Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրեթե ցանկացած սերիալում հերոսը դառնում է սայլակով հաշմանդամ

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
14:20, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2012 թ.
Գրեթե ցանկացած սերիալում հերոսը դառնում է սայլակով հաշմանդամ
     Վերջին ժամանակներս կայքերը, բլոգները և սոցցանցերը ողողված են հակասերիալային հոդվածներով և քննարկումներով: Հասարակության ձայնը ուշացումով, թե ժամանակին, այնուամենայնիվ, բարձրացվեց: Կարծես թե սերիալային բոլոր խնդիրները բարձրաձայնվեցին, բայց արի ու տես, որ հավասարազոր մի խնդիր բաց է թողնվել: Խոսքն այն մասին է, որ գրեթե ցանկացած սերիալում հերոսը դառնում է սայլակով հաշմանդամ, այսինքն կերտում են հաշմանդամություն ունեցող մարդու խղճուկ, պաշտպանության կարիք ունեցողի կերպար՝ դրանով իսկ ամրապնդելով առանց այդ էլ հասարակության կարծրացած կարծիքն ու վերաբերմունքը նմանատիպ մարդկանց: Փոխարենը ավելի հզոր կերպար ստեղծելու, որը գոնե իրականությանը կներկայացնի մեկին, ով փորձում է պայքարել այդ խնդիրների դեմ, օգտագործում են «Ես հաշմանդամ չեմ, որ չկարողանամ աշխատել ընտանիքս պահելու համար» արտահայտությունը: Դա անձնական վիրավորանք է բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սահմանափակ հնարավորություններ:
    

Ինքս առաջին կարգի հաշմանդամ եմ, բայց դա ինձ որևէ կերպ չի խոչընդոտում աշխատել: Ժամանակ առ ժամանակ բուժումներ ստանալիս օգտվում եմ սայլակից, հիմա ինչ այդ ժամանակահատվածում դառնում եմ խղճու՞կ, պաշտպանության կարիք ունեցող մի անհա՞տ: Ի գիտություն բոլոր սերիալի սցենարիստներին, ասեմ, որ դա թյուր կարծիք է:
     Ունեմ նաև շատ հաշմանդամ ընկերներ, ովքերնույնիսկմի քանի աշխատանքներ են անում ու տարբեր զբաղմունքներ ունեն, տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Հետո ինչ, որ մենք` հաշմանդամներս, ամեն անգամ չենք բարձրաձայնում վիրավորանքը, չենք բողոքում, դա նշանակում է, որ մարդկանց հրապարակայնորեն կարելի՞ է վիրավորել: Հեռուստանովելներում այս սխալ տերմինալոգիայի օգտագործումը, հաշմանդամ մարդկանց նկատմամբ սխալ պատկերացումներ ներկայացնելը խոսում է սցենարիստի ոչ իրազեկված լինելու մասին: Մարդը, ով իրազեկ չէ այդ թեմայից եւ խնդրից, ինչ-որ բան անելուց առաջ գոնե պետք է մի փոքր ուսումնասիրի, հետո նոր միայն ստեղծի կերպար, հատկապես հեռուստատեսությամբ եթեր հեռարձակելու համար: Պետք է նրբանկատ լինել նման հարցերում:
     Պարզապես մեկ պարզ ճշմարտություն` որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից, չնայած պատը մնում է պատ, պակասում է մի լավ ճակատ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4818 | 0 | 0
Facebook