Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հին Հունաստանի ևս մեկ առաքինի զորավարի կամ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ զորահրամանատարը

11:21, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Հին Հունաստանի ևս մեկ առաքինի զորավարի կամ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ զորահրամանատարը

Նախորդ հոդվածում ես հիշատակել էի հին Հունաստանի ականավոր պետական ու ռազմական գործիչներից մեկի՝ Թեբեի ու Բեովտիական միության ղեկավար Էպամինոնդեսի անունը, իսկ այժմ կանդրադառնամ նրա գործունեությանն ու այդ գործունեության տարբեր ժամանակահատվածներում արտահայտած մտքերին:


     Մ.թ.ա. 379 թվականին նա և իր մտերիմ ընկեր Պելոպիդեսը մի խումբ թեբեացիների հետ Թեբեում դեմոկրատական պետական հեղաշրջում է կատարում, որի շնորհիվ մ.թ.ա. 382 թվականից Թեբեն բռնատիրած սպարտացիներին հնարավոր է լինում վտարել երկրից:

Բեովտական պատերազմի (մ.թ.ա. 378 – 362 թթ.) ընթացքում Թեբեն կարողանում է ստեղծել ուժեղ դաշնություն, և Էպամինոնդեսն ընտրվում է նաև Բեովտիայի ղեկավար ու բեովտական զորքերի հրամանատար: Լևկրախտի ճակատամարտում, նոր մարտավարություն ընտրելով, նա կարողանում է հաղթել սպարտացիներին, որից հետո երեք արշավանք է կատարում դեպի Պելոպոնես, որոնք ջախջախիչ հարված են հասցնում Սպարտային ու նրանից անջատում են Արկադիան: Այնուհետև Թեբեն ծովամարտերում ջախջախում է նաև աթենական նավատորմն ու գրավում է Քիոս, Ռոդոս կղզիներն ու Բյուզանդիոն քաղաքը: Այս ամենից հետո Թեբեն դառնում է Բալկանյան թերակղզու ամենահզոր պետությունը:

Պատմաբանները նրան համարում են անտիկ դարաշրջանի ամենարժանավոր պատմական գործիչներից մեկը: Նա եղել է և՛ փիլիսոփա, և՛ դերասան, և՛ դիվանագետ, և՛ զորահրամանատար: Նա իր ուժերն ու ամբողջ կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին՝ Թեբեին:

Էպամինոնդեսը երբեք հարուստ չի եղել և ընդհուպ իր կյանքի վերջը հասարակ մարդու նման է ապրել: Ժուժկալ է եղել սննդում ու չի ամուսնացել: Ըստ ավանդապատման՝ երբ նրա թիկնոցը մաքրել են կամ լվացել, նա տանն է մնացել, քանի որ դուրս գալու համար ուրիշ թիկնոց չի ունեցել:

Նա եղել է շատ բարյացկամ, համբերատար, համեստ, շատ արդարամիտ ու ճշտախոս: Նա հրաժարվել է ստել նույնիսկ կատակախառն զրույցների ժամանակ: Լինելով աղքատ՝ իր ընկերական կապերն օգտագործել է դժբախտության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար:

Էպամինոդոնեսը շատ հնարամիտ է եղել և՛ գործով, և խոսքով, և ավանդությունը պահպանել է նրա բազմաթիվ սրամիտ խոսքերն ու արարքները:

Պատմագիր Դեոդոր Սիցիլիացին սերունդներին է փոխանցել նրա հետևյալ իմաստուն խոսքը.

«Ով Հունաստանում գերիշխանության է ձգտում, նա պետք է մարդկային վերաբերմունքի օգնությամբ պահի այն, ինչը ձեռք է բերվել խիզախությամբ»:

Երբ Էպամինոնդեսը Թեբեի ստրատեգոսն (զորքերի գլխավոր հրամանատար) էր, երբեք թույլ չի տվել, որ բանակատեղիում երբևէ խուճապ սկսվի ու հաճախ կրկնել է, թե մարտի դաշտում մահը զոհաբերություն է աստվածներին:

Նա նաև ասել է, թե ռազմիկը պետք է իր մարմինը մարզի ոչ միայն մարզական մրցումների, այլև՝ մարտի համար, և այդ իսկ պատճառով նա չափազանց անհանդուրժող է եղել ճարպակալած տղամարդկանց նկատմամբ ու նրանց նույնիսկ վտարել է բանակից՝ ասելով, թե այդպիսի փոր ունեցողներին նույնիսկ երեք վահանը չի բավականացնի հենց միայն փորը պաշտպանելու համար:

Նա շատ պարզակենցաղ անձնավորություն է եղել: Մի անգամ հարևանը նրան ընթրիքի է հրավիրում: Հյուրին պատշաճորեն պատվելու համար տանտերը մի քանի տեսակի համեղ ու անուշաբույր ուտեստ էր պատաստել: Երբ Էպամինոնդեսը տեսել է այդ ամենը, անմիջապես հեռացել է՝ ասելով.

«Ես կարծում էի, թե այստեղ աստվածներին ոչ թե անպատվում են, այլ պատվում»:

Երբ զորամիավորման խոհարարն Էպամինոնդեսին ու Պելոպիդեսին մի քանի օրվա ծախսերի մասին հաշվետվություն է ներկայացնում, Էպամինոդեսը դժգոհ է մնում միայն յուղի քանակությանը վերաբերող տվյալներից: Ընկերները զարմանում են, իսկ նա ասում է, թե իրեն մտահոգել է ոչ թե յուղի ծախսը, այլ այն, որ այդքան յուղը ծառայել է ոչ թե վարժանքներին, այլ սննդին:

Մի անգամ էլ, երբ բոլորը խմել են ու ճեմել, մեկը նկատել է իր մոտով անցնող մռայլադեմ ու մտախոհ Էպամինոնդեսին ու զարմանքով հարցրել է, թե ինչու է մենակ ու այդքան մռայլ: Զորավարը պատասխանել է.

«Խորհում եմ, որպեսզի դուք կարողանաք հանգիստ խմել, ոչ մի բանի մասին չմտածել ու չանհանգստանալ»:

Մի տխմար փոքրիկ զանցանք է կատարում: Պելոպիդեսը, որի մասին նախորդ հոդվածում պատմել եմ, Էպամինոդեսին խնդրում է, որ զանցառուին ների, բայց Էպամինոնդեսը մերժում է իր ամենամերձավոր զինակցի խնդրանքը: Նույն խնդրանքով նրան է դիմում նաև իր սիրուհին, և Էպամինոդեսը զանցանք գործածին ազատ է արձակում՝ ասելով.

«Այս տեսակ խնդրանքը աղջկան սազական է, իսկ զորավարին սազական չէ»:

Երբ սպարտացիները սկսում են իրենց զորաշարժը դեպի Թեբե, թեբեացիները կանչում են պետության բոլոր պատգամախոսներին: Սրանցից ոմանք կանխատեսում են Թեբեի պարտությունը, իսկ ոմանք էլ հավաստիացնում են, թե սպարտացիներն են պարտվելու: Էպամինոնդոնեսը հրամայում է Թեբեի հաղթանակը կանխագուշակողներին կանգնեցնել փայտամածի աջ կողմում, իսկ պարտությունը կանխազգացողներին՝ ձախ կողմում, ապա կանգնում է ու իր զինվորներին հետևյալն է ասում.

«Եթե դուք լսեք ձեր հրամանատարներին ու միահամուռ ելնեք թշնամու դեմ, ապա ձեր պատգամախոսները սրանք են», - և նա մատնացույց է անում թեբեացիների հաղթանակը կանխատեսողներին, - «իսկ եթե վտանգի առաջ ընկրկելու եք, ապա ձեր պատգամախոսները սրանք են», - ու հայացքն ուղղում է հոռետես պատգամախոսների կողմը:

«Ինձ վիճակված լավ բաներից ամենաուրախալին այն է, - ասել է նա, - որ հայրս ու մայրս այնքան ապրեցին, որ տեսան Լևկրատեի ճակատամարտում մեր հաղթանակը սպարտացիների նկատմամբ»:

Սովորաբար, նա մարդամեջ է դուրս եկել անուշաբույր յուղով մարմինն օծած ու երեսն ածիլած, բայց այս հաղթանակից հետո առավոտյան զինվորների առաջ է ելել մռայլադեմ ու չհարդարված: Երբ ընկերները հարցրել են, թե հո վատ բան չի պատահել, նա պատասխանել է.

«Ո՛չ, պարզապես երեկ ես բանական մարդուն թույլատրելիից շատ ավելի ուրախացա, և ահա այսօր ինքս ինձ պատժում եմ հավելյալ ուրախանալուս համար»:

Թեբեի դաշնակից Թեսալիայի կառավարիչ Յասոնը Էպամինոնդեսին երկու հազար ոսկեդրամ է ուղարկում: Շատ համեստ կյանքով ապրող Էպամինոնդեսը փողը չի վերցնում և երբ հետո տեսնում է Յասոնին, ասում է.

«Դու անմաքուր ձեռքերով ես կառավարում», իսկ երբ դեպի Պելոպոնես արշավանք է սկսում, թեբեացի մի ունևորից 50 դրահմա պարտք է վերցնում, որպեսզի կարողանա հոգալ արշավանքի համար անհրաժեշտ ծախսերը:

Ճիշտ նույն կերպ, երբ պարսից թագավորը նրան 30 հազար դարիք գումար է ուղարկում, նա անպատվում է գումարը բերողին այն բանի համար, որ նա այդքան ճանապարհ է կտրել, որպեսզի իրեն կաշառի ու հանձնարարում է պարսից արքային հաղորդել, որ եթե նա Թեբեին բարիք է ցանկանում, ապա Էպամինոնդեսը առանց վարձատրության նրա բարեկամը կլինի, իսկ եթե ոչ, ապա նա իր թշնամին կլինի:

Թեբեի դաշնակից բեովտացիները սիրել են անհոգ կյանքն ու հաճույքները, իսկ նա ցանկացել է, որ նրանք զենքը տանը չթողնեն, և այդ իսկ պատճառով, երբ բեովտացիներն ամեն անգամ նրան իրենց զորահրամանատար են ընտրել, նա նրանց ասել է.

«Քաղաքացիներ, համաձայնեք, որ եթե ես ձեր զորահրամանատարն եմ, ապա դուք պետք է իմ զինվորները լինեք»: Բեովտիացիների հարթավար երկիրը նա «պատերազմի հրապարակ» է անվանել ու ասել է, թե նրանք այն պատճառով չեն կարողանում իրենց երկրի տերը լինել, քանի որ վահանից ու սրից հաճախ բաժան են:

Երբ նրան տեղեկացրել են, թե աթենացիները նոր զենքով զինված զորք են ուղարկել Պելոպոնես, նա հարցրել է.

«Մի՞թե Անտիգենիդեսը կտագնապի, եթե իմանա, որ Թելիդեսը նոր սրինգ ունի»: Թելիդեսը վատ սրնգահար է եղել, իսկ Անտիգենիդեսը՝ շատ հմուտ:

Իմանալով, որ իր վահանակիրը հակառակորդի գերիներից մեկի համար մեծ փրկագին է ստացել, նա նրան ասել է.

«Վահանն ինձ տուր, քեզ համար մի կրպակ գնիր ու կյանքդ ապրիր. միևնույն է, դու, դառնալով հարուստ ու գոհունակ, արդեն չես ուզենա կյանքդ վտանգել»:

Այն հարցին, թե ժամանակի երկու նշանավոր զորահրամանատարներից որն է լավագույնը, նա պատասխանել է.

«Քանի դեռ մենք բոլորս ողջ ենք, չի կարելի ասել»:

Իր մղած վերջին ճակատամարտում նա վիրավորվում է: Երբ զինվորներն իրենց արնաքամվող հրամանատարին մարտադաշտից հեռացնում են, նա կանչում է Դաիֆանտեսին, ապա՝ Իոլաիդասին, բայց նրան ասում են, թե նրանք զոհվել են: Այդժամ նա կարգադրում է թշնամու հետ հաշտության պայմանագիր կնքել, որովհետև Թեբեում այլև զորահրամանատար չկա: Եվ նրա խոսքն հաստատվում է, որովհետև նա շատ լավ էր ճանաչում իր համաքաղաքացիներին ու գիտեր, որ նրանք առանց հմուտ ու քաջ առաջնորդի դատապարտված են:

Նրա մահից հետո Թեբեն աստիճանաբար անկում է ապրում:

Էպամինոնդես-զորավարին առաջին անգամ փառք է բերել Լևկտրախտի ճակատամարտը սպարտացիների դեմ: Թեբեացիները փայլուն հաղթանակ են տարել: Այս ճակատամարտի ընթացքում, պատերազմների պատմության մեջ առաջին անգամ, կիրառվել է հարվածի գլխավոր ուղղությունում ուժերի կենտրոնացման մարտավարությունը: Ֆրիդրիխ Էնգելսը գրել է.

«Էպամինոնդեսն առաջինն է բացահայտել մարտավարական այն մեծ սկզբունքը, որն ընդհուպ մեր օրերը վճռել է ճակատամարտերի ելքը. դա ճակատի երկայնքով զորքերի անհավասարաչափ տեղաբաշխումն է վճռորոշ կետի ուղղությամբ՝ գլխավոր հարվածն իրականացնելու նպատակով»:

Նա հրաժարվել է փաղանգը հավասարաչափ շարելու սկզբունքից, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հունական ռազմարվեստի անվիճարկելի սկզբունքը: Փաղանգը շարելով Սպարտայի զորքերի դիմաց, նա կազմավորել է 50 շարքից կազմված զորասյուն՝ անմիջապես սպարտացի զինվորների դեմ-հանդիման: Այսպիսի խտությամբ զորասյունը կարողացել է ճեղքել սպարտացիների փաղանգը, իսկ 300 ընտիր զինվորներով համալրված ջոկատը թույլ չի տվել, որ սպարտացիները Էպամինոնդեսին թևերից հարվածեն: Արդյունքում սպարտացիները 1000 զոհ են տվել:

Հունական ռազմարվեստում առաջինը նա է հեծելազորը ճակատամարտի կարևոր գործոն դարձրել: Վերոհիշյալ ճակատամարտում Թեբեի բանակի հեծելազորը կարողացել է ստիպել Սպարտայի հեծելազորին նահանջել:

Էպամինոնդեսի մարտավարությունը կատարելագործել է Ֆիլիպ 2-րդ Մակեդոնացին: Նա երիտասարդ հասակում պատանդ է եղել Թեբեում և ինչպես հարկն է յուրացրել է Էպամինոնդես-զորահրամանատարի ռազմավարությունն ու մարտավարությունն ու դրանց հիմնական սկզբունքները հետագայում կիրառել է: Ֆիլիպի առած դասերը հետագայում թանկ են նստել ոչ միայն Թեբեի, այլև ամբողջ Հունաստանի վրա: Ֆիլիպը գրավել է Հունաստանն ու ավերել Թեբեն: Բայց հետո Էպամինոնդեսի մարտավարությունն օգնել է Ֆիլիպի որդուն՝ Ալեքսանդր Մեծին, գլխովին ջախջախելու հույների վաղեմի թշնամիներին՝ պարսիկներին ու գրավելու հույներին հայտնի աշխարհի մեծ մասը:

Էպամինոնդեսի մարտավարությունը Լեյտենի ճակատամարտում (1757 թ.) կիրառել է Ֆրիդրիխ Մեծ կայսրը՝ ջախջախելով ավստրիացիներին: Նա ձևացրել է, թե հարձակվում է ավստրիացիների աջ թևի վրա, բայց մեծ արագությամբ հիմնական ուժերը կենտրոնացրել է հակառակորդի զորքերի ձախ թևում ու կործանիչ հարված է հասցրել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2700 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ