Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՒՈՐ-ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

11:24, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՒՈՐ-ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
    
    

Հայտնի է, որ կրոնական կառույցները ոչ միայն հոգեւոր քարոզչություն են իրականացնում, այլև՝ կրթադաստիարակչական գործունեություն: Հայ Եկեղեցին և նրա սպասավորներն այս գիտակցումն են ունեցել դեռևս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, ճիշտ է՝ գիտության լույսն այդ շրջանում հայ ժողովրդի մեջ տարածվում էր օտար լեզվով՝ հիմնականում հունարենով և ասորերենով. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախաձեռնությամբ Ե. դարի սկզբին հայ ժողովուրդն ունեցավ իր այբուբենը: Գրերի գյուտից հետո դրվեց հայ դպրության հիմքը, որի համար պարտական ենք Մայր Եկեղեցու մշակներին` Հայոց Կաթողիկոս Սահակ Ա. Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին: Վերջիններս առաջին դպրոցը հիմնեցին Վաղարշապատ քաղաքում, որտեղից եւ հայ դպրության լույսն սկսեց ճառագել Հայաստան աշխարհով՝ օտարալեզու ուսուցումը դարձնելով հայալեզու: Հետագայում, քաղաքական վայրիվերումների պատճառով հայրապետական աթոռը դեգերել է. հայտնի է, որ այն վայրերում, որտեղ հաստատվել է կաթողիկոսական աթոռը, Հայոց հայրապետների, արժանավոր եկեղեցականների և երախտավորների ջանքերով հիմնվել են դպրոցներ, կրթական հաստատություններ, գրչության կենտրոններ:
     Այս տեսիլքի և գաղափարի կրողն է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վերջինիս ստեղծած նյութական մշակույթի մասին չէ, որ հոդվածում ցանկանում ենք խոսել, թեև նյութական բազմաթիվ արժեքներ անվերապահորեն կարող են դիտարկվել որպես հոգևոր մշակույթի մաս: Կանդրադառնանք Վեհափառ Հայրապետի կրթադաստիարակչական գործունեությանը, որը, միանշանակ, համարվում է մեր ժողովրդի հոգևոր մշակույթի կարևոր ձեռքբերումներից:
     Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հոգևոր-մշակութային գործունեությունն սկսվում է դեռևս Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելու տարիներից. նորավարտ Կտրիճ սրկ. Ներսիսյանը երջանկահիշատակ Վազգեն Ա. Հայրապետի տնօրինությամբ 1972 թ. նշանակվում է ճեմարանի տեսչի օգնական-դաստիարակ և Հին ու Նոր Կտակարանների պատմության դասախոս: Իր պարտաճանաչ ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ շուտով աչքի է ընկնում և ուսումը շարունակելու համար մեկնում Վիեննա:
     Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտոնավարելու տարիները հիմք հանդիսացան հոգևոր-կրթական հաստատություններ հիմնելու և ղեկավարելու փայլուն կարողությունների ձեւավորման համար: Վեհափառ Հայրապետի բազմաբնույթ գործունեությունից առանձնացնելու ենք կրթության և դաստիարակության ոլորտներին վերաբերող կարևորագույն հանգրվանները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5617 | 0 | 0
Facebook