Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ

23:41, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ
     Վեհափառ Հայրապետն իր ամենօրյա հոգածության ներքո է պահում ոչ միայն իր հաստատած կրթօջախները, այլեւ մեծագույն ջանասիրությամբ հետևում է նախկինում հիմնադրված և ներկայումս կրթական գործունեություն իրականցնող հաստատություններին. դրանցից կարելի է առանձնացնել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը: Պետք է նշել, որ Մարդասիրական ճեմարանի հիմնումը կարեւոր ձեռքբերում է հնդկահայերի մշակութային կյանքում։ Ճեմարան հիմնելու ցանկություն առաջին անգամ հայտնել է Աստվածատուր Մուրադխանյանը (1797 թ․) ։ 1816 թ․ Սեյդաբադից մի ջուղայեցի հայ եւս ճեմարան բացելու հարց է բարձրացնում։ Ի վերջո, 1821 թ․ տեղի է ունենում Հայկական մարդասիրական ճեմարանի բացման արարողությունը։ Մինչև 1842 թ․ դպրոցը եղել է երկսեռ. ունեցել է աղջիկների և տղաների առանձին բաժիններ, սակայն աղջիկների խումբը փակվել է։ Ուսման վարձից ազատված էին անապահով ընտանիքների երեխաները։ Աշակերտները սովորել են գրաբար, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, հունարեն, պարսկերեն, բնագիտություն, աշխարհագրությունաստղաբաշխություն և մաթեմատիկա։ Դպրոցն ունեցել է երթևեկ ու գիշերօթիկ բաժիններ։
     Չորս հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը, որն ընտրվում էր համայնքի կողմից, ղեկավարում էր ճեմարանը։ Կարեւոր դերակատարում ուներ նաեւ «գլխավոր վարժապետը» ։ Առաջին ուսուցիչներն են եղել մշակույթի ականավոր գործիչներ Մարտիրոս Դավթյանը, Մեսրովբ Թաղիադյանը, Հովհաննես Ավդալյանը և այլոք։ 150 տարվա գործունեության ընթացքում ճեմարանը տվել է նշանավոր շրջանավարտներ։ Հայ երեխաների հետ սովորել են նաև հնդիկներ։
     Վեհափառ Հայրապետը դեռեւս իր տեղապահության շրջանում սկսեց մեծ ուշադրություն դարձնել Մարդասիրական ճեմարանի գործունեությանը. գիտակցելով, որ այն Սփյուռքի գործող ամենահին կրթօջախներից է, նրա հետևողական ջանքերի շնորհիվ 1999 թ. այն հանձնվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խնամքին, որից հետո սկսվեց և այսօր էլ շարունակվում է Մարդասիրական ճեմարանի վերելքն ու զարթոնքը: Հիացմունքի է արժանի, որ Հայոց Հայրապետը, լինելով բազմազբաղ, առանձնահատուկ հոգատարություն եւ ուշադրություն է ցուցաբերում Մարդասիրական ճեմարանի գործունեության նկատմամբ, հետաքրքրվում յուրաքանչյուր աշակերտով:
     Ճեմարանում հրատարակվում է «Հնդկահայք-2009» երկլեզու` հայերեն-անգլերեն տարեգիրքը: Արդեն 2011 թ. ապրիլի 6-ին Կալկաթայում հրատարակվեց «Հնդկահայք-2010» տարեգիրքը:
     1999-2012 թթ. Հայոց մարդասիրական ճեմարանն ավարտել է 49 աշակերտ: Նորին Սրբության օրհնությամբ՝ բարձր առաջադիմություն ունեցողները Եկեղեցու հովանավորությամբ իրենց կրթությունը շարունակում են Հնդկաստանի լավագույն համալսարաններում ու քոլեջներում: Ներկայումս Հայոց մարդասիրական ճեմարանում ուսանում են հայորդիներ Հնդկաստանից, Հայաստանից, Պարսկաստանից ու Իրաքից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2370 | 0 | 0
Facebook