Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարեգինի նոր կոստյումը հին կարկատաններով

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
21:11, երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ.
Գարեգինի նոր կոստյումը հին կարկատաններով

Սույն համեստ դիտարկումը նպատակ ունի ներածական նյութ հանդիսանալ մեր հպարտ ազգի այն անձանց համար, ովքեր անտեղյակ են «Նոր հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գործունեությունից: Աստվածաբանական ծանր մեկնաբնություններից խուսափելու համար՝ ստորև փորձելու ենք վերլուծական ոճով ներկայացնել իրողությունը:

1999 թ.Գարեգին սրբազանը ընտրվեց կամ գուցե նշանակվեց կաթողիկոս և Լուսավորչի գահն ուղղեց դեպի խավար, ինչպես մինչ վերջերս ՀՀԿ-ն տանում էր երկիրը հայաթափման և կործանման: 1999 թ. կաթողիկոսական ընտրության հանգամանքը կասկածելի և միևնույն ժամանակ ծեծված համարելով՝ կանդրադառնանք մեկ այլ դիպվածի, որը վերաբերում է Գարեգինի վարած քաղաքականությանը:

Պատմության բերումով այնպես ստացվեց, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունեցավ նվիրապետական 4 աթոռ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունները, Կիլիկիո կաթողիկոսությունը: Նշյալ աթոռների պատմական հարաբերությունների բազմահատոր ուսումնասիրությունը մեր ընթերցողի ուսերին չթողնելու համար նշենք, որ դրանք փոփոխական վայրիվերումներով բարիդրացիական են եղել: Հատկանշական է, որ վերջին տասնամյակում աթոռների միջև հարաբերության լարումն առաջացել է գլխավորաբար Գարեգինի վարած քաղաքականության հետևանքով:

Իր օծումից մեկ տարի անց՝ Գարեգին Բ-ն անհասկանալի սկզբունքերով նամակագրական կապի միջոցով փորձում է նվիրապետական աթոռներին պարտադրել Մայր Աթոռի վարչական գերակայությունը մնացյալ երեք աթոռներին: Անշուշտ սերժական այս քայլն առաջացրեց եկեղեցական համայքնի զայրույթը, որի գրավոր լավագույն դրսևորումն է Ամենապատիվ Մեսրոպ արք. Մութաֆյանի նամակը Գարեգին Բ-ին (առավել մանրամասն՝ այստեղ): Այսպես, անհաջող նվիրապետական գրավումից հետո Գարեգին Բ-ն բավարարվեց Մայր Աթոռով, երբեմն նույնիսկ իրավունք վերապահեց Մայր Աթոռին վերագրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անունից հանդես գալը, որ կանոնական կոպիտ խախտում է: Այնուհանդերձ, սերժական Գարեգինի իշխանատենչ սիրտը ծարավ էր աթոռների գրավման հարցով:

2013 թ. Մայր Աթոռում գումարվեց չորս նվիրապետական աթոռների եպիսկոպոսաց ժողով: Այնուհանդերձ, հանրությանն այդ ժողովը մատուցվեց այլ լույսի ներքո: Պաշտոնապես հայտարարվեց, որ ժողովի նպատակն է մի քանի ծեսերի վերանայումը, ինչպես նաև եղեռնի զոհերի սրբադասման հարցի քննարկումը:

Սակայն, եկեք նայենք հարցի մյուս երեսին՝ 2011 թ. Գարեգին Բ-ն ցանկացավ Շվեյցարիայի հայոց թեմում առաջնորդի փոփոխություն կատարել և առաջնորդական փոխանորդ նշանակեց Տ. Մեսրոպ վրդ. Պարսամյանին: Շվեյցարիայի հայ համայնքն ըմբոստացավ Գարեգինի որոշմանը և իր ձեռնարկումը ձախողվեց (առավել մանրամասն՝ այստեղ):

Իրականում, 2013թ. եպիսկոպոսաց ժողովին քննարկման դրվեց թեմական կանոնադրության նախագիծը: Այս քայլն իրականում նպատակ ուներ Գարեգին Բ-ին տրամադրել անսահմանափակ իշխանություն թեմերում, քանի որ օտար երկրներում մեր թեմերը տվյալ պետության հետ իրավական փոխհարաբերությունը կարգավորում են կանոնադրությամբ, իսկ Շվեյցարիայի պարագայում կանոնադրության մեջ նշված չէր, որ Գարեգինն իրավասու է առաջնորդ փոխել:

Գարեգինը հասկացավ, որ անգամ թեմերում նա չունի սերժական ոճի իշխանություն, սակայն թեմական կանոնադրության նախագծի հաստատումը մինչ օրս լուծված չէ:
     Սիրելի՛ ընթերցող, արդյոք չե՞ք տեսնում նմանություն Գարեգինի կանոնադրական բարեփոխության և Սերժի սահմանադրական բարեփոխության միջև:

Հ.Գ Այսօր կարդացի մի զավեշտալի նյութ: Նյութի առարկան էր Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրական նախագիծը: Ազգային եկեղեցական ժողովն ի պաշտոնե կարող է կարգալույծ հռչակել Գարեգին Բ-ին և դրանով էլ պարզ է դառնում, թե ինչո՛ւ այս տխրահռչակ կաթողիկոսի օրոք Ազգային-եկեղեցական ժողով չի գումարվել, սակայն այդ հարցից խուսափելու համար դեռ թեմական կանոնադրությունը չհաստատած՝ արդեն ջանում է իշխանությունը տարածել մնացյալ նվիրապետական աթոռների վրա:

Փաստացի Գարեգին Բ-ն եպիսկոպոսաց ժողովներով ջանում է բռնազավթել ամբողջ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչպես բռնազավթել է Մայր Աթոռը: Ցնցող նմանություն կա Գարեգինի և Սերժի միջև, սակայն Սերժի համար կարված կոստյումը հագավ ազգընտիր Նիկոլ Փաշինյանը, իսկ Գարեգինի համար կարվող հին կարկատաններով նոր կոստյումը մեր աղոթքներով իր դերձակատնից դուրս չի գալու:

…..Ժամերգության իջնող սրբազան….

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4349 | 0 | 0
Facebook