Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Արարչագործության մասին պելասգիական կամ նախահունական գեղեցիկ առասպելը

17:43, երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ.
Արարչագործության մասին պելասգիական կամ նախահունական գեղեցիկ առասպելը

Ամենասկզբում եղել է Քաոսը, ապա այդ քաոսից հառնել է մերկանդամ Էվրինոմեն (Եվրինոմե) ՝ ամենայն գոյի աստվածուհին և նկատել է, որ չկա մի բան, որին կարողանա կռթնել ու այդ պատճառով երկինքն անջատել է ծովից ու սկսել է միայնակ պարել ծովի ալիքների վրա: Պարելու ընթացքում նա կամաց-կամաց դեպի հարավ է շարժվել, ու նրա թիկունքում հառնել է քամին, որը Էվրինոմեին լիովին պիտանի է թվացել արարչագործությունն սկսելու համար: Շրջվելով՝ նա որսացել է հյուսիսից եկող այդ քամին, այն սեղմել է իր ափերի մեջ, ու նրա առջև հայտնվել է վիթխարի Օփիոն օձը: Տաքանալու համար Էվրինոմեն սկսել է խելահեղորեն պարել, պարել է այնքան, մինչև որ Օփիոնի մեջ կիրքն է արթնացել: Անսանձ կրքով համակված Օփիոնը պարուրվել է Էվրինոմեի աստվածային ազդրերին, որպեսզի տիրի նրան: Ահա թե ինչու հյուսիսային քամին, որին հույները «Բորեոս» (իտալերեն` «բորա») անունն են տվել, բեղմնավորող հատկությամբ է օժտված, ահա թե ինչու այն զամբիկները, որոնք իրենց գավակն այդ քամու կողմ են դարձնում, առանց հովատակի «միջամտության», արու քուռակներ են ծնում: Հենց այս եղանակով էլ Էվրինոմեն է բեղմնավորվում:

Այնուհետև Էվրիմոնեն աղավնի է դառնում, ալիքների վրա թխսի նման նստում է ու նախասահմանված ժամկետում Աշխարհի ձուն է ածում: Էվրիմոնեի խնդրանքով Օփիոնը յոթ անգամ պտտվում է այդ ձվի շուրջը և ձվի վրա այնքան է պառկում, մինչև որ ձուն երկու կես է լինում: Ձվից դուրս է գալիս այն ամենը, ինչ գոյություն ունի երկրի վրա ու երկնքում (արև, լուսին, մոլորակներ, աստղեր, երկիրն ու նրա լեռները, գետերը, ծառերը, խոտն ու կենդանի արարածները):

Այնուհետև Էվրիմոնեն ու Օփիոնը հիմնավորվում են Օլիմպոս լեռան գագաթին, բայց Օփիոնը նեղացնում է Էվրիմոնեին, քանի որ նա իրեն Տիեզերքի արարիչ է հռչակում: Զայրացած Էվրիմոնեն ոտնաթաթով խփում է Օփիոնի դեմքին, թափում է նրա ատամներն ու վտարում է Տարտարոսի (ստորգետնյա թագավորության) անձուկ քարանձավներ:

Դրանից հետո աստվածուհին մոլորակային հինգ ուժերն է արարում՝ յուրաքանչյուրի գլխին տիտանի ու տիտանուհու (տիտանուհիները եղել են տիտանների քույրերը) կարգելով: Թեյան ու Հիպերիոնը նշանակվում են Արևի տիրակալ, Ֆեբեն ու Ատլասը (Ատլանտը) ՝ Լուսնի, Դիանան ու Քրիոսը՝ Մարս մոլորակի, Մետիսն (Մեթիդան) ու Քեոսը՝ Մերկուրի մոլորակի, Թեմիսն (Ֆեմիդա) ու Էվրիմեդոնտը՝ Յուպիտեր մոլորակի, Թետիսն և Օվկիանոսը՝ Վեներա մոլորակի, Հռեան ու Կրոնոսը՝ Սատուրն մոլորակի:

Բայց առաջին մարդը բոլոր պելասգների նախահայր Պելասգեսն է եղել: Նա ծնունդ է առել Հունաստանի Արկադիա երկրամասում, հետո աշխարհ են եկել նաև ուրիշները, որոնց նա սովորեցրել է խրճիթներ կառուցել, խոզակաղինով սնվել, ինչպես նաև խոզի կաշվից հագուստներ պատրաստել:

Այս հնամենի կրոնական համակարգում դեռ աստվածներ չեն եղել, չեն եղել նաև քրմեր, այլ եղել են ունիվեսալ աստվածուհիներ ու քրմուհիներ, ընդ որում կանայք հանդիսացել են ղեկավարող սեռ, իսկ տղամարդիկ՝ նրանց վախվորած զոհերը: Հայրությունը չի ճանաչվել, որովհետև բեղմնավորման պատճառներ են համարվել քամին, կերած լոբազգի բույսերը կամ պատահականորեն կուլ տված միջատները: Ժառանգականությունը մայրական գծով է եղել, իսկ օձերը համարվել են մեռյալների մարմնացումը:

Օփիոնը կամ Բորեյը հին եգիպտական ու հինհրեական առասպելաբանությունների բարձրագույն իմաստությունը խորհրդանշող օձն է. միջերկրածովյան արվեստի առարկաների վրա աստվածուհին միշտ նրա հետ է պատկերվել: Հողից ծնունդ առած ու Օփիոնի ատամներից գոյացած լինելու հավակնություն ունեցող պելասգները, հավանաբար, ապրել են Նոր քարի դարաշրջանում: Նրանք մայրցամաքային Հունաստան են եկել մոտավորապես մ.թ.ա. չորրոդ հազարմյակի կեսերին: Փոքր Ասիայից այստեղ գաղթած նախահելլենները պելասգներին հանդիպել են Պելոպոնեսում՝ յոթ հարյուրամյակ անց: Բայց «պելասգներ» են սկսել անվանել Հունաստանի բոլոր նախահույն բնակիչներին: Օրինակ՝ ինչպես վկայում է Ստրաբոնը, Եվրիպիդեսը նշել է, թե պելասգներն իրենց «դանայացիներ» են սկսել անվանել այն ժամանակից ի վեր, երբ Դանայան ու իր հիսուն աղջիկներն Արգոս են եկել: Նրանց հոռի բարքերի քննադատությունը, հավանաբար, վերաբերում է նախահելլենական խմբային ամուսնությանը: Ստրաբոնը նաև տեղեկացնում է, թե Աթենքում ապրող մարդիկ «պելերգներ» («արագիլներ») անվամբ են հայտնի եղել: Հնարավոր է, որ դա եղել է նրանց տոտեմ թռչունը:

Տիտանների ու տիտանուհիների անալոգները հին բաբելոնական ու պաղեստինյան աստղաբանության մեջ մոլորակային սրբազան շաբաթի յոթ օրերը կառավարող աստվածություններ են եղել: Դրանք Հունաստանում կարող էին հայտնվել այստեղ հաստատված քանանական ու խեթական գաղութաբնակների միջոցով: Այդ գաղութները Կորնթական պարանոցում գոյություն են ունեցել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբից, բայց երբ Հունաստանը հրաժարվում է տիտանների ու տիտանուհիների պաշտամունքից, պաշտոնական օրացույցից էլ հանվում է յոթօրյա շաբաթը. առանձին պատմիչների վկայությամբ՝ տիտանների թիվը հասնում է տասներկուսի (հնարավոր է, Կենդանակերպի նշաններին համապատասխան): Ըստ բաբելոնական առասպելաբանության՝ շաբաթվա բոլոր մոլորակային կառավարիչները (Շամաշը, Սինը, Ներգալը, Բելը, Բելթիդն ու Նինիբը) արական սեռի են եղել՝ բացառությամբ սիրո աստվածուհի Բելթիդի: Բայց գերմանական շաբաթում, որը կելտերը փոխառել են Միջերկրական ծովի արևելյան ափերի բնակիչներից, կիրակին, երեքշաբթին և ուրբաթը եղել են ոչ թե տիտանների, այլ տիտանուհիների տնօրինման ներքո: Այս համակարգը նախահելլենական Հունաստան հասնելուց որոշ ժամանակ անց տասնչորս տիտաններից մնում է ընդամենը յոթը, ընդ որում՝ երկու սեռից էլ, և երկնային մարմիններին ամրագրվում են հետևյալ գործառույթները. Արևի «պարտականությունը» լուսավորելն է եղել, Լուսնինը՝ կախարդելը, Մարսինը՝ բոլոր շնչավորների աճն ապահովելը, Մերկուրիինը՝ իմաստություն շնորհելը, Յուպիտերինըը՝ օրենքներ սահմանելը, Վեներայինը՝ սիրայն գործերի տնօրինումը, Սատուրնինը՝ խաղաղության հաստատումը: Դասական Հունաստանի ու Բաբելոնի աստղաբաշխները մոլորակներն ընծայում են Հելիոսին, Սելենեին, Արեսին, Հերմեսին (կամ Ապոլոնին), Զևսին, Աֆրոդիտեին և Քրոնոսին, որոնց լատինական անունները ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներում ընկել են շաբաթվա օրերի անվանումների հիմքում:

Ի վերջո Զևսը կուլ է տալիս բոլոր տիտաններին՝ ներառյալ իր ավելի հին երրորդությանը: Հին հրեաները Երուսաղեմում երկրպագել են շաբաթվա բոլոր մոլորակային տիրակալների համախուբումբ աստծուն, որն արտացոլված է Մենորայի (յոթթևանի աշտանակ) կառուցվածքում: Հին Սպարտայում ձիու արձան է կանգնեցված եղել, ձիու շուրջը` մոլորակները խորհրդանշող յոթ աշտարակներ: Պատմիչ Պավսենիոսի վկայությամբ, դրանք կարող են աղերս ունենալ պելասգների ներմուծած եգիպտական ծիսակարգերի հետ: Հին Եգիպտոսի Հելիոպոլիս քաղաքում հայտնաբերված Զևսի արձանն իր բնույթով եգիպտական է: Արձանի առջևի մասը զարդարել են մոլորակների յոթ տիրակալների կիսանդրիները, իսկ օլիմպիական մյուս աստվածների կիսանդրիներն արձանը զարդարել են հետևից: Այս աստծո բրոնզաձույլ արձանիկը գտնվել է նաև Իսպանիայի Տարտոս քաղաքում, իսկ նույնանման մեկ արձանիկ էլ հայտնաբերվել է փյունիկեցիների Բիբլոս քաղաքում: Ֆրանսիայի Մարսել քաղաքում հայտնաբերված մարմարյա սալիկի վար պատկերված են մոլորակները խորհրդանշող յոթ կիսանդրիներ, ինչպես նաև մարդկային մարմնի բարձրության Հերմեսի արձանը: Սակայն Մոլորակների տիրակալներին երբեք թույլ չի տրվել ազդեցություն ունենալ օլիմպիական աստվածների պաշտոնական պաշտամունքի վրա, քանի որ նրանց բնույթը միշտ էլ ոչ հունական է ընկալվել: Արիստոֆանեսի «Խաղաղություն» ստեղծագործությունում Տրիգեայի շուրթերով հնչեցվում է միտքն այն մասին, որ Լուսինն ու «խարդավանող Հելիոսը» դավադրություն են նախապատրաստել, որպեսզի Հունաստանը դավաճանաբար հանձնեն բարբարոս պարսիկների ձեռքը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2522 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ