Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարեգին Բ-ն մաս է կազմում քոչարյանասերժական քրեաօլիգարխիային

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:12, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
Գարեգին Բ-ն մաս է կազմում քոչարյանասերժական քրեաօլիգարխիային
     www.a1plus.am կայքին տրված բացառիկ հարցազրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Եղիա աբեղա Խաչատրյանը կատարում է ապշեցնող բացահայտումներ Գարեգին Բ կաթողիկոսի, նրա կլանի, վարած քաղաքականության և հակաեկեղեցական ու ապազգային կեցվածքի մասին: Իսկ պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըչյանը ներկայացնում է անցյալի կաթողիկոսների հրաժարականների և գահազրկումների պատմական նախադեպերը:
     Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝ կից տեսանյութերով.
    

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին հոգևորական Արմեն Խաչատրյանը պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն սպասարկում է քոչարյանասերժական համակարգին, եկեղեցում էլ ստեղծել է անձի և ոչ թե Աստծո պաշտամունք:

Արմեն Խաչատրյանը Սուրբ Էջմիածնի նախկին միաբան է, ձեռնադրվել է կուսակրոն քահանա Եղիա աբեղա Խաչատրյան անունով, աշխատել Կաթողիկոսարանի դիվանատանը, եղել է Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ:

«Այսօրվա կաթողիկոսը չի տիրապետում Հայ առաքելական եկեղեցու աստվածաբանությանը, վարդապետությանը և ընդհանրապես եկեղեցական կանոնադրությանը ու ավանդույթներին: Ինքը, կարծես, եկեղեցուց կտրված մի մարդ է: Փորձեք հարցնել իրեն Աստվածաշնչից մի թեմա, զրուցել, քննարկել: Չի կարող, այս մարդը չի տիրապետում, հավատք չունի. Աստվածաշունչ չգիտի, ուր մնաց՝ թե քարոզի: Տեսեք՝ ինքը չի շփվում ժողովրդի հետ», - «Ա1+» -ի հետ զրույցում ասաց նա:

2013 թվականին Եղիա աբեղան կարգալույծ է հռչակվել, իր խոսքով, ճեմարանում արմատավորված թերությունների մասին բարձրաձայնելուց հետո:

«Չասաց՝ դու սխալ ես կամ ինչ որ ասում ես՝ չեմ ընդունում: Ուղղակի ասաց, որ ձեր կեղտոտ անկողինը պետք չի փռել դասախոսների և բոլորի առաջ: Այդ մարդը տարբեր պատկերացում ունի եկեղեցու մասին, ինքը դա կլան է հասկանում և ինձ բառացի խոստովանեց, որ քո մտածելակերպի տեր մարդը իմ համակարգում տեղ չունի»:

Հոգևորականին Մայր Աթոռից տեղեկացրել են, որ շուտով նոր պաշտոնի են նշանակելու և ուղարկել են հանգստի: Որոշ ժամանակ անց նա տեղեկացել է իր կարգալույծ լինելու մասին:

«Դա կոպիտ հերետիկոսություն է: Կաթողիկոսը չի կարող օծումը ջնջել: Իր հակազդություններից մեկը կարգալուծությունն է, որով վախեցնում է բոլորին: Հիշում եմ, որ ասել է, թե մի զանգով կարող է բոլոր ճանապարհները փակել: Իսկ երբ դա չի անցնում, սկսում է լրատվամիջոցներով վարկաբեկել ու պիտակավորել որպես մասսոններ կամ միասեռականներ», - նկատեց Արմեն Խաչատրյանը:

Հոգեւոր Ճեմարանի նախկին փոխտեսուչը պատմում է, որ կառույցում պաշտոնները տրամադրվում են խնամի բարեկամական կապերի շնորհիվ, հոգեւորականներն իրենց հռչակել են կաթողիկոսի զինվորներ և անձի պաշտամունքով են զբաղված: Ուսանողներին արգելվում է շփվել միաբանների հետ, նրանք չունեն հոգեւոր հայր, որը ձեռնադրությունից առաջ զբաղվի հոգեւոր դաստիարակությամբ:

«Բարեկամների մի խմբակ էր ձեւավորվել, որ շատ ավելի շփացած էին ու փողոցը տեղափոխել էին ճեմարան, որտեղ էլ իրենց արտոնյալ էին զգում»:

Բռնություն և սարսափ տարածողներից Արմեն Խաչատրյանն առանձնացրեց ներկա վերատեսուչին:

«Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն է: Երբեմն, այնպես էր հարձակվում ուսանողների վրա, որ նրանք գունատվում էին եւ այլեւս չէին կարողանում ձայն ու ծպտուն հանել: Եվ սա հատուկ էր արվում: Նրանից առաջ փոխտեսուչ էր տեր Վաչե քահանա Հայրապետյանը, այնուհետեւ՝ տեր Զավեն քահանա Մարկոսյանը, որոնք նույն բռնապետական ոգով փորձում էին ուսանողի մեջ կոտրել անհատականությունը և վախի, սարսափի մթնոլորտ ձեւավորել, որը հենց Կաթողիկոսի քաղաքականության մաս է կազմում», - ասաց նա:

Մայր Աթոռում խախտված հոգեւոր ավանդույթներից նախկին աբեղան մատնանշեց, օրինակ` այն, որ թեմակալ առաջնորդները զրկված են ինքնուրույն ձեռնադրումներ կատարելու իրենց իրավունքից և դրանք կատարվում են միայն կաթողիկոսի հրահանգով ու ընտրությամբ: Միաժամանակ, չկա որևէ մեխանիզմ, որը ստուգի կարգալուծությունների հիմքերը: Թերի է նաեւ կուսակրոնության ընկալումը:

«Մենք չունենք վանք, չունենք վանական կյանք, բայց ունենք կուսակրոնություն: Սա աբսուրդ է: Եվ դրա համար էլ այս բոլոր խայտառակությունները լինում են, որովհետեւ այդ կուսակրոն վանականները պատկերացում չունեն՝ ինչ է դա, ինչ է վանական կյանքը, ինչ է աղոթական վիճակը: Երազում էին կուսակրոն լինել, քանի որ կարծում էին, որ ամեն մեկը արտասահմանում մի թեմ, մի յուղոտ պաշտոն կստանա, կդառնա թեմակալ առաջնորդն ու եպիսկոպոս: Իրենց կուսակրոնության հասկացողությունը տրամպլին է արտասահման գնալու, բարձր պաշտոններ ձեռք բերելու համար: Նույնիսկ խոսակցություններ կային, որ՝ ինչ կլինի՞ որ՝ վեղար կդնեմ, մի կողմից էլ ընտանիք կունենամ, ո՞վ պիտի իմանա: Բայց Աստված հո կիմանա» - վրդովված պատմում է Գևորգյան ճեմարանի նախկին սանը։

Վեհափառի դեմ իր բողոքն ու այս օրերին իրականացվող ակցիաները Հայոց եկեղեցու դեմ չեն, ասում է Խաչատրյանը: Ուղղակի երկար ժամանակ Գարեգին 2-րդի անձը նույնացվել է եկեղեցու հետ. «Եթե ինքը լինի իրոք Լուսավորչի հավատքի կրողը, վստահաբար որևէ մեկը չի համարձակվի իր դեմ ոտնձգություններ անել: Բայց մենք տեսնում ենք, որ այս մարդը ոչ մի կապ չունի հոգեւոր կյանքի հետ, բուն եկեղեցու առաքելության հետ, ինքը աշխարհիկ մարդ է, պարզապես հոգեւորականի հագուստով է: Իր ամբողջ էությամբ ինքը բիզնես հոգեբանությամբ է: Չենք ուրանում իր արած գործերը: Լավ է, որ կառուցում և վերանորոգում է, բայց եկեղեցի կառուցելուց առաջ ինքը պետք է եկեղեցական համայնքներ ձեւավորի»:

Պատմաբան-հրապարակախոս Գեւորգ Յազեջյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցեց, որ հայոց պատմությանը հայտի են թվով 15 կաթողիկոսներ, ովքեր կա՛մ հրաժարական են տվել, կա՛մ գահընկեց արվել: Որոշ դեպքերում էլ միջամտել են իշխանությունները: Կլինի՞ արդյոք Գարեգին 2-րդը հաջորդ գահազուրկ Կաթողիկոսը, ըստ բանախոսների, պարզ կդառնա իրավապահների՝ արդեն սկսած հետաքննությունից հետո:

Ի դեպ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից «Ա1+» -ին ասացին, որ Եղիա աբեղա Խաչատրյանը կարգալույծ է հռչակվել ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար, ու կրկին մեկնաբանել հարցը այստեղ անիմաստ համարեցին:
    
     Գայանե Հակոբյան

Կուսակրոնությունը՝ տրամպլին բարձր պաշտոններ ձեռք բերելու համար
Բացահայտումներ Կաթողիկոսի մասին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7363 | 0 | 0
Facebook