Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզի մի շարք տեղանուններ սերտորեն կապված են մեր ժողովրդի հնագույն ազգային ավանդությունների հետ

07:35, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Կոտայքի մարզի մի շարք տեղանուններ սերտորեն կապված են մեր ժողովրդի հնագույն ազգային ավանդությունների հետ
     Կոտայքի մարզի մի շարք տեղանուններ սերտորեն կապված են մեր ժողովրդի հնագույն ազգային ավանդությունների հետ: Դա վկայում է այն մասին, որ վաղնջական ժամանակներից սկսած այստեղ բնակվող հայերի համար Երկիրը սոսկ տարածք չէ, այլ Հայրենի տուն, որտեղ իրենց հետ մեկտեղ ապրում են նաև իրենց դիցերը: Ընդ որում, դիցականն ու առասպելականը նրանց համար նույնքան իրական են, որքան՝ իրենց անունը, տունը, անտառը, արտը, գետը, Արևը, Լուսինը, անձրևը, քամին: Եվ չնայած հարափոփոխ դարերի հոլովույթը մեզ պարտադրել է նոր խորհրդանիշներ, միևնույն է, մեզանից շատերի հոգու խորաններում մեր ազգային մյութոսը մնացել է մնայուն և գերակա արժեք: Մարզում առավել տարածված են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ կապված տեղանունները: Եվ եթե արահետը նախկինում նշանակել է «Արայի հետք» / կա նաև նման տեսակետ/, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանի ոչ մի մարզում այդքան արահետներ չկան, որքան Կոտայքում: Այդ արահետները հիմնականում կրում են Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհու միջև մղված ճակատամարտի / հայտնի է նաև Եղվարդի ճակատամարտ անունով/ հետքերը: Եվ այսպես. այն մարտադաշտը, որտեղ խուզարկել- որոնել են Հայոց արքայի դին, կոչվել է՝ «Արախույզ» , որն էլ հետագայում հնչյունափոխվելով դարձել է «Արամուս»: Այն վայրը, որտեղ Ասորեստանի թագուհու հրամանով Արայի դին են զննել կամ այն հանձնել են Շամիրամին՝ ասելով՝ «առ, զննի» , հետագայում անվանվել է «Արզնի»: Տեսնելով, որ Վանի բերված արալեզները չեն կարողանում վերակենդանացնել իր սիրելի արքային, անհույս սիրահար Շամիրամը խելակորույս կրկնել է՝ «Ել Արա, ել Արա» , որի համար էլ այդ բնակավայրը հետագայում կոչվել է «Էլար» / ներկայիս Աբովյան /: Արայի հետ առավել սերտորեն է կապված նրա անունը կրող լեռը, որի լանջերին է, ըստ ավանդության, Հայոց արքան կենտրոնացրել իր զորքը ճակատամարտից առաջ: Լեռան հարավային կողմում գտնվում է մի բնական պատռվածք, որի համար էլ թուրքերն այն անվանել են՝ «Գառնըյարըխ» / «Փորը պատռված» /, սակայն հետագայում վերականգնվել է լեռան հայեցի, պատմական անունը: Լեռան վրա գտնվող Ծաղկեվանք սրբավայրում մոտակա Արագյուղի և հարակից տարածքների բնակիչները նշել են Արայի հարության տոնը: Եվ դա բնական է, քանզի Արան ոչ միայն մեր արքան էր, այլև՝ մեր մեռնող և հարություն առնող Աստվածը: Հակիրճ՝ այսքանը: Հավելենք միայն, որ ինչպես Շամիրամն էր տենչում Արային, այնպես էլ նրա անունը կրող լեռն է / այժմ անվանվում է Հատիս / անհույս ձգտում դեպի Արայի լեռը: Սակայն Հայոց Լեռնացած Գեղեցիկ Արքա- Աստվածը նախկինի պես շարունակում է կրկնել. ՉԵՄ ԴԱՎԱՃԱՆԻ ԻՄ ՆՎԱՐԴԻՆ, ՈՐՔԱՆ ԷԼ ԴՅՈՒԹԵՍ, Օ, ՇԱՄԻՐԱՄ …
    
     Մինաս Պետրոսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5045 | 0 | 0
Facebook