Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ոսկեհատցիների «ոսկե սերուցքը»

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
16:18, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Ոսկեհատցիների «ոսկե սերուցքը»

Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության շուրջ քսանամյա ժամանակաշրջանը բնորոշվեց ոչ միայն ձեռքերումներով, որոնք թերևս իրականության կոչվեին անկախ նրանից, թե ո՛վ բազմած կլիներ Լուսավորչի գահին (օր.՝ եկեղեցաշինություն, գրատպություն ևն), այլ նաև՝ տարիներով կուտակված բազմապիսի հիմնախնդիրներով: Դրանցից մեկն է Գարեգին Բ վեհափառ կաթողիկոսի վարած կադրային քաղաքականությունը, որի շրջանակներում նա հատուկ տեղ է հատկացնում Էջմիածնի շրջանի Ոսկեհատ (նախկինում՝ Չորրորդ Սովխոզ) գյուղի ճեմարանավարտ բնակիչներին: Ոսկեհատը մենաշնորհյալ այդպիսի վերաբերմունքի է արժանացել մեկ լրջագույն պատճառով. բանն այն է, որ հենց Ոսկեհատում է ծնվել ու մեծացել հենց ինքը՝ Գարեգին Բ կաթողիկոսը: Ոսկեհատցիների այդ ոսկե սերուցքն այս օրերին ջանք չի խնայում՝ հարվածելու և վարկաբեկելու «Նոր Հայաստան-նոր Հայրապետ» շարժմանն ու նրա ոգեշնչողին՝ նվիրյալ, մաքրակենցաղ ու ազնիվ հոգևորական Կորյուն աբեղա Առաքելյանին:

Ոսկեհատցիների «սերուցքի» կարկառուն ներկայացուցիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, որն առանձնապես ոչնչով աչքի չընկած, գրեթե վերջին պահի որոշմամբ, ի զարմանս բոլորի` ձեռնադրվեց եպիսկոպոս և ապա նշանակվեց Անգլիայի թեմի առաջնորդ, ժողովրդի արդար պահանջը որակում է որպես «անհեռատես պատեհապաշտություն» կամ «պոպուլիզմ»: Եպիսկոպոսի բացատրությամբ՝ «պոպուլիզմը որոշակի գաղափարների, և առավել չափով արմատական, ռադիկալ գաղափարների հապճեպ իրագործելն է առանց դրանց հետևանքների խորը ուսումնասիրման»:
     Ժողովրդի հիշողությունը առավել ևս թարմ է, և բոլորս ենք հիշում, որ ազգընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը հայտնի ուժերը ևս բնորոշում էին նույն ձևով: Անշուշտ, քաղաքական զուգահեռներն այս հարցում ամենևին ցանկալի չեն, բայց հենց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է հարցը դնում այդ կոնտեքստի մեջ, ասելով. «Ընդ որում, այս պատեհապաշտությունը չի տեղավորվում Հայաստանում տեղի ունեցող վերջին շրջանի քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Հայաստանի Հանրապետությունում իշխանության են եկել երիտասարդ ուժեր, ժողովրդի իրավագիտակցությունը արմատապես փոխվել է, երիատասարդությունը զարթոնք է ապրում, մարդիկ ուրախ են: Եվ բոլորս էլ ուրախ ենք եւ բոլորիս նպատակը արդար, համերաշխ, սիրով շաղախված երկիր ունենալն է»:
     Թե ո՛ր օրվանից նոր Հայաստանի տրամաբանությունը ողջունելի եղավ բարձրաստիճան հոգևորականի համար, պարզ չէ. երևի այն օրերին, երբ Երևանում ու Հայաստանի բոլոր անկյուններում տեղի էին ունենում համաժողովրդական բողոքի ելույթներ, իսկ ամենայն Հայոց կաթողիկոսը քար լռություն էր պահպանում և այդ լռությամբ աջակցում տապալված իշխանություններին: Եպիսկոպոսի մնացած մտքերը պտտվում են կեղծիքի շուրջ. իբր առկա խնդիրներն իրականում կեղծված են: Միգուցե կեղծվա՞ծ է նաև այն տեղեկությունը, որ Անգլիայի թեմի առաջնորդն անդամակցնում է մասոնական «Հայ Տաճարականներ» օթյակին ու վերջինիս շահերն է առաջ տանում Հայաստանում: Երևի սրբազանի նախընտրած «առաջադիմական» գաղափարները նույնական են մասոնական գաղափարների հե՞տ:
     Հայր Կորյունի ու նրա շրջապատի հասցեին Հովակիմ եպիսկոպոսը կիրառում է «խավարամիտ գաղափաներ կրող հետադիմական ուժեր» արտահայտությունը և կարծում, թե «ոմանց տեսակետները աղերսներ ունեն վաղ քրիստոնեական մոնտանական աղանդավորական հուսանքի հետ»:
     Ի՞նչ է մոնտանականությունը: Այս հերետիկոսական շարժումն առաջ է եկել 2-րդ դարում, Մոնտանոս հերետիկոսի կողմից: Մոնտանոսն ասում էր, թե ինքը Մխիթարիչ Սուրբ Հոգին է: Նրա օգնականներն էին երկու մարգարեուհի կանայք, որոնք կանխագուշակում էին Երկնքի Արքայության և աշխարհի վախճանի շուտափույթ գալստյան մասին: Այդ իսկ պատճառով մոնտանականությունը կոչվում էր նաև «Նոր մարգարեություն»: Ի՞նչ կապ ունի այս ամենը Կորյուն աբեղա Առաքելյանի հետ, բոլորովին պարզ չէ: Բայց այստեղ եպիսկոպոսն իր արշինով է չափում ուրիշներին, քանզի տարիներ առաջ հենց ինքն էր անդամակցում արդի «մարգարեական» մի շարժմանը, որի առաջնորդը «տեսանող» մի հայաստանցի աղջնակ էր: Առավել չխայտառակելու համար Անգլիայի առաջնորդին ու նրա ընկերներին նախընտրում ենք չխորանալ:
     Ասվածը բավական է, որպեսզի սրբազանը գիտակցի իր սխալներն ու հետ կանգնի չար ճանապարհներից:
     Արտոնյալ ոսկեհատցիների մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել քահանա Վարդանյանը հայր Կորյունին և արդարության ծարավ հավատացյալներին որակում է որպես «պառակտիչ ուժեր», որոնք նպատակ ունեն «խարխլել դարավոր ավանդության հիմքերը և եկեղեցու մասին կարծիք հայտնել սեփական նեղ շահադիտական տեսանկյուններից ելնելով»: Քրիստոսասեր ժողովրդի հոգու ճիչը քահանան բնութագրում է որպես «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և ԱԶԳԸՆՏԻՐ Հայրապետի դեմ հնչող ոչ իրավացի, ոչ պատշաճ և ԱՆՀԻՄՆ մեղադրանքներ»:
     Գաբրիել քահանան կիրառում է գեղեցիկ բառերի շարան, որը կոչված է քողարկել հրապարակ եկած խնդիրները: Մեղմ ասած՝ տարակուսելի է այն հայտարարությունը, թե «Հայրապետի դեմ հնչող ամեն խոսք ոչ միայն Հայրապետի, այլ նաև եկեղեցու յուրաքանչյուր անդամի՝ այդ թվում թե՛ եկեղեցականի և թե աշխարհականի դեմ է»: Իրականում, սա եկեղեցաբանական մոլորություն է, քանի որ եկեղեցականը երբեք չի կարող նույնացվել Եկեղեցու հետ: Փորձելով հանրությանը շեղել բարձրացված խնդիրներից, Գաբրիել քահանան պնդում է, թե Քրիստոնեությունը «ինքնաճանաչողության և ինքնաքննության կրոն է», և չի կարելի քննել ու դատել ոչ մեկի: Իսկ իրականությունն այն է, որ Եկեղեցին միշտ էլ իրավունք ունի վերահսկել իր հովիվների գործունեությունը և խախտումների դեպքում նրանց կարող է կարգալույծ անել:
     Կոչ անելով չդատելու որևէ մեկին` քահանան հորդորում է հավատացյալներին «չընկնել կեղծ «բարեպաշտ քարոզիչների» կողմից արված սին և մտացածին հայտարարությունների և կոչերի ազդեցության տակ»: Փաստորեն, Գաբրիել քահանան ինքն է դատում հայր Կորյունին ու նրան աջակցող հավատացյալներին՝ նրանց բնորոշելով որպես «կեղծ բարեպաշտ քարոզիչներ»: Ընդ որում, կաթողիկոսի դեմ հնչեցված լրջագույն մեղադրանքները նա փորձում է «ջրել» ՝ լոկ այն հայտարարությամբ, թե դրանք «սին ու մտացածին» են:
     Դժվար էր ուրիշ մեկնաբանություն սպասել Գաբրիել քահանա Վարդանյանից՝ մի ոսկեհատցուց, որը ճեմարանն ավարտելուց հետո այն քիչ երջանիկներից էր, ով բախտ ունեցավ ուսման նպատակով կաթողիկոսի կողմից ուղարկվել Հունաստան, իսկ այնտեղից վերադառնալուց հետո դարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս:
     Ոսկեհատցի մեկ այլ քահանա՝ տեր Արարատ Պողոսյանն իր վրա վերցրեց հայր Կորյունին Եկեղեցու պատմության դասախոսություններ կարդալու ծանր խաչը: Իր համեստության ու խոնարհության մասին տարփողող երիտասարդ քահանան անպատկառ ձևով իրենից տարիքով ու ձեռնադրությամբ երեց Կորյուն աբեղային հռչակում է «ապագա չունեցող մեկը» և հեգնում նրա գիտելիքի պաշարը: Եվ սա անում է նա, որի ճեմարանական մականունը ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ՝ «Ախմախ»: Մի՞թե իր բացառիկ համեստության ու փայլուն գիտելիքների շնորհիվ էր, որ ճեմարանն ավարտելուց շատ կարճ ժամանակ անց «Ախմախը» նշանակվեց Մայր Աթոռի Մատենադարանի և ապա Հրատարակչական բաժնի տնօրեն, թե՞ այնուամենայնիվ, դեր էր խաղացել կաթողիկոսածին գյուղի զավակ լինելը...
     Իրենց մտահոգությունն են կիսում ու հավատավոր հայ ժողովրդին կոչ են ուղղում նաև երկու ազգականներ՝ բուլղարաբնակ Հրաչյա քահանա Գյոզալյանը և ամերիկաբնակ Վարդ քահանա Գյոզալյանը: Վերջինս «Նոր Հայաստան-նոր հայրապետ» շարժման նախաձեռնողներին անվանում է չակերտների մեջ՝ «եկեղեցասեր և հավատացյալ» եկեղեցականներ:
     Ամեն ինչ նորից իր տեղն է ընկնում, երբ իմանում ենք, որ «գյոզալական» Գյոզալյան եղբայրները վերոնշյալ Հովակիմ եպիսկոպոսի ազգականներն են, նույն կաթողիկոսածին գյուղի «ոսկե սերուցքի» ներկայացուցիչները, որոնք բնականաբար չէին կարող բացահայտել ճշմարտությունը...
     Հունիսի 10-ին իր ակտիվությամբ աչքի ընկավ ևս մեկ ոսկեհատցի՝ Հակոբ քահանա Խաչատրյանը՝ ոսկեհատցի Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եղբայրը: Երբ կաթողիկոսի հեռանալը պահանջող հավատացյալները Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ավագ մուտքի առջև սպասում էին թափորով դուրս գալիք վեհափառին, իսկ վերջինս այդ ընթացքում եկեղեցուց ճողոպրում էր կողմնակի մուտքից, տեր Հակոբը սադրանք հրահրեց կաթողիկոսի կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջողների միջև: Արդյունքում առաջ եկավ հրահրոց և ծեծկռտուք, որին իրենց մասնակցությունը բերեցին Ոսկեհատ գյուղից ժամանած մի խումբ գյուղացիներ: Կաթողիկոսին պաշտպանողների մեջ էին նաև Արագածոտնի մարզից եկած անձինք, որոնց թեմակալ առաջնորդն է կաթողիկոսի քրոջ որդի ոսկեհատցի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
     Դժբախտաբար, գավառամտությունն ու անձնական շահերը մի խումբ հոգևորականների համար այսօր շատ ավելի առաջնային են, քան Հայաստանյայց Եկեղեցու ընդհանրական շահը: Որպես նվիրական մի փաստարկ` նրանք առաջ են մղում Եկեղեցին չպառակտելու «մտավախությունը»` չգիտակցելով կամ էլ չուզենալով գիտակցել, որ վարկաբեկված եկեղեցականը ամենամեծ գայթակղիչ ու պառակտիչ գործոնն է Հայ Առաքեալական Եկեղեցու համար:
    
     Վահե Պողոսյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
621 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ