Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:44, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)
    
    
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)
    
     Նիկոդիմոս Եսայու Ամատունի
    
     Նիկոդիմոս Եսայու Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) ռուսական կայսերության Երևանի նահանգի Օշական գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Չբավարարվելով նախնական կրթությամբ, հակառակ ծնողների կամքին, անակնկալ հեռանում է գյուղից և մեկնում Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին: Ապացուցելով Օշականի և Թիֆլիսի ամատունիների գենետիկ ազգակցական տոհմային կապը վերականգնում է իր իշխանաց տիտղոսը:
     Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը: Այստեղ նա ծանոթանում է թիֆլիսահայ կյանքին, մտերմանում է այն ժամանակվա հայ գրողների հետ, ընկերություն է անում գրող, թատերագետ, դերասան Պետրոս Ադամյանի հետ: Թատերական հայտնի գործիչ Նապոլեոն Ամատունին հետագայում իր դստեր՝ Եվգենյային կնություն է տալիս Նիկոդիմոսին: Մինչ այդ՝ վերջինս, ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ մեկնում է Պետերբուրգ:
    
     Այստեղ` սովորելուն և աշխատելուն զուգնթաց ակտիվ շփվում և մտերմանում է այն ժամանակների ակնառու գրեթե բոլոր մտավորականների, պետական ու քաղաքական դեմքերի հետ՝ բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի, պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու և շատ, շատերի հետ:
    
     1889թվականին ավարտել է Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավունքի գիտական աստիճան:
    
     1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում և ունեցել է կոլեգիալ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտոնեայի կարգավիճակով:
    
     1893 թ. Փետրվարի 16-ից եղել է Եկատերինբուրգի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):
    
     1895 թվականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտուլյար խորհրդական է:
    
     1896 թ. ապրիլի 30-ից` Վիտեբսկի, 1898 թվականի մայիսի 26-ի հրամանով աշխատել է Սարատովի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):
    
     1903 թ. ապրիլի 17-ի հրամանով, սեփական հարցմամբ նշանակվել է Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանի դատական քննիչը:
    
     1903 թ.օգոստոսի 11-ի առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի հրամանով նշանակվել է Ռուսաստանի նորաստեղծ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ) գլխավոր վարչության որպես VI կարգի հատուկ հանձնարարությունների գծով պետ:
    
     1904 թվականին շնորհվել է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ և նշանակվել է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ) գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:
    
     1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորել է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:
     1906 թվականին իշխան Ն. Ամատունին նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը` Պետերբուրգ):
    
     1907թ իշխան Նիկոդիմոս Ամատունուն շնորհվել է պետական խորհրդականի (статский советник) աստիճան:
    
     1908-1909 թթ. Ամատունին հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամկետը: Նավատորմը համալրել է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը’ Ռուսաստանի համար:
    
     1909 թ. վստահվել է «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավում կազմակերպված ռուսական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդեսի ղեկավարումը՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար:
    
     1910 թվականին Ամատունուն այս անգամ վստահվել է 1911թ Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:
    
    
    
Լողացող ցուցահանդեսի անձնակազմը՝ Նիկոլայ 2-րդ (հետագայում նավն վերանվանվել է՝ Իլիչ) նավի վրա: Կենտրոնում Ամատունին է:

    
     1911 թվականին Ամատունին ստացել է պետական իսկական խորհրդականի աստիճան:
    
     1913թ. թվականին եղել է Հայաստանում: Նրա միջնորդությամբ ու նախաձերնությամբ հիմնադրվել է ծննդավայր Օշական գյուղի դպրոցը, այդ տարիների համար եզակի մի երևույթ, երբ ցարական կառավարությունն ամեն ջանք ներդնում էր ռուսական ազդեցության ամրապնդման և հայկական դպրոցների վերացման համար: Նախորդող տարիներին և ոչ մի անգամ չի դադարել գործել եկեղեցում գործող ծխական դպրոցը, որի ավագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղել մի քանի գյուղերի ղեկավար (գլավնի) և դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Նիկոդիմոսի հորեղբոր տղան, բառարանագետ ՝ Սահակ վարդապետ Ամատունին ևս, իր ուժերին ներածի չափով, նպաստել է Օշականի նորակառույց դպրոցի կառուցմանը, իսկ Նիկոդիմոս Ամատունին դպրոցի շենքի կառուցման ոչ միայն գլխավոր նախաձեռնողն էր, այլև ամենախոշոր բարերարը:
    
     1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հրամանով նշանակվել է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:
    
    
    
Կարմիր Խաչի դաշտային պահեստների ղեկավարների համագումար: Լուսանկարում Կարմիր խաչի պահեստների խորհրդի եւ համագումարի նախագահ Գոֆմեյստեր (միապետական պալատի 3-րդ դասի աստիճան) իսկական պետական խորհրդական Բ.Կ.Օրդինը (1): Անմիջապես նրա կողքին է նստած Կարմիր Խաչի Հյուսիս-Արևմտյան շրջանի պահեստի ղեկավար, Իսկական պետական Խորհրդական, իշխան Ն.Ի.Ամատունին (4), Խորհրդի նախագահի ուղեկից-օգնական, իսկական պետական խորհրդական, պրոֆեսոր Կոմս Օ.Վ. Պետերսենը (2): Կ.Խ-ի Դաշտային պահեստների հյուսիսային շրջանի ղեկավար, գեներալ Վ.Ս.Լվովը (5), Հարավ-Արևմտյան շրջանի ղեկավար, եգերմեյստեր (3-րդ դասի աստիճան), պետական իսկական խորհրդական Վ.Դ. Եվրեինովը (3), Հարավային շրջանի ղեկավար, պետական խորհրդական Ի.Յ.Էզաուն (7), Կովկասի շրջանի ղեկավար Ա.Յ. Միլլերը (6) Պետրոգրագյան պահեստի ղեկավար Ա.Ա.Սմիրնովը (, Մոսկվայի պահեստի ղեկավար, պետական խորհրդական Ա.Դ.Վինոգրադովը (9), Կովկասի շրջանի պահեստի Տրապեզոնի բաժանմունքի վարիչ Վ.Վ.Զախարովը (10)

    
     1916 թվականին նշանակվել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ:
     1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
     Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
     1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:
    
     1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
     Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը, որին կից գործել է ռուսական եկեղեցին: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:
    
     Պարգևներ
    
     1914 թվականից կրել է 1899թ.հունիսի 24-ի բարձրագույն մարմնի սահմանած Կարմիր Խաչի կրծքանշան:
    
    
     1915 թ Ամատունին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:
     1916 թ հունիսի 22-ին արժանացել է Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի շքանշանի՝ պատերազմական իրավիճակում Ռուսական Կարմիր Խաչի միավորումում կատարած աշխատանքի համար:
     Պարգևատրվել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հիշատակի արծաթե մեդալով:
     Պարգևատրվել է Ռոմանովների Տան 300 ամյակի բրոնզե մեդալով:
     Տիրոջ Սուրբ Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանության անդամ է:
     Քաղաքացիական արժանիքների համար պարգևատրվել է Բուլղարական երրորդ կարգի շքանշանով:
    
     Վահան Ամատունի
     Hay Azian
     «Նիդերլանդական օրագիր»
    
     Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
     Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4487 | 0 | 0
Facebook