Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՕՖԻԿԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
13:14, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
ՕՖԻԿԸ

Մեր թաղի յուրօրինակ զարդը Օֆիկն էր:

Յուրօրինակության պատճառը Օֆիկի քֆուրչի ըլնելն էր: Ընե՛նց քֆուրներ գիդեր որ երբ բացում էր բերանը, տղամարդիկ ականջները փագում էին: Էդքանով հանդերձ, Օֆիկը լավ անձնավորություն էր, հոգին մաքուր էր, բացի էդ էլ շատ աշխատասեր կնիկ էր, բայց թե ինչ պատճառով, կամ թե որդեղի՞ց էր սովորել էդ քֆուրները, ինձ հայտնի չի: Բայց էդ իրա քֆուրչի բերանը Օֆիկի միակ արժանիքը չէր. շատ աշխատասեր կնիկ էր ու սեփական ապրուստով էր վաստակում իրա հացը: Բացի էդ, տրամաբանությունը որոշ տղամարդկանցից, մանավանդ արտակարգ պայմաններում ավելի լավ էր աշխատում:

Մի անգամ, հարևան փողոցում իրար կողք կողքի շարված սեփական տներից մեկում հրդեհ էր բռնկել: Արդեն ավելորդա ասելը, որ թաղի կրակապաշտ էրեխեքի բազմությունը, որի մեջ, ինչ խոսք, գտնվում էի նաև ես, արդեն դեպքի վայրում էր: 90 - ականների սկիզբն էր, շոգ ամառ էր: Հրդեհի մասին բոթը կայծակնային արագությամբ տարածվեց նաև մեր թաղում ու բոլորս վազելով լցվեցինք հարևան թաղ: Մեր՝ կրակ սիրող էրեխեքիս համար, տեսարանը, ինչ խոսք, հոյակապ ու անկրկնելի էր. տունը վառվում էր, աննկարագրելի, կարմիր բոցով, բայց բառիս բուն իմաստով դեռ յուղոտ մասերին՝ լաքապատ փեդով աբլիցովկին, կրակը չէր հասել: Ընդհանուր խուճապի ու անցուդարձի մեջ լսվում էին տարբեր կողմերից գոռոցներ: Հարվածներով փորձում էին կրակը հանգցնել, բայց չափից դուրս ուշ էր: Ջուր, ոնց հասկացանք՝ չկար. սեփական տների ջրամատակարարումը հավանաբար էն ժամանակ գրաֆիկով էր: Մի կարգին ջրամատակարարում չունեյին նաև սովորական շենքերը. լևոնական տարիներին էդ նորմա էր:

Դեպքը՝ հրդեհը, օրվա երկրորդ կեսին էր բռնկել: Հարևան թաղում հավաքվել էր մի վիթխարի բազմություն ու նայում էր անցուդարձը, թե ով ինչա անում: Դեպքի վայր ժամանեց նաև Օֆիկը: Նախորդ պատումից երևի հիշում եք, թե ինչ ասելա գործարանի շենք: Օֆիկը էդ ժամանակ, ըսենց ասած, շենքի պարետն էր: Թե ոնց էղավ, էդ խառը պահին, Օֆիկին մեկը դիմեց ու ասեց, որ գործարանում կրակմարիչ միջոցներ կան, կարա՞ բերի Օֆիկը: Պատասխանի փոխարեն Օֆիկը միանգամից վազեց գործարանի շենք ու հինգ րոպե հետո հետ էկավ: Լավ հիշում եմ. մենակ էր գնացել ու էրկու կողմից ձեռներով կրելով բերեց իմ բոյի չափ ածխաթթվային огнетушитель - ները: Տղամարդիկ բառացիորեն Օֆիկի ձեռներից թռցրին էդ огнетушитель - ները, բայց... Փոխանակ դրանք բացեյին հնարավորին չափով հրդեհի օջախին մոտ տեղում, որ օգտվեն շիթի ուժգնությունից, դրանք բացեցին երկրորդ հարգում, այսինքն ընդեղ, որդեղ որ չպտի բացեյին... Հրդեհը երրորդ հարգում էր: Հենց էդ տեսավ Օֆիկը, էս անգամ, առանց քֆուրի, ինչքան ուժ ուներ գոռաց. ՝՝Արա, դրանք պտի վերևում բացեյիք...՝՝: Մինչև հիմա Օֆիկի էդ ղժղժան ձենը ականջիս մեջնա: Օֆիկի խիստ տրամաբանական հուշումը ուշացած էր:
     Մինչև որ բոլորաձև, նեղլիկ աստիճճաններով տղամարդիկ հապճեպ կբարձրանային վերև՝ երրորդ հարգ, որդեղ մոլեգնում էր հրդեհը, огнетушитель - ներից հորդացող ածխաթթվի փրփրացող շիթը համարյա կտրվեց: Բարձրանալու ճամփին էլ շտապելուց տղամարդկանցից մեկի ոտը սոթ տվեց ու огнетушитель - ով հանդերձ տապալվեց գետնին: Նրա հետևից բարձրացող մյուս ՝՝ֆայմով՝՝ տղամարդու ճամփեն էլ փագվեց, որով огнетушитель - ները, որոնք ըտենց հապճեպությամբ կրել ու բերել էր իրանց համար Օֆիկը, կարգին ջրեցին մենակ երկրորդ հարգը: Խուճապն ու անճարակությունը հասավ գագաթնակետին: Սրան զուգահեռ տարբեր կողմերից ձեներ էին լսվում, թե բա հրշեջ ծառայություն՝ պաժառնի, կանչ տրվածա՞... Պատասխանում էին, թե տրվածա: Քիչ անց՝ հրդեհի սկսվելուց մոտ 20 րոպե հետո, վերջապես հեռվում էրևաց հրշեջ մեքենան: Փողոցը փագած, հրդեհով հետաքրքրված փոքրերից ու մեծերից կազմված վիթխարի ամբոխին ցրելը՝ հրշեջ մեքենային ճանապարհ տալու նպատակով, մի ուրիշ գլխացավանք գորձ էր: Էդ իրա վրա վերցրեց մի ՝ կլոր գլխով, կլոր փորով ու էդ նեղ մաջալին կլոր գունավոր ակնոցներ կրող մի անծանոթ տղամարդ: Սա Օֆիկից ոչ պակաս ղժղժան ձենով փողոցը մաքրեց ամբոխից հրշեջ մեքենայի համար, որի գալը արդեն շատ ուշացած էր: Հրդեհը էդ ընթացքում հասավ ասված յուղոտ մասերին՝ տան լաքապատ փեդի աբլիցովկին: Կրակի բոցերից ճառագող տաքությունը էն աստիճան ուժեղ էր, որ արդեն վառում էր ներքևում կանգնածների դեմքը: Դեռևս կարգին վառվող տան վրա հրշեջ մեքենայից շլանգներով մղվող ջրի շիթը թռավ էն ժամանակ, երբ համարյա ամեն բան վառվել ու մոխրացել էր:

Բարեբախտաբար մարդկային զոհեր չէղան ու էդ տեսանկյունից ամեն բան, ավարտվեց բարեհաջող: Բայց տունը պետք էր նորից սարքել:

Օֆիկը հիշվումա մոտս մի ուրիշ առիթով էլ:

90 - ականների սկզբները նշանավորվում էին նաև նրանով, որ թաղի սովորական խուժանը, ըսենց կոչված ՝՝գողագան մասսան՝՝, զինված էր: Վիճակը հասավ նրան, որ օրը ցերեկով մեր հայաթում իրար վրա սկսեցին կրակել: Կրակողը ընգել էր իրա զոհի հետևից, իսկ զոհը փախնում էր կրակողից: Լրիվ կինո էր, բայց մարտական փամփուշտներով: Էդ օրը, դեպքից անմիջապես հետո, հայաթը նորից պտի լսեր Օֆիկի ղժղժան ձենը ու հատընտիր քֆուրները: Օֆիկի համար էդ վրդովեցուցիիչ էր: Օֆիկի ձենը շենքեցիներից շատերին հրավիրեց պատուհանների մոտ ու բալկոններ: Օֆիկը իրան բնորոշ տարերքի մեջ բարձր ձենով գոռում էր. ՝՝Արա էս ի՞նչ գ.ոթ հայաթա, արդեն իրար վրա են կրակում... Ինձնից էլ շատ տղամարդկություն ունե՞ք... Խե՛.ս ունեք...՝՝:

Էս խոսքերի վրա շենքեցիները պատուհանից պատուհան իրար նայեցին, իսկ մի պատուհանից Օֆիկի հռետորական վերջին հարցադրմանը մի բնակիչ, կամաց, ընենց, որ Օֆիկը չլսի, ասեց. ՝՝Չէ, էդ մեկը հաստատ չունես...՝՝:

Մի ուրիշ առիթով էլ եմ հիշում Օֆիկին ու անմիջականորեն իմ հետա կապված: Մի թարախ կնիկ կար հարևան շքամուտքի երրորդ հարգում. նախարարի կնիկ դառավ. այսինքն մարդը դառավ նախարար, ինքն էլ դառավ նախարարի կնիկ: Ձմեռ էր: Նորից՝ լևոնական տարիները ու ես էլ՝ փոքր էի: Էդ տարիներին համարյա բոլորը ցախով աշխատող վառարաններ էին դրել: Տաքանալու այլընտրանք չկար: Հիշեցի, որ հայաթում մի հատ պստիկ, բարակ, հյուծված ու համարյա չորացած ծառ կա: Սղոցը տնից վերցրի ու իջա, որ էդ ծառը կտրեմ: Մոտ կեսից ավելին արդեն կտրել էի, երբ էդ նախարարի կնիկը չալարեց ու իջավ, որ իրա հոր արևին ծառահատումը կանխի: Ընգավ հետևիցս, իսկ ես՝ փախա: Հետո հետ էկա ու շարունակեցի կիսատ թողածս գործը: Նախարարի կնիկը մրսավ թե ոնց, հետ գնաց տուն, բայց պատուհանից տեսավ, որ ես իմ կիսատ թողած գորձը շարունակում եմ: Դրանից հետո նախարարի կնգա աղջիկը իջավ: Նրբիկ, սիրունիկ աղջիկ էր, բայց տարիքով լավ մեծ էր: Փորձեց ավելի խրատական տոնով հետս խոսալ ու ասում էր, թե. ՝՝Աստված ինձ կպատժի ծառը կտրելու համար՝՝: Աղջիկը կանգնած էր ներքևում՝ բորդուրից ներքև: Ես վերևում էի, իսկ բորդուրին ահագին ձուն էր նստել: Հենց էդ բառերը ասեց, տեղնուտեղը բորդուրին էղած - չեղած ձունը ոտերով շփեցի էս աղջկա դեմքին: Նրբիկի դեմքը ամբողջովին կորավ ձնի մեջ: Էդ որ տեսավ, նախարարի կնիկը նորից իջավ տնից, բայց արդեն գործին խառնվեց Օֆիկը, ով հայտնվեց միանգամից ու բոլորիս համար անսպասելի ձևով: Ոնց էրևում էր, Օֆիկը տակտիկայից էլ էր լավ գլուխ հանում. միջամտեց էն ժամանակ, երբ ոչ մեկը չէր սպասում: Օֆիկի անսպասելի հայտնվելը շոկ էր նախարարի կնգա ու իրա նրբիկ աղջկա համար: Օֆիկը իրա ղժղժան ձենով հայտարարեց. ՝՝Ի՞նչ եք վրա տվել... Էս ծառը իմնա՝՝ ասելը ու քացով ծառը տապալելը՝ մեկ էղավ: Նախարարի կնիկը՝ իրա նրբիկ աղջկա հետ միասին, սուս - փուս բարձրացան տուն: Պարզա, որ Օֆիկի դեմ խաղ չկա: Ես բավարարվեցի ՝՝բարոյական՝՝ հաղթանակով, իսկ Օֆիկը ծառը մաս - մաս կտրտեց ու տարավ իրա տուն: Մի անգամ վառելու փեդ էր:

Եզրակացությունը մեկն էր. Աստված սիրումա ուժեղներին:

Օֆիիկը բառացիորեն վախ չուներ: Ոչ կացինից էր վախենում, ոչ էլ՝ մլիցեքից: Բայց Օֆիկը, էդքանով հանդերձ, ֆեմինիստ չէր էդ բառի էսօրվա այլասերված իմաստով. երբե՛ք իրա չափը չէր անցնում: Անտեղի չէր հայհոյում: Ուներ ամուսին, էրեխեք ու թոռներ: Ամուսինը ժամանակից շուտ լքեց իրան. ծանր հիվանդությունից մահացավ:

Օֆիկի հետ կապված իմ հիշողությունները ցավոք, էսքանով սպառվում են, բայց դեռևս ողջ ավագ սերունդը շատ ավելի համով, ծիծաղաշարժ պատառներ կարա հիշի Օֆիկից: Ես էն ժամանակ պստիկ էի ու կարացել եմ մենակ էսքանը տպավորել ուղեղումս:

Վերջին անգամ մեր թաղում էղել եմ ուղիղ չորս տարի առաջ: Այլևս չկա էն ընդհանուր, հարազատ մթնոլորտը: Թաղը ապականել են իրանց ավտոտնակների շինարարությամբ, որդեղ անցա կացել իմ ու մյուս էրեխեքի ամբողջ մանկությունը: Քանդ ու քարափ արեցին մեր մանկության խաղադաշտերը՝ իրա ծառ ու բնով, հողով, մանղալով, էրկաթի նստարանով ու սեղանով, ցանկապատերով, ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ...

Օֆիկին տեսել եմ վերջին անգամ չորս տարի առաջ, բայց արդեն ծերունական տարիքում, մի տեսակ մաշված, սսկված ու խաղաղված: Վաղուցա, ինչ Օֆիկի ձենը ու քֆուրները թաղում չի լսվում:

Կարելիյա վստահաբար ասել, որ Օֆիկը թաղի աղն էր: Առանց իրա մի ինչ որ բան խիստ պակաս կլներ: Օֆիկը, եթե դեռ ողջա, երկար կյանք եմ մաղթում իրան: Ոնց էլ չլնի ինքը խորհրդային ժամանակների ոգի կրող տեսակ էր, իսկ էն ժամանակների ոգին ուրիշ էր: Ինքը հենց էդ ժամանակների վերջին մոհիկաններիցա: Էդ ոգու պակասիցա, որ թաղում շատերը իրարից խորթացել են, իսկ մարդկանց ոգինա միավորում, որը եթե չկա, ուրեմն միավորիչ ոչինչ չկա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     09.08.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3764 | 0 | 0
Facebook