Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաքսիմ Գորկի. «Հրեաների մասին» (նախորդի շարունակությունը)

14:57, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Մաքսիմ Գորկի. «Հրեաների մասին» (նախորդի շարունակությունը)

Սա շատ ամուր մտել է հոգուս մեջ, և ես վստահաբար ասում եմ՝ Գիլելի իմաստուն խոսքն իմ անհարթ ու դժվարին ճանապարհին ամուր գավազան է եղել:

Դժվար է ճշգրիտ ասել, թե մարդն ինչին է պարտական, որ կարողացել է փոթորիկների, հուսահատության, պահերին, կյանքի խառնաշփոթ արահետներով ընթանալիս ոտքի վրա մնալ, բայց ես կրկնում եմ՝ Գիլելը բազմիցս է օգնել ինձ իր հստակ իմաստունությամբ:

Ես կարծում եմ, որ հրեական իմաստունությունն առավել համամարդկային է, քան ցանկացած ազգինը՝ ոչ միայն այն պատճառով, որ այն հին է ու նախածին, այլև այն պատճառով, որ այն մարդասիրական ներուժ ունի:

«Իսկական Շեկինախը հենց մարդն է», - ասել են հրեաները: Այս բնորոշումն ինձ համար շատ թանկարժեք է, ես սա բարձրագույն իմասնություն եմ համարում, որովհետև համոզված եմ, որ

քանի դեռ մենք չենք սովորի հիանալ մարդ արարածով՝ որպես մեր մոլորակի ամենագեղեցիկ ու հրաշակերտ երևույթ, մենք չենք ազատագրվի մեր կյանքի կեղծիքից ու գարշանքից:

Այս համոզմունքով եմ ես կյանք մուտք գործել, այս համոզմունքով էլ դրանից կհեռանամ և, հեռանալով, անշեղորեն կհավատամ, որ ինչ-որ մի ժամանակ աշխարհը կընդունի, որ սրբության սրբոցը մարդն է:

Անհանդուրժելի է տեսնել, որ աշխարհին անհրաժեշտ այդքան գեղեցիկը, իմաստունը արարած մարդիկ ճնշված են այնպիսի արտակարգ օրենքներով, որոնք ամեն կերպ սահմանափակում են նրանց ապրելու, աշխատելու, ազատության իրավունքը:

Հարկավոր է, որովհետև արդարացի է, որ հրեաները ռուսներին իրավահավասար լինեն. դա պետք է անել ո'չ միայն այն պատճառով, որ այդ ժողովուրդը շատ օգտակար ծառայություններ է մատուցել մարդկությանն ու մեզ, այլև ինքներս մեզ հարգելու համար:

Անհրաժեշտ է շտապ իրականացնել այս պարզ մարդկային գործը, քանի որ Ռուսաստանում հրեաների նկատմամբ թշնամանքն ահագնանում է, և եթե մենք հենց հիմա չփորձենք կանգնեցնել այդ կույր թշնամանքի աճը, այն մեր երկրի մշակութային զարգացման վրա կործանարար ազդեցություն կունենա: Պետք է հիշել, որ ռուս ժողովուրդը շատ քիչ լավ բան է տեսել, այդ իսկ պատճառով շատ մեծ հաճույքով հավատում է ամեն մի վատ բանի, որ նրա ականջին շշնջում են մարդատյացները: Ռուս մուժիկի մեջ հրեայի նկատմամբ օրգանական թշնամանք նկատելի չէ, ընդհակառակը, նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Իսրայելի կրոնական գաղափարին: Որքան հիշում եմ, հուդայական աղանդներ գոյություն ունեն միայն Ռուսաստանում և Հունգարիայում: Մեզ մոտ վերջին տարիներին «սուբբոտնիչեստվո» -ն և «Նոր Իսրայել» -ը շատ արագ են զարգանում:

Սակայն, չնայած դրան, երբ ռուս մուժիկը լսում է հրեաների հալածանքների, հետապնդումների մասին, նա արևելքցու անտարբերությամբ ասում է` անմեղին չեն դատում, չեն ծեծում:

Բայց գոնե նա պետք է իմանա, որ սուրբ Ռուսաստանում անմեղներին շատ հաճախակի են դատում ու ծեծում, որ նրա մեջ արդարի ու մեղավորի մասին պատկերացումները հնուց ի վեր աղճատված են, նրա մշուշոտ հոգում արդարության զգացումը թույլ է զարգացած, որովհետև այն աղավաղվել է թաթարականությամբ, բոյարականությամբ ու ճորտատիրական իրավունքի սարսափներով:

Գյուղն անհանգիստ մարդկանց չի սիրում՝ նույնիսկ այն դեպքում, եթե այդ անհանգստություն ավելի լավ կյանքի ձգտմամբ է պայմանավորված: Մենք բոլորս չափից ավելի ենք արևելքցի, մենք հանդարտություն, հանգստություն, անշարժություն ենք սիրում, և խռովարարը, եթե նույնիսկ դա Հոբն է, մեզ ընդամենը հպանցիկ է հիացնում: Վեցամսյա ձմռան պայմաններում ապրող մշուշապատ երազանքներ ունեցող մարդիկ ենք մենք և գեղեցիկ հեքիաթներ ենք սիրում, բայց գեղեցիկ կյանքի ցանկությունը մեզ մոտ զարգացած չէ: Եվ երբ մեր ծույլ մտքի հարթության վրա ինչ-որ նոր, անհանգստացնող բան է հայտնվում, մենք հոգ ենք տանում ենք ո՛չ թե այն մասին, որ այդ նորն ընդունենք ու ուսումնասիրենք, այլ հոգում ենք, որ այդ նորը որքան հնարավոր է շուտ մղենք մեր հոգու մութ անկյունն ու թաղենք, որպեսզի չխանգարի մեր գորշ երազանքներին ու անզոր հույսերին:

Բացի ժողովրդից, կա նաև անդասակարգ, մշակույթազուկ «չեռնը», որն ատելության մութ զգացումով է ներծծված իր ըմբնումներից դուրս գտնվող ու անպաշտպան ամեն ինչի նկատմամբ: Ես խոսում եմ այն չեռնի մասին, որին Պուշկինը հետևյալ խոսքերով է բնորոշել.

«Մենք փոքրոգի ենք, մենք նենգ ենք,

Անպատկառ ենք, չար ու անշնորհակալ,

Մենք սառնասիրտ ամորձատվածներ ենք,

Զրպարտողներ, ստրուկներ ու տխմարներ»:

«Չեռն» -ն է, հիմնականում, այնպիսիների կենսաբանական նախասկիզբը, ինչպիսին հրեատյացությունն է:

Իսկ հրեաներն անպաշտպան են, և դա առանձնահատուկ կործանարար է ռուսական կյանքի պայմաններում: Ռուսական հոգին խորությամբ ճանաչող Դոստոևսկին բազմիցս նշել է, որ անպաշտպանվածությունը դաժանության, հանցավորության հակում է բորբոքում: Վերջին տարիներին Ռուսաստանում աճել է այն մարդկան թիվը, որոնք սովորել են մտածել, թե իրենք երկրագնդի լավագույն մարդիկն են, և որ իրենց թշնամին այլածինն է, և առաջին հերթին՝ հրեան:

Այդ մարդկանց երկար ու ու համառորեն համոզել են, թե բոլոր հրեաներն անհանգիստ մարդիկ են, գործադուլավորներ են ու խռովարարներ…Հետո նրանց իրազեկել են, թե հրեաները սիրում են գողացված տղա երեխաների արյունը խմել: Մեր օրերում նրանց ներշնչում են, թե Լեհաստանի հրեաները լրտեսներ ու դավաճաններ են: Եթե ատելության այս ամբողջ քարոզչությունն արյունալի ու ամոթալի արդյունքների չի հանգեցնում, ապա միայն այն պատճառով, որ այն բախվում է կյանքի նկատմամբ ռուս ժողովրդի անտարբերությանը և անհետանում է այդ անտարբերության մեջ. բախվելով այդ չինական պարսպին, ջախջախվում է, այն պատին, որի հետևում թաքնված է մեր դեռևս չբացահայտված ժողովուրդը:

Բայց եթե այդ անտարբերությունը վրդովվի ատելության քարոզիչների ջանքերով, հրեությունը ռուս ժողովրդի առաջ կկանգնի որպես բոլոր հանցանքներում մեղավոր մի ցեղ:

Եվ առաջին անգամը չէ, որ հրեաները ներկայացվելու են որպես ռուսական կյանքի բոլոր դժբախտությունների մեղավոր, նրանք արդեն որերորդ անգամ մեր մեղքերի քավության նոխազ են հանդիսանում, նրանք արդեն իրենց ունեցվածքով ու կյանքով վճարել են այն բանի համար, որ օժանդակել են ազատության մեր տենդագին ձգտմանը:

Ես կարծում եմ, չարժե հիշեցնել այն մասին, որ մեր «ազատագարական շարժումները» միշտ տարօրինակորեն ավարտվել են հրեական ջարդերով:

Կենսունակ ու մշակութային է միայն այն հասարակությունը, որը կառուցված է իրավունքի և արդարության գաղափարների հենքի վրա, քանի որ միայն այդ գաղափարներն են մարդկանց օգնում հաղթել եսասիրության կենսաբանական նախասկզբին, միայն դա է ի վիճակի մարդու մութ զգացմունքների քաոսի մեջ մտցնել բանական կամքի բարեբեր լույսը:

Արդարությունն այն «Երգ երգոց» -ն է, որը պետք է առանց հոգնելու երգեն աշխարհի բոլոր բանական մարդիկ, բոլոր նրանք, ովքեր հարգում են իրենց, ովքեր պահանջում են հարգանք իրենց նկատմամբ:

Ճանաչիր այլոց այն իրավունք, որին ծարավի ես ինքդ, և բոլորը կճանաչեն այնպիսին լինելու քո այն իրավունքը, որպիսին ի զորու ես լինել դու. դա միակ ուղիղ ու ազնիվ արահետն է, որը մարդուն ազատության է տանում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6098 | 0 | 0
Facebook