Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)

09:55, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)

«Կախարդված աշխարհ» գրքում Բալթազար Բեքքերը գիշերահավաքի մեկնելու մի քիչ այլ կարգ է ներկայացնում: Դրա մասին կարելի է պատկերացում կազմել 1670 թվականին Շվեդիայի Էլֆդալեն մարզում տեղի ունեցած մեծ դատավարությունից, որի արդյունքում մահվան է դատապարտվում 70 մարդ՝ տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաներ: Շվեդական սովորույթի համաձայն՝ կախարդներն ու վհուկները գիշերահավաքի են մեկնել ոչ թե ցախավելին կամ փայտե ձողին հեծած, ոչ թե կախարդական քսուքի օգնությամբ, այլ պարզապես դուրս են եկել մի խաչուղի: Այդ խաչուղու մոտ խորը գնացող մռայլ քարանձավ է եղել: Վհուկները կանգ են առել այդ քարանձավի դիմաց և երեք անգամ բացականչել են. «Անտեսե՛ր, արի՛ ու մեզ տար Բլոկուլայի մոտ»: Այդ Բլոկուլան սար է եղել, որը լիովին համապատասխանել է գերմանական Բրոկենին: Իսկ Անտեսերն այն դևի անունն է, որը ղեկավարել է գիշերահավաքի ժամանակ տեղի ունեցող բոլոր խաղերը: Այդ դևն իր երկրպագուների կանչին հայտնվել է գորշ շապիկ, ժապավենազարդ կարմիր տաբատ, կապույտ գուլպաներ հագած ու գլխին սրածայր գլխարկ դրած: Նա ունեցել է երկար ու շեկ մորուք: Դևն իր բոլոր հյուրերին հափշտակել է, մեկ ակնթարթում օդ է հանել ու հասցրել է Բլոկուլա: Այս գործողություններում նրան օգնել է սատանաների ամբոխը, որը հայտնվել է նրա կողքին: Այս բոլոր սատանաներն այծի կերպարանք են ընդունել, և հյուրերը հավաքատեղի են սլացել նրանց ուսերին նստած: Վհուկներից շատերն իրենց հետ տարել են նաև իրենց երեխաներին: Գիշերահավաքի մասնակիցները հատուկ եղանակով են հավաքատեղի հասել. վհուկներն այծերի մեջքին նիզակ են խրել, և երեխաները նստել են այդ նիզակներին: Բլոկուլա հասնելուց հետո ամեն ինչ սովորական ձևով է եղել, այսինքն՝ խրախճանքն ընթացել է այնպես, ինչպես այլ վայրերում: Շվեդական գիշերահավաքում, այնուամենայնիվ, որոշ առանձնահատկություններ են եղել: Շվեդ վհուկները «միջոցառման» ընթացքում ասեղներով ծակել են իրենց մատները, և հոսած արյունով ստորագրել են սատանայի հետ պայմանագիրը: Դրանից հետո սատանան նրանց մկրտել է, բնականաբար, իր անունով, ընդ որում նրանց տվել է պղնձյա թերթիկներ, որոնք նա պատրաստել է եկեղեցիների զանգերը տաշելով: Վհուկներն այդ թերթիկները ջուրն են նետել՝ ասելով. «Ինչպես այս թերթիկներն այլևս զանգի մաս չեն կազմի, այնպես էլ թող իմ հոգին երբեք Երկնային արքայությունը չտեսնի»:

Ըստ շվեդների ազգային հավատալիքների՝ վհուկների գիշերահավաքների գլխավոր խայծը կերակուրն է եղել: Կարելի է կարծել, թե շվեդները մեծ որկրամոլներ են եղել, բայց դա այդպես չէ: Նրանց համար գլխավորը խմիչքն ու զվաճություններն են եղել: Ժողովրդական պատումները նույնիսկ թվարկում են ամբողջ կերակրացանկը (խոզաճարպով ապուր, վարսակի շիլա, կարագ, կաթ և պանիր): Սա ցույց է տալիս, որ ժողովուրդն այնքան էլ կուշտ չի եղել, եթե երազել է այդպիսի ճաշկերույթի մասին, որը մատչելի կարող է լինել հոգին սատանային ծախելու դեպքում: Կերուխումից հետո վհուկները սկսել են զվարճախաղերը՝ կեղծ կռիվներ տալով: «Միջոցառման» տնօրենը՝ սատանա Անտեսերը, մասնակցել է այդ անմեղ զվաճանքներին՝ անձամբ մտրակահարելով մասնակիցներին ու բարձրաձայն քրքջալով: Երբեմն էլ, երբ սատանան լավ տրամադրություն է ունեցել, իր հյուրերի համար տավիղ է նվագել: Ըստ շվեդական հավատալիքների՝ դևերի ու վհուկների ամուսնությունից գորտեր և օձեր են ծնվել: Եվս մեկ հետաքրքրական պատում. երբեմն գիշերահավաքին ներկա սատանան հիվանդացել է, բայց թե ինչ հիվանդությամբ, անհայտ է: Բայց պատումը հավատացնում է, թե բոլոր վհուկներն ամեն ջանք գործադրել են, որ նա առողջանա: Շվեդական սատանան իր հավատարիմ հետևորդներին՝ որպես ծառաներ, տարբեր կենդանիներ է տվել, մեկին՝ ագռավ, մյուսին՝ կատու և այլն: Այդ կենդանիներին կարելի էր հանձնարարականով ուղարկել ցանկացած տեղ, և նրանք հանձնարարությունը տեղը տեղին կատարել են: Սատանան նրանց նաև սովորեցրել է ուրիշների կովերը կթելու «արվեստը»: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է եղել պատի մեջ դանակ խրել ու այդ դանակից պարան կապել ու հետո մտովի պատկերացնել հարևանի կովերից մեկին. կաթն անմիջապես կախարդական կերպով կովի պտուկից պարանով հոսել ու լցվել է դրված ամանի մեջ, իսկ կովի իսկական տերը դրանից հետո իր կովից ոչ մի գրամ կաթ չի կարողացել ստանալ: Դանակին կապված այդ նույն պարանը մեկ այլ բարի ծառայություն էլ է մատուցել: Բավական է եղել այն ձեռքում պահել՝ մտածելով իր թշնամու մասին, և այդ թշնամին նույն պահին իսկ սարսափելի տանջանքներ է կրել: Շվեդ կախարդներն ու վհուկները կարող էին նույնիսկ իրենց թշնամիներին սպանել՝ օդը կտրատելով իրենց փայտյա դանակով:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4528 | 0 | 0
Facebook