Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզում արվեստն ու մշակույթն ուշադրության կենտրոնում են

19:13, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Կոտայքի մարզում արվեստն ու մշակույթն ուշադրության կենտրոնում են
     Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջեց Հրազդանի և Չարենցավանի մշակութային մի քանի կառույցներում:
     Հրազդանի Դրամատիկական թատրոնում զրույցի ընթացքում Լիլիթ Մակունցը ողջունեց թատրոնի անձնակազմի ջանքերը՝ պահպանելու կառույցը և դրա հետագա գործունեությունը: Այստեղ և Չարենցավանի արվեստի դպրոցում նախարարը իրազեկեց, որ 2019 թվականին սպասվում են բյուջետային փոփոխություններ, որոնց շրջանակներում ոչ միայն նախարարության, այլև համայնքային ենթակայության մշակութային կառույցները կարող են դիմել ֆինանսավորման՝ դրամաշնորհային ծրագրերի ձևաչափով: «Մենք ամեն կերպ պիտի փորձենք մոտեցումները տեխնիկականից փոփոխել բովանդակայինի», - ասաց Լ. Մակունցը:
     Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հավաստիացրեց, որ համայնքային իշխանությունները ևս աշխատում են ոլորտային փոփոխությունների մասով, բայց իրատեսորեն որոշ հարցերի լուծումներն օբյեկտիվ ժամանակ են պահանջում: Այստեղ քննարկվեց նաև ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու և դրա հետ կապված մի շարք ընթացակարգային հարցեր:
     Հրազդանի մարզային գրադարանում մարզպետն ու նախարարը շրջեցին գրքային ֆոնդի պահասենյակներում, ծանոթացան առկա հնարավորություններին, աշխատանքի ծավալներին և սկզբունքներին:
     Չարենցավանի արվեստի դպրոցում աշխատակիցների և համայնքի մշակութային գործիչների հետ հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան հարցերն անմիջական ուղղել նախարարին և մարզպետին ու ստանալ սպառիչ պատասխաններ:
     Մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մաքրավանում՝ 13-րդ դարի հուշարձանի տարածքում եկեղեցի կառուցելու հետևանքով առաջացած խնդիրները: Հուշարձանի պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով այն կտեղափոխվի հատուկ պահպանման վայր, որտեղ կիրականացվեն վերականգնման աշխատանքներ:
     Քննարկվեցին նաև մարզի տարածքում 2 այլ հուշարձանների պահպանության համար անհրաժեշտ ռեսուրսները, գործընթացները և ձեռք բերվեցին փոխադարձ պայմանավորվածություններ հետագա փոխհամաձայնեցված աշխատանքների համար:
    
     kotayk.mtad.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3831 | 0 | 0
Facebook