Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նիդերլանդներում հանդիպել է նաև տեղի հայազգի բժիշկների խմբին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:39, չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նիդերլանդներում հանդիպել է նաև տեղի հայազգի բժիշկների խմբին

https://www.nidoragir.com/2018/07/blog-post_24.html


    
     23 հուլիսի, 2018 ԱՄՍՏԵՐԴԱՄ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով աշխատանքային այցով եղել է Ամստերդամում, մասնակցել Է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովին՝ ներկայացրել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները: նա նաև ժամանակ է գտել հանդիպել տեղի հայ բժիշկների մի խմբի (այդ մասին քիչ հետո):
    

Հիշյալ սեմինարին մասնակցել են նաև տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ: Նրանք ներկայացրել են իրենց երկրների փորձն ու խնդիրները: Հստակեցվել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները: Հայ նախարարը կարևորել է երկխոսության անցկացումը այն իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ: Արսեն թորոսյանի հավաստմամբ Հայաստանում իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է եղել:

ՀՀ առողջապահության կայքի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Համատեղ քննարկվել են ընթացակարգային մի շարք ծրագրեր, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։ Համագործակցությունը կլինի շարունակական: Օգտակար քննարկումները կշարունակվեն ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև առաջիկայում Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովի անցկացման ժամանակ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը սիրով է ընդունել նախարար Ա. Թորոսյանի Հայաստան հրավիրելու առաջարկը:

Այժմ նախարարի ու նիդերլանդահայ բժիշկների հանդիպման մանրամասների մասին:

Հանդիպումը Հայաստանի նորանշանակ առողջապահության նախարարի հետ տեղի է ունեցել Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնությամբ: Նիդերլանդահայ բժիշկներով ու բուժաշխատողներով համալրված AMIC-ի նպատակն է՝ փորձել խթանել աշխարհում առողջապահության ոլորտի հայ մասնագետների կարողությունները, ստեղծել նրանց միջեւ հաղորդակցության ու համագործակցության հնարավորություններ: Բնականաբար, նաև կապ հաստատել Մայր Հայրենիքի առողջապահության ոլորտի աշխատողների հետ, փոխանակել փորձն ու կիսվել գաղափարներով:

Այս կապակցությամբ նախարարի ու խմբի անդամների միջև տեղի ունեցավ անկաշկանդ ու անկեղծ քննարկում՝ նիդերլանդահայ բժիշկների խմբի հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին մասնակցելու համար: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» փոխանցեց Նիդերլանդների Թագավորությունում երիտասարդ ու շնորհալի նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը՝ շատ օգտակար ու արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել: Նիդերլանդահայ բժիշկները` նախ տպավորված են, որ նախարարը սուղ ժամանակն օգտագործել է իրենց հետ հանդիպում ունենալու համար: Նա ծանոթացել ու լսել է խմբի անդամներին, որոնք պատմել են իրենց ոլորտների գործունեության փորձի մասին: Ապա նախարար Արսեն Թորոսյանն է անդրադարձ կատարել, մատնանշել՝ թե ինչ վիճակում են գտնվում հիվանդանոցներն ու առողջապահության ողջ համակարգը:

Նախարարը հավաստիացրել է, որ կարճ ժամանակամիջոցում ամեն բան անելու են համակարգը առողջացնելու, ոտքի կանգնացնելու համար: Իրենց հերթին հոլանդահայ բժիշկները հավաստիացրել են, որ կանեն իրենցից կախված քայլերը՝ օգնելու և նպաստելու ոլորտի զարգացմանը: Մասնավորապես Գոռ Խաչիկյանը, ով շտապ, առաջին օգնության բժիշկ է, պատրաստակամություն է հայտնել լինել Հայաստանում ու իր ասպարեզի փորձն ու կարողությունները փոխանցել հայ մասնագետներին: Խաչիկյանը կարևորել է առողջապահական ճկուն, աշխատող համակարգ ստեղծելու խնդիրը: Այնպիսի համակարգ, որ անկախ իրավիճակից դիմակայի մարտահրավերներին ու անխափան աշխատի:

Նախարարը վերհաստատել է, որ սփյուռքի մասնագետների յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանալու է թե' իր, և թե նոր կառավարության ուշադրությանը:

«Կարող եմ փաստել, որ սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ», - ընդգծել է Arsen Torosyan-ը։

Edgar Wahanyan

Hay Azian

«Նիդ.օրագրի» թղթակիցներ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3989 | 0 | 0
Facebook