կարող էր ունենալ, եթե կառավարությունը տապալվեր, որովհետև այն հոգածու էր նրանց շահերին, ապա Կարթագենի ստեղծած միությունում այնպիսի հարաբերություններ էին, որ եթե Կարթագենն ընկներ, դրանցից յուրաքանչյուրը շահելու էր:

Ֆինանսական առումով Կարթագենը, իհարկե, շատ է գերազանցել Հռոմին, բայց պատերազմ վարելու նրա եղանակը շատ ավելի թանկ է արժեցել, բացի այդ Կարթագենի եկամտի աղբյուրներն այնպիսին են եղել, որ պատերազմի ժամանակ արագ սպառվել են: Ինչ վերաբերում է հակառակորդ կողմերի զորքերին, ապա դրանց թվաքանակով Հռոմն էականորեն գերազանցել է Կարթագենին, և որ առանձնապես կարևոր է, Հռոմի բանակի զինվորները Հռոմի ստեղծած Լատինական միության քաղաքացիներ էին, իսկ կարթագենացիներն ու մյուս փյունիկեցիները, ինչպես բոլոր սեմիտները, անհաղթահարելի հակակրանք էին տածում զինվորական ծառայության նկատմամբ, և կարթագենական բանակը համալրվում էր լիբիական ու իսպանական վարձկաններով: Մարտական որակներով կարթագենական հետևազորը կարող էր հավասարվել հռոմեականին, բայց վերջինը պատրաստ էր մշտապես, և ստրոադրյալներն ու զորահրամանատարները միմյանց հետ կապված էին այն ամենով, ինչը թանկ ու սուրբ է մարդու համար, իսկ կարթագենական բանակը կարող էր ռազմական գործողությունների մեջ մտնել որոշակի ժամանակ անց ու չուներ ներքին ամուր կապեր: Իմիջիայլոց, որոշակի առումով հակառակորդների ռազմական ուժերը հավասարակշռվում էին այն հանգամանքով, որ Կարթագենի կառավարությունը պատերազմի համար միշտ պատրաստ ուներ մեծ քանակությամբ տարատեսակ պահեստավորումներ, ուներ տարատեսակ զենքեր ու մեքենաներ ու 300 մարտական փիղ, իսկ կարթագենական նավատորմը հռոմեականի համեմատ շատ ուժեղ էր: Ընդհանուր առմամբ Հռոմի և Կարթագենի ուժերը մոտավորապես հավասար էին, բայց Կարթագենը ի վերջո պարտվեց և որպես պետություն դադարեց գոյություն ունենալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5492 | 0 | 0
Facebook