Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Գաստրոնոմիկ «հրավառություն»՝ մայրաքաղաքում. Երևանում անցկացվել է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
10:05, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Գաստրոնոմիկ «հրավառություն»՝ մայրաքաղաքում. Երևանում անցկացվել է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը

Հանգստյան օրերը մայրաքաղաքում անցնում են միջոցառումներով լեցուն. «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կիրակի օրը Երևանում անցկացվեց արդեն 4-րդ անգամ «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը:

Փառատոնի ընթացքում ներկայացվում են հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներն ըստ ազգային տոնացույցի, իսկ վերջին տարիներին Երևանի մի շարք ռեստորաններ ներկայացնում են նաև մեր քաղաքի ժամանակակից խոհարարական մոտեցումները:
     Քանի որ բոլոր միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո և նվիրված են Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար՝ ռեստորանների, խոհարարական ուղղվածություն ունեցող արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Երևանի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց, «Մեգերյան կարպետ» թանգարանների մասնակցությամբ:
     Փառատոնին ներկա բազմաթիվ համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին ներկայացվել են այնպիսի եկեղեցական տոներ՝ իրենց ավանդական ուտեստներով, ինչպիսիք են՝ Նավասարդը, Բուն Բարեկենդանը, Սուրբ Սարգիսը, Համբարձման տոնը, Վարդավառը, Խաչվերացը, Սուրբ Ծնունդը, Ծաղկազարդը, Տյառնընդառաջը և այլն:
     Ուշագրավ էր, որ բոլոր մասնակիցները շատ լավ պատրաստվել էին. տաղավարներում ներկայացնում էին տոնին համահունչ տոնական ձևավորում, ինչպես նաև տեղում, ի ցույց դնելով խոհարարական հմտությունները, ներկայացվում էին ուտեստներ՝ նվիրված Երևանի ծննդյան 2800-ամյակին:
     Փառատոնին ներկա Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ով համակարգում է զբոսաշրջության ոլորտը, շրջելով տաղավարներում և շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին փառատոնին տարեցտարի ակտիվ մասնակցության համար, նշեց. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը վերջին տարիներին որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը, և «Համով-հոտով Երևան» ՝ հայկական խոհանոցին նվիրված փառատոնը քաղաքային զբոսաշրջային այն փառատոներից է, որը ներկայացնում է մայրաքաղաքի գաստրոնոմիկ ներուժը:

Թե՛ մեր համաքաղաքացիները և թե՛ քաղաքի հյուրերը փառատոնի շրջանակում հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալու ինչպես հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներին, այնպես էլ մեր տոներին և մշակույթին» :
     «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը իր հերթին նշել է, որ փառատոնը կազմակերպվում է արդեն 10 տարի, սակայն վերջին 4 տարիների ընթացում, ինչ այն ընդգրկվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում, դարձել է ավելի հետաքրքիր և զանգվածային. «Համագործակցելով քաղաքապետարանի տուրիզմի բաժնի հետ՝ մենք հասել ենք նրան, որ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում փառատոնով, ունենում են ավելի շատ մասնակիցներ: Հատուկ այս փառատոնի համար գալիս են Երևան: Տարեցտարի մեծանում է նաև ռեստորանների, հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ներգրավվածությունը, ինչը շատ ոգևորիչ է, քանի որ հայկական խոհանոցը շատ բազմաշերտ է և դեռ ամբողջովին չբացահայտված, այս փառատոնն էլ՝ դրա լավ առիթն ու հարթակն է ստեղծում: Մենք աշխարհին դեռ շատ ասելիք ունենք նաև հենց հայկական խոհանոցի միջոցով» :
     Նախորդ տարվանից փառատոնի շրջանակում անց է կացվում նաև խոհարարական մրցույթ (անցած տարի ստեղծվել էր «Երևան» աղցանը), իսկ այս տարի մասնակից խոհարարները պետք է պատրաստեին նոր ուտեստ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Փառատոնի ժյուրին, որի կազմում էին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը, «Երևան Ռեստո» կայքի հիմնադիր Հարութ Կիրակոսյանը, ներկայացված 12 ուտեստներից լավագույնը ճանաչեցին «Vinograd wine» ռեստոբարի ներկայացրած ուտեստը:
     Փառատոնի շրջանակում, ավանդույթի համաձայն, այցելուների շրջանում անցկացվում է նաև հարցում, որի արդյունքում որոշվում են այդ տարվա «Ամենագեղեցիկ», «Ամենահամեղ» և «Ամենահյուրընկալ» տաղավարները: «Համով հոտով Երևան» 4-րդ փառատոնի «Ամենագեղեցիկ ձևավորված» տաղավար ճանաչվեց «Հին տուն» ռեստորանի տաղավարը, «Ամենահամեղ» տաղավար անվանակարգում այցելուների համակրանքը տրվեց «Dragon Garden» ռեստորանին, իսկ «Ամենահյուրընկալ» տաղավար, ըստ այցելուների, ճանաչվեց թիվ 9 արհեստագործական ուսումնարանի տաղավարը, ուր ներակայացվում էր Վարդավառի տոնը:
     Փառատոնի ողջ ընթացքը ուղեկցվել է հայկական ազգային երգ ու պարով, ելույթ են ունեցել «Կարին», «Սասուն», «Տարոնցիներ» պարային համույթները, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք ազգային համույթներ:
     Փառատոնի ավարտին բոլոր մասնակից ընկերություններն ու կամավորներն արժանացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերին:
     Հիշեցնենք, որ «Համով հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը կազմակերպվում է արդեն 4 տարի՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
469 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ