Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նահատակությունն ու քրիստոնյաների հալածանքները աստվածաբանական շահարկումներ են (նախորդի շարունակությունը)

10:25, չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ.
Նահատակությունն ու քրիստոնյաների հալածանքները աստվածաբանական շահարկումներ են (նախորդի շարունակությունը)

Այսպիսով, եթե քրիստոնյաներին որպես քրիստոնյա են պատասխանատվության ենթարկել, ապա դրա պատճառը եղել է պետության դեմ գործած հանցանքը` մեծությանը վիրավորելը, զինվորական ծառայությունից հրաժարվելը, ընդհատակայա կազմակերպությանն անդամակցելը: Ընդ որում, դատավորների վերաբերմունքը, նույն Տերտուլիանոսի տեղեկացմամբ, քրիստոնյաների նկատմամբ լավ է եղել (թույլ է տրվել, որ բանտարկված քրիստոնյաներին առատ սնունդ տարվի, թույլ է տրվել, որ նրանց հաճախակի այցելեն): Սրբերի հնագույն վարքագրություններն ու եկեղեցական գրականությունը խոսում են այն մասին, որ դատավարությանը սպասող ապագա մարտիրոսները բանտերում ազատորեն քննարկել են տեղական քրիստոնեական համայնքի ու եկեղեցու գործեր, կազմակերպել են պաշտոնական նիստեր ու խորհրդաժողովներ, հրատարակել են «մարտիրոսների հրահանգներ», շփվել են այլ քաղաքների համայնքների ներկայացուցիչների հետ, , տարբեր վայրեր բանբերներ ու գործակալ-քարոզիչներ են ուղարկել, փոխարինել են բանտից փախած եպիսկոպոսին: Քառասուն նահատակներ շրջաբերական ուղերձ են ուղարկել «բոլոր քաղաքների ու գյուղերի բոլոր սուրբ եպիսկոպոսներին, քահանաներին ու եկեղեցու մյուս այրերին»: Լիոնի մարտիրոսները հնարավորություն են ունեցել իրենց լիազորին ուղարկել Հռոմ, որպեսզի նա զբաղեցնի եկեղեցու պետի պաշտոնը: Ձերբակալվածներին այցելելու հնարավորություն են ունեցել թեմերի առաջնորդները, որոնք, կղերականության հանձնարարությամբ, պիտի հոգային նրանց: Այս ամենը ոչ մի կերպ չի կապակցվում քրիստոնեական հավատքը հալածելու մասին ժամանակի քրիստոնյաների հորինվածքների հետ: Ակնառու է, որ իշխանությունները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել ոչ միայն քրիստոնյաների համոզմունքներին, այլև քրիստոնեական ծեսերին` այնքան, որքան դրանք կրոնական բնույթ են կրել ու կասկած չեն հարուցել, որ այս կամ այն քրիստոնյան, այս կամ այն քրիստոնեական համայնքը օրինապահ է կայսրության ու կայսրի հանդեպ: Դատավորները հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի համառող քրիստոնյաները ձևականորեն կատարեն անհրաժեշտ պահանջները և փրկեն իրենց կյանքը:

Ահա թե ինչու վերոհիշյալ ժամանակաշրջանում նահատակների թիվն այնքան քիչ է, որ դա կարելի է հաշվել, իսկ քրիստոնյաների հալածանքները երբեք համընդհանուր բնույթ չեն կրել: Քրիստոնյաների իսկական հալածանքները տեղի են ունեցել 3-րդ դարի երկրորդ կեսին ու 4-րդ դարի սկզբին: Բայց այդ հալածանքները եղել են ոտքի տակի հողը կորցնող հռոմեական ազնվականության ու կայսրության ծայրագավառներում նոր ծնունդ առած քրիստոնեական ազնվականության միջև պայքարի դրսևորումներ: Այդ պայքարում քրիստոնեական համայնքներն ու դրանք գլխավորող եպիսկոպոսները ծանրակշիռ ուժ են եղել: Կայրերը փորձել են այդ ուժը կոտրել, բայց, ի վերջո, նրանք այդ նոր ուժին ծառայության են վերցրել:

Նահատակների պաշտամունքը շատ քիչ աղերս ունի իրական նահատակության փաստերի հետ: Նահատակների անհամար վարքագրությունների մեջ հատուկենտներն են պատմականորեն ճշմարիտ: Շատ զգուշավոր գիտնական Հովհան Գավկեն ստիպված է եղել վախվորածորեն խոստովանել, որ սուրբ նահատակների վարքագրությունը առաջին հերթին պարզապես գրականություն է: «Նա, ով ուսումնասիրել է հների` պատմություն գրելու եղանակը, աստիճանաբար սովորում է զանազանել, թե ինչն է երբևէ իսկապես տեղի ունեցել և ինչը երբեք էլ տեղի չի ունեցել»:

Այդպիսի, թվում է, թե արժանահավատ վարքագրությունների ժողովածու է Ապոլոնիոսի, Պերպետուայի, Ֆելիցիտատոսի կամ Մաքսիմոսի վարքագրությունները: Դրանք բանաստեղծական ստեղծագործություններ են, որոնցում հարցաքննությունների արձանագրությունները հակասում են հռոմեական քրեական դատավարությանն ու ողջամտությանը: Նույնիսկ փաստաթղթային հղումները երբեմն միայն հաստատում են, որ փաստերի կեղծում է տեղի ունեցել:

Տարախոսի, Պրոբասի և Անդրոնիկեի վարքագրության հեղինակը գրում է, թե 200 դինար վարձի դիմաց ինքը բնօրինակել է դատավարության մասնակից ոմն Սեբաստոսի կազմած արձանագրությունը: Հրապարակային դատավարության դեպքում դա լիովին ավելորդ է եղել, բայց հեղինակը հետևել է գրական ավանդությանը: Իսկ այդ ավանդությունը նույնիսկ հորինված հերոսների վարքագրության դեպքում հղում է կատարել առանձնահատուկ դժվարությամբ ձեռք բերված փաստաթղթերին: Մեր օրերում էլ գրողները կիրառում են այդ ձևը, իրենց պատմությունը ներկայացնելով հեղինակի անունից, որի գրառումները գտել է նրա օրագրում: Շատ բնական է, որ 2-րդ և 3-դ դարերի քրիստոնյաներն իրենց պատումներում օգտագործել են հույն հեղինակների շարադրման եղանակները:

Վարքագրությունների քրիստոնյա «ազնիվ» կեղծարարների ձեռքի տակ հինհունական ու հինհռոմեական գրականության պատրաստի նյութն է եղել նահատակ փիլիսոփաների մասին: Իր համոզմունքների համար խիզախաբար մեռած Սոկրատեսի կերպարը, անկասկած, ազդեցություն է ունեցել վարքաբանական գրականության վրա: Մեծ ժողովրդականություն է վայելել Կիպրոսի բռնակալ Նիկոքրոնտոսի կողմից տանջամահ արված Անաքսարքոսի վարքագրությունը: Բռնակալը կարգադրել է կտրել նրա լեզուն, բայց Անաքսարքոսն ինքն է ատամներով կտրել իր լեզուն ու այն թքել բռնակալի երեսին: Ավելի վաղ, երբ Ալեքսանդր Մակեդոնացին պահանջել է, որ իրեն Զևսի նման պատվեն, նա մատնացույց է արել նրա վերքից հոսող արյունն ու ասել է. «Նայիր քո արյանը, մի՞թե դա աստվածների երակներով հոսող իքոր է»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5337 | 0 | 0
Facebook