Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հաջորդ ամենայն հայոց կաթողիկոս ես տեսնում եմ Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանին». նախկին միաբան

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
01:44, շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ.
«Հաջորդ ամենայն հայոց կաթողիկոս ես տեսնում եմ Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանին». նախկին միաբան

«Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ» » (Երեմ. 17: 5):
    
    

«Երկրում իրավիճակ է փոխվել» . գրեթե ամեն քայլափոխի կարդում ենք հայաստանյան մամուլի հեղափոխաշունչ էջերում: Շատ քաղաքացիներ էլ հարցնում են. «Իսկ ինչո՞ւ եկեղեցում նույնպես իրավիճակ չփոխվի»: Իհարկե, միանգամայն տրամաբանական է այս հարցադրումը, եթե նկատի առնենք, որ առողջ հասարակություն կարող ենք ունենալ առողջ եկեղեցու առկայության դեպքում: Եվ հակառակը՝ առողջ հոգևորականներ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ առողջ հասարակություն: Այս երկուսը սերտորեն փոխկապակցված են իրար հետ, քանի որ եկեղեցին պետք է հոգևոր դաստիարակություն ջամբի հասարակությանը, որպեսզի հետագայում այդ առողջ հասարակությունից ծնվի ապագա առողջ հոգևորականների փաղանգը:

Այս առնչությամբ մեջբերեմ տարիներ առաջ կայքերից մեկին տված իմ հարցազրույցից մի հատված. «Հասարակական բոլոր ախտերը ծնվում են հոգևոր կյանքի, քրիստոնեական դաստիարակության, կրոնական մտածելակերպի բացակայությունից: Եթե հասարակությունը բարոյապես այնքան էլ առողջ չէ, ինչպե՞ս եք պատկերացնում առողջ հոգևորականություն: Հոգևորականը հո երկնքից չի՞ իջնում. նա այդ հասարակության մի մասնիկն է: Եվ ինչպիսին ժողովուրդն է, նրան արժանի էլ իր առաջնորդներն են լինում, որովհետև այդ առաջնորդներն էլ ծնվում են տվյալ ժողովրդից: Ուրեմն, որպեսզի ունենանք լավ ուսուցիչ, լավ բժիշկ, լավ գիտնական, լավ դատավոր, լավ հոգևորական, պետք է ապահովենք առողջ սերունդ, առողջ թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Իսկ բարոյականության աղբուրը Աստված է, Աստծուն ճանաչում ենք Իր Խոսքի միջոցով, Աստծու Խոսքը բացատրելուն և մատակարարելուն կոչված են հոգևորականները, որոնք կերտվում են եկեղեցում, եկեղեցու շնչառությունն էլ վանականությունն է: Սա է իրականությունը, ես այլ կերպ չեմ պատկերացնում»:

Նոր Հայաստանում արժան և իրավ է տեսնել նոր հայրապետ, ով իր քրիստոսակենտրոն առաքելությամբ համահունչ կլինի նոր իշխանությունների պետականամետ գործելաոճին: Մինչ օրս հին Հայաստանի նախկին իշխանությունները զբաղված են եղել առավելաբար երկրի թալանով, բնակչության կողոպուտով, սեփական հարստացմամբ՝ վարելով անարդարությունների, կաշառակերության, կեղծարարության, ապօրինությունների գնով բռնապետական համակարգ ստեղծելու քաղաքականություն: Թվում էր՝ եկեղեցին պետք է անմասն մնար պետական պաշտոնյաների կեղտոտ խաղերից, բայց ինչպե՞ս դա կարող էր պատահել, եթե եկեղեցու գահակալը՝ ամենայն հայոց կաթողիկոսը, կոռումպացված իշխանությունների նշանակած մարդն է, այլ խոսքով՝ քոչարյանասերժական քրեաօլիգարխիայի դրածո կառավարիչը եկեղեցական հարցերով:

Բնական է, որ Գարեգին Բ-ն պետք է սպասարկեր, խնկարկեր և ծափահարեր հենց այն իշխանական համակարգին, որի կամքով, բայց ո՛չ Սուրբ Հոգու միջամտությամբ, 1999 թ. հոկտեմբերի 27-ի արյունոտ երեկոյան բացմեց Լուսավորչի հայրապետական Գահին՝ որպես 132-րդ ամենայն հայոց կաթողիկոս: Իսկ հիմա երկրում իրավիճակ է փոխվել, ու ոնց որ չի ստացվում Նիկոլ Փաշինյան-Գարեգին Բ համագործակցությունը. մարդ, ով տարիներ շարունակ պայքարել է այն ուժերի դեմ, որոնք իրենց համապատասխան մի կաթողիկոս են կարգել Հայոց եկեղեցում, որպեսզի երբևէ չհակառակվի իշխանություններին, այլ գլխիկոր ենթարկվի նրանց յուրաքանչյուր որոշմանը:

Այս ամենը շատ լավ գիտակցում էր Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասը, երբ օրվա վարչապետի սպառնալիքների և բռնաճնշումների ներքո, դեմ դուրս գալով սեփական խղճին և համոզումներին, քվեարկեցին հօգուտ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի: Նրանց մեջ, սակայն, կային թունդ հակագարեգինականներ, որոնք անգամ բացահայտ արտահայտում էին իրենց այդ դիրքորոշումը: Այդ եկեղեցականներից էին՝ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը, Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը, Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը և ուրիշներ: Մի առիթով Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանն ինձ պատմեց, որ Նավասարդ և Սեպուհ եպիսկոպոսներն անգամ կոշտ արտահայտություններով ծաղրում էին Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ով բոլորին հայտնի էր որպես Գարեգինի վրա պատվաստված մանկլավիկ:

Բայց Հայ եկեղեցու եպիսկոպոսներն աչք փակեցին այն սարսափելի և ճակատագրական ընտրակեղծիքի վրա, որը տեղի ունեցավ 1999 թվականի չարաբաստիկ այդ օրը: Սա նշանակում է, որ հայ եպիսկոպոսները դեմ դուրս եկան Սուրբ Հոգուն և թույլ չտվեցին, որ Աստված միջամտի և ընտրի իր արժանավոր սպասավորին՝ բազմեցնելու կաթողիկոսական Աթոռին: Իսկ ովքեր հայհոյում կամ փորձում են խաբել Սուրբ Հոգուն, նրանք չարաչար պատժվում են ինչպես այս կյանքում, այնպես էլ՝ հանդերձյալում: Քրիստոս ասում է. «Ոչ ոք չի կարող հզորի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթե նախ չկապոտի հզորին. և ապա միայն կկողոպտի նրա տունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի. բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ նա հանցապարտ պիտի մնա հավիտենական մեղքով» (Մարկ. 3: 27-29)»: Անանիան և Սափիրան նույնպես հայհոյեցին Սուրբ Հոգուն և տեղնուտեղը սատակվեցին, քանի որ «մադկա՛նց չստեցին, այլ՝ Աստծուն» (տե՛ս Գործք. 5: 1-11):

Եվ ո՞րն է Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը, եթե ոչ՝ իմանալ ճշմարտությունը և գիտակցաբար հակառակվել ճշմարտությանը, որի միակ աղբյուրն Աստված ինքն է (հմմտ. Հովհ. 14: 6): Սուրբ Հոգին, որ բխում է Հորից և առաքվում Որդուց (հմմտ. Հովհ. 20: 21-23), իր էջքով հաստատեց քրիստոնեական անդրանիկ եկեղեցու՝ աշխարհամատռան հիմքերը (հմմտ. Գորք. 2: 1-6): Ուրեմն, Սուրբ Հոգի՛ն է եկեղեցու կենսունակությունը, Նրա շնորհի՛վ է հարատևում եկեղեցու անսխալականությունը, իսկ որտեղ կա մարդկային ոտնձգություն ընդդեմ աստվածային ճշմարտության, այնտեղից Սուրբ Հոգին հալածվում և փախչում է: Իսկ առանց Սուրբ Հոգու կենդանարար լիության՝ սուտ և մեռած է այդպիսի եկեղեցին:

Ժամանակին «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցությունը՝ որպես սփյուռքյան գերիշխող քաղաքական ուժ, գրեթե նույնկերպ վարվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ընտրության ժամանակ՝ նախապատվությունը տալով ի՛ր թեկնածուին, թեև հայրապետական Գահին արժանավոր կաթողիկոսը երջանկահիշատակ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանն էր: Կրկին Հայ եկեղեցու եպիսկոպոսները դուրս եկան Սուրբ Հոգու դեմ և թույլ չտվեցին, որ Աստված ինքը միջամտի այդ հույժ կարևոր հարցում: Մինչդեռ, օրինակ, մեր քույր եկեղեցիներից Ղպտի Ուղղափառ եկեղեցում անթաքույց կերպով գործում է Սուրբ Հոգին, որտեղ առանց մարդկային միջամտության և ուղղակիորեն Սուրբ Հոգու ազդմամբ ընտրվում է արժանավոր Պատրիարք՝ «ի միջի ուղղափառ եպիսկոպոսաց»: Խոսքը պատրիարքական ընտրությունների երկրորդ փուլի մասին է, երբ այլևս մնացյալ թեկնածուներից Պատրիարք ընտրվում է ոչ թե եպիսկոպոսների կողմից, ինչպես առաջին փուլում, այլ՝ վիճակահանությամբ մի կույր (իսկ եթե կույր չէ, աչքերը կապած) երեխայի ձեռքով, իսկ ընտրության նախընթաց ողջ գիշերը թեկնածուներն անցկացնում են հսկումով, աղոթքներով և համապատարագով՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը (հմմտ. Գործք. 1: 23-26):

Քրիստոնեական եկեղեցին խստիվ մերժում է կաշառքով ձեռնադրություններ կատարելը, որը եկեղեցական եզրաբանությամբ կոչվում է սիմոնականություն: Երկրորդ առաքելական կանոնների 27-րդ կանոնը հրահանգում է. «Եթէ ոք եպիսկոպոս ի ձեռն ընչից ժառանգաւորութեան այսմիկ հասանել կարաց, երէց եւ սարկաւագ, լուծցի ինքն եւ որ ձեռնադրեացն եւ ի բաց հատցի ամենեւին միանգամայն եւ ի հաղորդութենէն, որպէս Սիմոն մոգ յինէն ի Պետրոսէ առաքելոյ»: Աշխարհաբար փոխադրությամբ՝ «Եթե եպիսկոպոսը, երեցը (քահանան) կամ սարկավագը ժառանգության ունեցվածքի (փողի, կաշառքի) միջոցով ստանա իր կարգը (աստիճանը), կարգալույծ (կարգազուրկ) լինեն թե՛ ինքը և թե՛ ձեռնադրողը, ու բոլորովին մերժվեն եկեղեցու հաղորդությունից, ինչպես Սիմոն մոգը` Պետրոս առաքյալից»:

Այս կանոնի վերաբերյալ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանն իր «Հայոց եկեղեցական իրաւունքը» արժեքավոր գրքում գրում է. «Այս հրաշալի կանոնով կարգալոյծ են արւում եւ բոլորովին զրկւում եկեղեցի մտնելուց եւ հաղորդուելուց այն եպիսկոպոսները, որոնք կաշառքով ձեռնադրութիւն են անում, եւ այն անձինք, որոնք կաշառքով ձեռնադրուել են: Սիմոն մոգը առաքեալների ժամանակ յայտնի մարդ էր, կախարդութեամբ հրաշքներ էր անում եւ իրեն Աստուած անուանում, շատ հետեւողներ ունեցաւ, նոյնիսկ Հռոմում: Այս Սիմոնը առաքեալներից մկրտուեց եւ ապա խնդրեց` նախօրօք իւր ինչքը յանձնելով նրանց, որ իրեն սովորեցնեն, թէ ինչպէս ձեռք դնելով Հոգին Սուրբ պիտի իջեցնել: Պետրոս առաքեալը ասաց. «Քո արծաթը քե՛զ լինի ի կորուստ, զի զպարգեւսն Աստուծոյ համարեցար ընչիւք ստանալ» (հմմտ. Գործք. 8: 9-25)» (Թեհրան, 2004, էջ 90):

Երկրորդ առաքելական կանոնների 28-րդ կանոնն էլ «որոշում է հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութիւնների յարաբերութեան հարցը: Անարժան մարդիկ, յոյս չունենալով ժողովրդի եւ հոգեւոր իշխանութեան ընտրութեան վրայ, դիմում էին մարմնաւոր իշխանութեան եւ զանազան միջոցներով իրենց կողմը ձգելով նրանց` անկանոն կերպով եպիսկոպոսական աթոռ էին ստանում. այս կանոնս կարգալոյծ է անում այդպիսի անձանց» (տե՛ս Հայոց եկեղեցական իրաւունքը, նույն տեղում) . «Եթէ ոք եպիսկոպոս աշխարհական իշխանօք վարեցեալ՝ նոքօք բուռն ի վերայ եկեղեցւոյ եղիցի, լուծցի եւ որոշեսցի, եւ ամենեքեան որ հաղորդին ընդ նմա»: Աշխարհաբար փոխադրությամբ՝ «Այն եպիսկոպոսը, որ բռնութեամբ` աշխարհական իշխանների միջոցով կստանա եպիսկոպոսական իշխանություն Եկեղեցում, թող կարգալույծ (կարգազուրկ) լինի և եկեղեցուց մերժվի իր բոլոր կողմնակիցներով»:

Ամիսներ երկարող հակագարեգինյան շարժումը ի վերջո պետք է հանգուցալուծվի Գարեգին Բ-ի հեռացմամբ, քանի որ նա, ըստ բազմաթիվ վկայությունների, հայրապետական Գահին բազմեց հակառակ առաքելական կանոնների՝ «աշխարհական իշխանօք վարեցեալ՝ նոքօք բուռն ի վերայ եկեղեցւոյ եղեալ»: Նա խախտել է բազմաթիվ այլ եկեղեցական կանոններ և հավատքի ուղղադավանության սկզբունքներ ևս, որոնց պատճառով իր ներկայությունը Մայր Աթոռում անհամատեղելի է: Միամիտ պետք է լինել՝ հավատալու համար, թե Գարեգին Բ-ն կհեռանա իր կամքով, սեփական ընտրությամբ, ինչպես դա արեց մեր առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը՝ իր կյանքի վերջին տարիներն անցկացնելով հոգևոր առանձնության մեջ Սեպուհ լեռան քարայրերից մեկում: Գարեգին Բ-ն ո՛չ այդ հոգևոր գիտակցությունն ունի, ո՛չ Լուսավորչի հավատքի ուղղափառությունը, ո՛չ էլ նրա բարոյական պարկեշտությունն ու անձի սրբությունը: Անհարիր է նույնիսկ այս երկու կաթողիկոսներին իրար հետ համեմատելը, ինչպես՝ սարերն ու ձորերը...

Գարեգին Բ-ին «վաստակեալ հանգստի» չեն ուղարկի նաև իրեն աջակից, լծակից և մեղսակից եպիսկոպոսները, քանզի նրանց մեջ էլ, դժբախտաբար, չգտնվեց մի արդարամիտ, քաջարի, նախանձահույզ և հավատացյալ եպիսկոպոս, ով ոտքի կանգներ հակականոնական անարդարությունների, հավատքի և սրբությունների պղծման դեմ՝ պահանջելով Գարեգին Բ-ի անհապաղ հրաժարումը: Եթե մինչև հիմա չարեցին, այսուհետ էլ չեն անի, թեպետ հիմա էլ ուշ չէ: Բայց ինչո՞ւ անցավ գլուխները դնեն ցավի տակ, հանգիստ ապրում են, բարձր ռոճիկը ստանում, իրենց ուզած կյանքով ապրում, մեծահարուստների հետ ուտում, խմում, պտտում...

Մնում է երկու տարբերակ. կա՛մ պետք է պետությունը խառնվի և պարտադրի Գարեգին Բ-ին հեռանալ, եթե չի ցանկանում համաշխարհային մակարդակով խայտառակվել և բոլորի ոտքի կոխանը լինել, իսկ վատագույն դեպքում՝ քրեական գործի հատկանիշներով բանտարկվել, կա՛մ էլ Աստված պետք է գործի և այս անզգամի հոգին վերցնի, ինչը կատարվեց բազում անգամներ Բարձրյալի դեմ ապստամբների դեպքում՝ ինչպես Հին, այնպես էլ Նոր Ուխտի ժամանակաշրջանում: Անկախ բոլոր դեպքերից՝ չմոռանանք, որ Գարեգին Բ-ն նույնպես մահկանացու է և վաղ թե ուշ պիտի մահանա՝ այդպես ակամայից հրաժարվելով Լուսավորչի գահից: Որքան ուզում է, թող Նյու Յորքի թանկարժեք հիվանդանոցներում իր արյունը փոխի և երեխայի արյուն ներարկի, որքան ուզում է, թող իր կապերով լավագույն բժիշկների հսկողության տակ լինի, որքան ուզում է, թող կենսաբանորեն մաքուր սնունդ ճաշակի կամ հատուկ դեղորայք ընդունի, որ հոգեկան զգայացունց ապրումներ չունենա, միևնույն է, նա մի օր պիտի մահանա և հողին հանձնվի, քանի որ իր անհաշվելի դրամներով չի կարող փոխել բնության աստվածադիր կարգը՝ «հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3: 19):

Հիմա շատերի մոտ մի բնական հարց է առաջանում. ո՞վ է լինելու հաջորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Իսկապես որ, սա պակաս կարևոր հարց չէ, քան ներկայիս կաթողիկոսի հեռացումը: Արդյո՞ք մենք ի վիճակի կլինենք դասեր քաղելու անցյալի սխալներից՝ չկրկնելու նախորդների հակականոնական ընթացքը: Արդյո՞ք մենք կկարողանանք գտնելու և ընտրելու արժանավորագույնին՝ համաձայն Սուրբ Հոգու անվրեպ տնօրինման: Չլինի՛, թե մենք վատին փոխարինենք ավելի վատով, բռնակալին՝ մեկ այլ բռնակալով, անհավատին՝ մեկ այլ անհավատով, կանոնազանցին՝ մեկ այլ կանոնազանցով, հերետիկոսին՝ մեկ այլ հերետիկոսով: Այդ դեպքում անխուսափելի կլինեն երկնային պատուհասների դառնատեսակ հարվածները: Դա կլինի Հայ եկեղեցու կատարյալ որբացումը և անհույս անապատացումը: Մենք իրավունք չունենք ապավինելու մարդկային ուժին՝ փոխանակ վստահելու Սուրբ Հոգու անսայթաք առաջնորդությանը:

Պատմության հոլովույթում, ցավոք սրտի, շատ անգամներ են քաղաքական իշխանությունները խառնվել ներեկեղեցական հարցերին: Այսպես, տիեզերական ժողովները գումարվում էին կայսրերի հրովարտակներով, իսկ տեղական եկեղեցաժողովներին հաճախ մասնակցում էին նաև իշխանական տոհմի ներկայացուցիչները: Անգամ ուղղափառության հաղթանակը որոշ դեպքերում պայմանավորված էր քաղաքական իշխանությունների տրամադրություններով: Սա նշանակում է, որ աշխարհիկ ոգին թևածել է եկեղեցում և հոգևոր ավերների ճանապարհ հարթել: Սակայն եկեղեցին աշխարհիկ կազմակերպություն չէ, եկեղեցին սոսկ մարդկային հիմնարկություն չէ, ոչ էլ եկեղեցին կաթողիկոսի համակարգն է: Այլ եկեղեցին, լինելով Քրիստոսի խորհրդական մարմինը (հմմտ. Եփես. 1: 22-23), իսկ հավատացյալ ժողովուրդը՝ նրա անդամները, իր բնույթով աստվածամարդկային է, որի անբաժան ուղեկիցը Սուրբ Հոգու շնորհաբաշխությունն է՝ ընտրյալ և օծյալ անձանց միջոցով:

Եվ ուրեմն, կաթողիկոսը պետք է լինի «ընտրեալն յԱստուծոյ, երջանիկ սուրբ քահանայ, նմանեալ Ահարոնի եւ Մովսէսի մարգարէին», ինչպես երգում ենք հայրապետական Պատարագների ժամանակ: Կաթողիկոսը նախ և առաջ պետք է լինի ուղղափառ հավատքի կրող, քաջատեղյակ լինի Աստվածաշունչ գրքին և եկեղեցական Հայրերի ժառանգությանը, եկեղեցական կանոններին ու սրբազան ավանդություններին, անկողմնակալ և բարեմտորեն վերաբերվի իր հոգևոր խնամքին հանձնված բանավոր հոտին, անդադար քարոզի և մանավանդ՝ գործով վկայի Աստծո խոսքը «ի ժամու եւ ի տարաժամու»: Նա հոգևոր հայր և առաջնորդ պետք է լինի ամենեցուն՝ «անարատ..., հեզ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարո, ոչ կռվազան, ոչ փողասեր..., ոչ նորադարձ, որպեսզի, գոռոզանալով, սատանային վիճակված դատապարտության մեջ չընկնի. այլ նա պետք է ունենա բարի վկայություն նաև՛ դրսեցիներից, որպեսզի չլինի թե ընկնի նախատինքի տակ և սատանայի որոգայթների մեջ (Ա. Տիմ. 3: 1-7)»:

Կաթողիկոսը պետք է զերծ լինի ամեն տեսակի աշխարհային ախտերից, մասոնական և կուսակցական ազդեցություններից, խտրություն չդնի իր ժողովրդի տարբեր խավերի միջև, լինի աստվածապաշտ, քրիստոսանման, եկեղեցանվեր, մարդասեր, անոխակալ, աղոթող, ուխտապահ, օրինակելի, մի խոսքով՝ «այլ ոմն Քրիստոս», որպեսզի կարողանա եկեղեցու գերակա շահը վերապահել իր նեղ անձնական շահերից և գծուծ հաշիվներից... Կաթողիկոսի հաջորդ թեկնածուն հենց այսպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի, որպեսզի համազգային հեղինակություն վայելի և իր խոսքը բոլոր օղակներում հարգանքի արժանի լինի: Կաթողիկոսն առաջին հերթին պետք է լինի հոգևոր դիմագծի, բարոյական նկարագրի և մեծ հավատքի տեր անձնավորություն: Դյուրին չէ հայրապետ լինելը. այն անսահման մեծ պատասխանատվություն և լրջություն է պահանջում, անհոգնաբեկ ծառայություն, անքուն տքնանք հոգիների փրկության համար:

Այս կարևոր գործում վճռորոշ է եպիսկոպոսաց դասի կեցվածքը, որոնք կոչված են եկեղեցու իշխանները լինելու: Սակայն մինչ օրս չտեսանք արդարամտություն, քաջություն և նախանձահուզություն գեթ մեկ եպիսկոպոսի կողմից, որ ոտքի կանգնի և հանուն ճշմարտության իր անկեղծ խոսքն ուղղի աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդին: Ամեն մեկը մտել է իր «դանայան տակառ» -ը, խխունջի պես պարփակվել սեփական պատյանում, Պիղատոսի նման լվացել իր ձեռքերը (հմմտ. Մատթ. 27: 24), մինչդեռ հավատացյալ հանրությունը չի ընդունում այս կրավորական դիրքը, նրանցից արդարության ձայն է ակնկալում, հայրական պատգամ, որ կսփոփի տագնապած սրտերը: Ո՞ւմ կամ ինչի՞ են սպասում եպիսկոպոսները: Այդքան ստրկամի՞տ են և պատեհապա՞շտ: Ո՞ւր է նրանց հավատքը, մի՞թե մի մաքուր եպիսկոպոս չկա, որ գավազանը գետնին զարկի և պահանջի Գարեգին Բ-ի հեռացումը: Ինչո՞ւ են վախենում: Չե՞ն լսել Քրիստոսի խոսքը, որ ասում է. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթ. 10: 28):

Սբ. Վարդան Մամիկոնյանի բոցաշունչ ճառն այսօր էլ թող ուղեցույց լինի բոլոր եպիսկոպոսների համար, որոնք գերին են դարձել մարդկային տարատեսակ վախերի: «Եւ ահա եկն եհաս ժամանակ, զի զամենայն զկեղտ անուն ի մէնջ ի բաց բարձցուք... քանզի եւ զՏէրն բարերար ընդ մեզ տեսանեմք յառաջնորդութիւն. չէ մեր մարդ զօրավար, այլ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց։ Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ. զթերահաւատութիւն մեք ի մէնջ վաղ մերժեցաք, ընդ նմին եւ երկիւղն փախիցէ ի մտաց եւ ի խորհրդոց մերոց» (տե՛ս Եղիշէի Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, Հինգերորդ յեղանակ, Երևան, 1957, էջ 104):

Կոչ ենք անում բոլոր եկեղեցասեր և ազնվաբարո եկեղեցականներին՝ բոյկոտելու հերետիկոսապետ Գարեգին Բ-ի իշխանությունը և նրան կաթողիկոս չճանաչելու: Առաջին մեծ հարվածը կլինի այն, որ այսուհետ Սուրբ Պատարագների ժամանակ բնավ չհիշատակվի Գարեգին Բ-ի անունը, որին արժանի չէ: Իսկ եթե սպառված է Էջմիածնի միաբանության մեջ աստվածավախ եպիսկոպոսներ ակնկալելու հավանականությունը, ապա մեզ մնում է մեր հայացքն ուղղել Մեծի Տանն Կիլիկիո միաբանություն, ուր կգտնվեն Քրիստոսին հավատարիմ եպիսկոպոսներ, որոնք չեն ճաշակել ո՛չ սովետական անաստվածության ռեժիմը, ո՛չ մասոնական գաղտնի կազմակերպությունների կապանքները և ո՛չ էլ կուսակցական նեղ հաշիվների շահագրգռությունը:

Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներն անխտիր համարվում են թեկնածուներ կաթողիկոսական ընտրությունների համար՝ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանել իրենց թեկնածությունը: Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում եպիսկոպոսների միջից, թեև պատմությանը հայտնի են սակավաթիվ դեպքեր, երբ աշխարհական վիճակից ընտրել, ապա արագորեն ձեռնադրել են կաթողիկոս: Հիշենք Ներսես Մեծ և Զաքարիա Ձագեցի կաթողիկոսների օրինակները: Աստված տարբեր ժամանակներում գործում է օրվա կարիքների համաձայն: Միայն թե պետք չէ խոչընդոտել Սուրբ Հոգու գործունեությանը, որպեսզի մեզ «առաջնորդի դեպի արդար երկիր» (հմմտ. Սաղմ. 142: 10): Ներկա խորը ճգնաժամային անելանելի իրավիճակում հաջորդ ամենայն հայոց կաթողիկոս ես տեսնում եմ Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանին, ով լինելով հավատացյալ, մաքրակենցաղ, սկզբունքային, ժողովրդական, նախանձախնդիր հոգևորական, հմուտ աստվածաբան, քարոզիչ և շնորհազարդ եկեղեցական, կկարողանա իր մեծ Ուսուցչի՝ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանի ցանած քրիստոնեական բարի հունդերը փոխանցել հասարակության լայն շերտերին՝ պտղաբերելով մեկի դիմաց երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր (հմմտ. Մարկ. 4: 20): Բայց և այնպես, սա ընդամենը բարի մաղթանք է և սրտի ցանկություն՝ գիտակցելով, որ Աստծո գործերն անքննելի են...
     «Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վեճեր ունեք, որպես եկեղեցու դատավորներ, նստեցնում եք մարդկանց, որոնք անարժեք են։ Համոթ ձեզ եմ ասում։ Ձեր մեջ չկա՞ այնչափ իմաստուն մեկը, որ կարողանա արդար դատ անել իր և եղբոր միջև» ... (Ա. Կորն. 6: 4-6):


    

Եղիա Խաչատրյան

Սուրբ Էջմիածնի նախկին միաբան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
9925 | 1 | 1
Facebook