Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սա ոչ թե հայրապետ է, այլ վեհարանում կաթողիկոս է աշխատում

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
09:55, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Սա ոչ թե հայրապետ է, այլ վեհարանում կաթողիկոս է աշխատում

Չէ՛, ո՛չ, առիթից չե՛մ օգտվել… Չարախնդություն չկա պատումի մեջ։ Կա իրականություն, որի մեջ կան նաեւ մասնակից վկաներ։ Հորինվածք չէ՛ սա, այլ աչքի տեսած, որ հավերժականորեն ձուլվել է հոգուս պատին։ Չէ՛, ո՛չ… Զրպարտանք չէ սա, պահը օգտագործել չէ՛… Պարզապես կարծում եմ, որ ամեն բան իր ժամանակն ունի բարձրաձայնելու, կամ գործադրելու… Ահա՛ այն փոքրիկ դիպվածը, որ պատահեց ինձ հետ դեռ տարիներ առաջ, եւ որն այդպես էլ իմ մեջ փշրեց դեպի կուսակրոն քահանան հարգանքի վեհագույն դրսեւորումը…

Հիմա մի դեպք պիտի պատմեմ։ Ձեզանից, մարդիկ կգտնվեն, ովքեր գուցե չհավատան, կամ չէին ուզենա, որ լիներ իմ պատմածի նման եւ դրա համար է, որ չընդունեն այն ինչ տեսել է աչքս ու լսել ականջս…
     1995-ի ամառն էր։ Ավարտել էի Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի հանրապետական ուսումնարանը եւ ցանկություն առաջացավ ներսումս, ուսման անցնել սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, եւ որպես դիմորդ, անձնական գործերս ներկայացրեցի ճեմարանի քարտուղարության համապատասխան բաժին։ Փաստաթղթերն ստուգելուց հետո միայն պարզ եղավ, որ անձնական գործին պարտադիր պիտի կցված լիներ դիմորդի բնակության համապատասխան վայրի թեմի կամ որ ավելի ճիշտ է ասելը՝ թեմակալ առաջնորդի երաշխավորագիրը։ Ես այդ մասին միայն այդ պահին իմացա։ Դուրս գալով ճեմարանից, զանգեցի տուն եւ խնդրեցի, որ դիմեն առաջնորդին, երաշխավորագիրը վերցնելու համար։ Առաջնորդարանից փոխանցել էին, որ Գրիգորիս սրբազանը արձակուրդում է, եւ գտնվում է Արգենտինայում։ Հուսահատված գնացի ճեմարան։ Հայտնեցի ստացված լուրը եւ խնդրեցի, որ գործերն ընդունեն մինչեւ սրբազանի վերադառնա եւ խոստացա ամբողջացնել անձնական գործս։ Ինձ տեղեկացրեցին, որ այդպես չի կարող լինել եւ միայն փաստաթղթերի ամբողջական լինելուց հետո է, որ կկարողանան ընդունել։ Փաստորեն մի թղթի պատճառով ես չպիտի կարողանամ ընդունվել հոգեւոր բարձրագույն այն հաստատությունը, որտեղ ժամանակին սովորել էի հայ մշակույթի մեծագույն դեմքերը՝ Կոմիտաս, Ավ. Իսահակյան…
     Գլխիկոր ու հուսահատ կերպով, երբ ուզեցի դուրս գալ սենյակից, պատասխանատու քարտուղարն ասաց, որ երաշխավորագիրը կարող եմ վերցնել Հայաստանի յուրաքանչյուր թեմից, եւ կարեւորը, այդ գրության առկայությունն է եւ հոգեւորականի երաշխավորությունը։ Ներքուստ ժպտացի, դեմքս ավելի պայծառացավ։ Փաստորեն դեռ ամեն ինչ չէ, որ կորցրել էի։
     Մտածեցի, որ ինձ այս պահին ամենամոտիկ թեմը Արարատյան թեմն է, որի կենտրոնը՝ Երեւանն է։ Առանց ժամանակ կորցնելու մեկնեցի մայրաքաղաք։ Սբ. Սարգիս եկեղեցուն կից էր առաջնորդարանը։ Մտա ներս ու աստիճաններով բարձրացա երկրորդ հարկ։ Մինչ առաջնորդին կտեսնեի, ինձ դիմավորեց քարտուղարուհին ու հարցս լսելուց հետո պատասխանեց, որ սրբազանը տեղում չէ, բայց եթե տեղում էլ լիներ, հաստատ իրավասու չէր լինի այլ թեմից եկածին երաշխավորել… Փորձեցի պնդել Էջմիածնից լսածս, բայց նա չուզեց անգամ նայել դեմքիս եւ խնդրեց՝ չխանգարել…
     Սա, կարծես թե վերջին հույսից պոկված մի վերջին շող լիներ։ Համակերպվելով ստեղծված իրավիճակին, դուրս եկա առաջնորդարանից, որ մեկնեմ տուն։ Հանկարծ հիշեցի, որ մեկ-երկու անգամ տեսել ու լսել էի, որ ԱԻՄ նախագահ՝ Պարույր Հայրիկյանը, մոտ էր Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։ Որոշեցի, առանց քաշվելու եւ ամաչելու, դիմել նրան։ Քայլերս ուղղեցի ԱԻՄ գրասենյակ։ Հերթապահ մասում ինձ ասացին, որ պարոն Հայրիկյանն այս պահին չի կարող ընդունել ինձ, եւ, որ հատուկ օրեր կան նշանակված քաղաքացիների ընդունելության։ Այ քեզ բան, բայց ես տեղացի չեմ, ու ինձ համար դժվար կլինի գնալ-գալը, ինչ է, չի՞ կարելի խնդրել, որ բացառության կարգով մի քանի րոպե զբաղեցնեմ։ Իսկ ի՞նչ հարցով, ասաց հերթապահը։ Խիստ անձնական, ասացի ես ու վրա բերեցի, որ խոստանում եմ շատ կարճ ժամանակ խլել։ Այդ պահին բարձրախոսի միջից լսվեց Հայրիկյանի ձայնը. «Թողեք ներս մտնի» ։ Հերթապահը ուղեկցեց Հայրիկյանի աշխատասենյակ։ «Բարեւ Ձեզ, պարոն Հայրիկյան» ։ Դռների արանքում ասացի ես ու արագ քայլքով մոտեցա սենյակի խորքում նստած Հայրիկյանին։ Բարեւ, պատասխանեց նա ու ավելացրեց՝ ի՞նչ կա։ Բացատրեցի տեսակցությանս իմաստի մասին ու խնդրեցի միջամտել։ «Արա ջան, դու հիմա գնա առաջնորդարան, մինչ դու կհասնես, ես կզանգեմ սրբազանին» ։ Ուրախացած շնորհակալություն հայտնեցի եւ արագ դուրս եկա, որպեսզի հասցնեմ, քանի որ ճեմարանում էլ թղթերի ընդունման ժամկետ կար։
     Առաջնորդարանում, նորից մոտեցա քարտուղարուհուն։ «Հայրիկյանն ասել է Ձեր մասին։ Սրբազանը սպասում է, մտեք ներս» ։ Թակեցի դուռն ու ուզեցի ներս մտնել։ Մարմնի կիսով չափ գլուխս ներս տարա, նայեցի շուրջս ու ետ եկա։ Քարտուղարուհին թե. «Մտե՛ք, ինչու՞ դուրս եկաք» ։ «Բայց սրբազանն այնտեղ չէ՛ր», ասացի ես շփոթված։ «Ինչպե՞ս թե, սրբազանը ներսում է» ։ Այ քեզ բան, մտածեցի ես ու նորից դուռը թակելով ուզեցի ներս մտնել։ Ներսում, ինչ որ մեկը, քաղաքացիական հագուստով, սուրճի ու վիսկու սեղանի շուրջ կիսամերկ աղջկան (նույնն է թե պորնիկ) ամուր փաթաթված եւ անկարգ կերպով փռված էր բազմոցին ձայն տվեց․ «Ի՞նչ է պետք քեզ, երիտասարդ» ։ Արագ ասացի թե ինչն էր ինձ բերել առաջնորդարան եւ ներողություն խնդրեցի, որ խանգարել եմ հանգիստը, սրբազանն ասաց, որ քատուղարուհու մոտ է երաշխավորագիրը. «Ասա թող կնիքի եւ վերցրու, տար, որ հասցնես» ։ Այստեղ պիտի խոստովանեմ. ԻՄ ՄԵՋ ԱՅԴ ՏԵՍԱՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՇՐՎԵՑ ԴԵՊԻ ՀՈԳԵՎՈՐԸ, ԴԵՊԻ ԿՈՒՍԱԿՐՈՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՎԵՀԱԳՈՒՅՆ ՕԾՈՒՄԸ։
     Չնայած երաշխավորագիրը վերցրի, գործերիս թղթապանակը հասցրեցի ամբողջացնել ու հանձնել, բայց այդ տեսարանը մինչեւ ավարտելս, մտքիցս դուրս չեկավ ու մինչեւ օրս։ Գարեգին Ա Վեհափառից հետո, երբ Հայրապետական գահին բազմեց Գարեգին սրբազանը (Ներսիսյան), այդ օրից ես հասկացա, որ Լուսավորչի աթոռը ԳՈՐԾ է եւ Ո՛Չ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ…
    
     Արա Նախշքարյան
    
    

Հ.Գ.
     Վերադառնալով սկիզբ՝ նորից կրկնեմ, որպես վերջաբան։ Սա ոչ թե ՀԱՅՐԱՊԵՏ է, այլ ՎԵՀԱՐԱՆՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍ է աշխատում։ Սա այդպես էլ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ՝ ՎԵՀԱՓԱՌ չդարձավ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3640 | 0 | 0
Facebook