Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Զվարճալի պատմություններ Կարուզոյի մասին

13:20, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
Զվարճալի պատմություններ Կարուզոյի մասին

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Էնրիկո Կարուզոն (1872 – 1921 թթ.) իր աներևակայելի հաջողությունը երգարվեստում հետևյալ կերպ է բացատրել.

«Մեծ կուրծք, մեծ բերան, 90 տոկոս՝ հիշողություն, 10 տոկոս՝ խելք, շատ աշխատանք և ինչ-որ մի բան սրտում»:

1921 թվականի օգոստոսի 2-ին նա մահանում է: Վիտորիո Տարանտելայի՝ նրա մասին գրքի հեղինակի խոսքով՝ «նա իրենից հետո թողեց 48 միլիոն լիրա փող և նույնքան էլ փառահեղ ու կարճ կյանքի տարիներ»:

Իր կյանքի ընթացքում նա տրամադրեց նույնքան, գուցեև, ավելի գումար զանազան նվիրատվությունների համար՝ մղված միայն ու միայն իր մեծ սրտի ազնիվ պոռթկումով: Կարուզոյի բարեսիրական գործունեության հավասարը արվեստի ոլորտում չկա. բավական է միայն ասել, որ հենց միայն Առաջին աշխարհամարտի տարիներին նա Միջազգային Կարմիր խաչի ն21 միլիոն դոլար է նվիրաբերել՝ հռչակավոր թատերական բեմերում ու բաց երկնքի տակ ներկայացումներ տալով: Նա թաղվել է իր ծննդավայր քաղաքի՝ Նեապոլի «Պյանտո» գերեզմանոցի ՝ հատուկ իր հոգեհանգստի համար կառուցված եկեղեցում: Թաղումից մի քանի ամիս անց ԱՄՆ-ից այս եկեղեցի է բերվել ԱՄՆ-ի Հիվանդանոցների, ինտերնատների ու աղքատանոցների միության հատուկ պատվերով պատրաստված մի հսկա մոմ: Կարուզոն այս բոլոր հաստատություններին օգնություն է ցուցաբերել: Այդ մոմը պետք 500 տարվա ընթացքում տարեկան մեկ անգամ մեկ օր վառվի՝ ի հիշատակ այն մարդու, որը «իրեն հավասարը չունի արվեստում ու առատաձեռնության մեջ»:

*****

Մի անգամ, երբ Կարուզոն համերգային շրջագայություն էր կատարում ԱՄՆ-ում, ճանապարհին նրա մեքենան խափանվում է: Մինչ վարորդը նորոգում էր այն, Կարուզոն մտնում է մոտակա ագարակը, որտեղ ագարակատիրոջ ընտանիքը նրան ջերմ ընդունելություն է ցուցաբերում: Հրաժեշտ տալու ընթացքում ագարակատերը հարցնում է նրա անունը:

-Ես Կարուզոն եմ, - պատասխանում է երգիչը:

-Տե՜ր Աստված, շա՜տ տարօրինակ է, բացականչում է ագարակատերը: - Երբեք մտքովս չէր անցնի, որ երբևէ կհանդիպեմ ձեզ: Պատկերացնո՞ւմ ես, - դիմում է նա կողքին կանգնած կնոջը, - մեր առջև մեծ ճանապարհորդն է… այն նույն անձնավորությունը, որի արկածների մասին գիրքը մենք կարդացել ենք…հռչակավոր Ռոբինզոն Կրուզոն:

*****

1906 թվականին Սան Ֆրանցիսկոյում ուժեղ երկրաշարժ է լինում: Երկրաշարժի ժամանակ Կարուզոն այդ քաղաքում է եղել, որը եկել էր հյուրախաղերի: Երբ նրա մտերիմ ծանոթները գալիս են նրա իջևանած հյուրանոց, կիսավեր հյուրասենյակում տեսնում են գլուխը թաց սրբիչով փաթաթած երգչին: Նրա շուրջբոլորը թափված էին կոտրված ապակու ու պատի ծեփի կտորներ: Դիմելով իմպրեսարիոյին՝ Կարուզոն ասում է.

-Տե՛ս, թե ինչ եղավ, ախր ես քեզ ասացի, թե ինչ տեղի կունենա, եթե ես բարձրաձայն երգեմ:

Կարուզոն տուն է գնում և այն վերանորոգելու համար արհեստավորն է հրավիրում: Վերանորոգումը սենյակ առ սենյակ էր կատարվում, իսկ երգիչը փորձերը կատարում էր այդ նույն տան սենյակներից մեկում: Մի անգամ, երբ նա վերանորոգման ժամանակ նախապատրաստվում էր հերթական համերգին, ներս է մտնում կապալառուն:

-Ընդամենը մեկ րոպե եմ խնդրում…Դուք ուզո՞ւմ եք, որ վերանորոգումը հնարավորինս շուտ ավարտվի, - հարցնում է կապալառուն:

-Իհարկե՛, պատասխանում է երգիչը:

-Այդ դեպքում մի՛ երգեք, որովհետև արհեստավորները չեն կարողանում աշխատել, շարունակ ձեր երգն են լսում:

*****

«Պայացներ» օպերայի ներկայացմանը, որին ներկա էր Իտալիայի բարձր հասարակության սերուցքը, Արլեկինի դերերգը կատարող տենորը հանկարծ վատանում է: Այս անգամ հանդիսատես Կարուզոն, առանց երկար ծանրութեթև անելու, զբաղեցնում է տենորի տեղը և փայլուն կերպով կատարում է Արլեկինի սերենադը: Սովորաբար, Կարուզոյի յուրաքանչյուր հայտնվելը բեմում ուղեկցվել է կրակոտ ծափահարություններով, բայց այս անգամ հանդիսատեսը պապանձվում է:

Ներկայացումից հետո Կարուզոն դառնացած ասում է Տիտո Ռուֆոյին.

-Ա՛յ, տեսնո՞ւմ ես, թե ինչ ասել է կրթված հասարակություն: Այն գնահատում է այն անունները, որոնք կարդում է սպիտակ թղթին սևով գրված ազդագրերում:

*****

Իր փառքի գագաթին Էնրիկո Կարուզոն այնքան սիրված էր, որ երիտասարդությունը նրան ամեն ինչում կրկնօրինակում էր. փորձում էր նրա պես քայլել, խոսել ու նույնիսկ սանրվել: Մի անգամ նշանավոր տենորը վարսավիրանոց է մտնում և խնդրում է մազերը սովորականի պես «ա լա Կարուզո» ձևով կտրել: Վարսավիրն ուշադիր նայում է նրան ու ասում է.

-Ներեցեք, պարոն, բայց այդպիսի սանրվածքը կարող է այնքան փչացնել ձեր արտաքին տեսքը, որ ես, ավելի լավ է, հանձն չառնեմ այդ աշխատանքը կատարել:

*****

Մի անգամ հռչակավոր տենոր Անջելո Մաձինին գալիս է Նեապոլ հանգստանալու: Երգեցողության այն ուսուցիչը, որի մոտ պարապում էր տակավին երիտասարդ ու դեռ անհայտ Կարուզոն, նշանավոր երգչին համոզում է լսել իր երիտասասարդ աշակերտին: Կարոզոն Մաձինիի համար կատարում է օպերային մի քանի արիա: Վերջինս լսում է նրան, մռայլվում է ու բավականին չորությամբ ասում.

-Երիտասա՛րդ, դուք դեռ շատ պետք է ջանադրաբար աշխատեք…այդ դեպքում միայն գուցե կարողանաք մի բանի հասնել…Հիշեք, որ դրա համար երկաթյա կամք ու սեփական անձի նկատմամբ պահանջկոտություն է հարկավոր…:

Նշանավոր երգիչն այլևս ոչինչ չի հավելում ու հեռանում է՝ միայն թեթևակի հրաժեշտ տալով երիտասարդին:

Կարուզոն շատ է հուսահատվում, բայց Մաձինին որոշ ժամանակ անց գտնում է Կարուզոյի ուսուցչին ու հիացմունքով ասում.

-Սիրելի՛ մաեստրո, շնորհավորո՛ւմ եմ ձեզ: Ձեր Կարուզոյի ձայնը երբևէ լսածս ձայներից ամենաանուշն է, բայց ձեզ խնդրում եմ՝ նրան երբեք այդ մասին չասեք:

-Բայց ինչո՞ւ:

-Աստված չանի՝ հանկարծ մեծամտանա: Ավելի լավ է՝ մտածի, որ ինքը որոշ շնորհ ունի, որը պետք է համառ աշխատանքով զարգացնել…Դա նրան չի վնասի:

*****

Կարուզոն շատ սրամիտ մարդ է եղել, ինչպես ասում են՝ խոսքը գրպանում: Այն ժամանակ, երբ դեռևս սկսնակ էր, հանդես է գալիս իտալական մի փոքրիկ քաղաքի բեմում: Նրան սուլում են ու կաղամբի կոթ նետում վրան:

-Օհո՛, - ասում է ապագա մեծ երգիչը, - իմ կատարման շնորհիվ ինչ-որ մեկը գլուխը կորցրել է:

*****

Երբ արդեն փառաբանված երգիչ Կարուզոն բանկ է մտնում, որպեսզի չեկով խոշոր գումար ստանա, պարզվում է, որ ձեռքի տակ իր անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չունի:

-Ես ինչպե՞ս իմանամ, թե դուք ով եք: Եթե ամեն մեկը գա ու ասի, թե ինքը մեծ Կարուզոն է, ո՞ւր կհասնենք, - հայտարարում է գանձապահն ու կտրականապես հրաժարվում է փողը վճարել:

Երգիչն ընդամենը մեկ ակնթարթ է մտածում, թե ինչպես ապացուցի, որ ինքը տվյալ անձնավորությունն է, ու հանկարծ բանկի ծառայողները լսում է «Տոսկա» օպերայի մի արիան…Կատարումն այնքան փառահեղ էր, որ դա լիովին բավարար է լինում, որպեսզի բոլորը համոզվեն, որ չեկի տերը հենց Կարուզոն է, ու գանձապահը վճարում է գումարը:

Դուրս գալով բանկից՝ Կարուզոն ասում է.

«Կյանքումս երբեք երգելիս այսօրվա նման չեմ ջանացել»:

*****

Ծննդյան տոների առթիվ Կարուղոյի միլիոնատեր երկրպագուհիներից մեկը նրան թանկարժեք դաշույն է նվիրում, որպեսզի նա «Կարմեն» օպերայի ներկայացման ավարտին այն գործածի: Դաշույնը արվեստի կատարյալ ստեղծագործություն է եղել, դրա վրա դրվագված են եղել «Կարմեն» -ի այն բոլոր տեսարանները, որոնցում խաղացել է Կարուզոն: Դրվագված պատկերներն այնքան նրբաճաշակ են եղել, որ երգչի ամենափոքր պատկերներն անգամ մեծագույն ճշգրտությամբ են ներկայացրել նրա արտաքինը: Բայց մեծ երգիչը ներկայացման ժամանակ սովորական բուտաֆորային դաշույն է գործածել: Երբ չափազանց վիրավորված միլիոնատիրուհին հարցրել է, թե ինչու է Կարուզոն իր նվերն անտեսում, նա պատասխանել է.

«Տիկի՛ն, երբ ես բեմ եմ ելնում, միայն դերի մասին եմ մտածում: Եթե ձեռքիս ձեր թանկարժեք ընծան լինի, ապա ստիպված եմ լինելու շարունակ զգուշանալ, որպեսզի այն չգողանան»:

*****

Երբ Կարուզոն Փարիզ է գալիս, երաժշտասեր հասարակությունը նրա ջերմորեն է ընդունում, բայց երաժշտական քննադատներն անտարբերություն են դրսևորում նրա ելույթների նկատմամբ: Չեն հայհոյում, բայց չեն էլ գովում:

«Գրանդ օպերայում» առաջին ելույթից հետո երգիչը ջերմում է: Օպերայի տնօրենն դա շատ է զայրացնում, և նա Կարուզոյին ասում է.

-Հիմա ես ի՞նչ անեմ: Չեմ հասկանում, թե դուք որտեղ և ինչպես եք մրսել;

-Բացատրեմ, - խռպոտված ձայնով պատասխանում է Կարուզոն: - Դատեք ինքներդ. սկզբում՝ հանդիսականի հիացմունք, հետո ես հայտնվեցի փարիզյան թերթերի սառը միջանցքահովիկում…Մի՞թե մրսելու համար այդքանը բավարար չէ:

*****

ԱՄՆ նոր ժամանած Կարուզոն հայտնվում է լրագրողների շրջափակման մեջ: Հազար ու մի հարց են տալիս: Թղթակիցներից մեկը երգչին նույնիսկ հարցնում է, թե նա ինչ կարծիքի է ԱՄՆ-ի և Իտալիայի առևտրային հարաբերությունների մասին: Կարուզոն պատասխանում է.

-Պարոնայք, երբեք այդ մասին չեմ մտածել…և ի՞նչ կարիք կա, որ այդ մասին մտածեմ: Համոզված եմ, որ դրա վերաբերյալ իմ կարծիքի մասին վաղը ես թերթերում կկարդամ:

*****

Կարուզոն հաճախ է բեմում մոռացել իր դերերգերի խոսքերը: Մի անգամ էլ դա պատահում է Միլանի «Լա Սկալա» թատրոնում: Տեքստը մտքից թռնում է, և նա ստիպված է լինում, մոռացված բառերի փոխարեն, «տրա-լա-լա, տրա-լալա» հնչեցնել: Ներկայացումից հետո, ետնաբեմում հանդիպելով զայրույթից եռացող ռեժիսորին, Կարուզոն բարեհոգաբար թփթփանում է նրա ուսին ու ասում է.

Մի՛ զայրացեք: Դե, մոռացա: Պատահում է: Բայց ես նաև լավ բանաստեղծ եմ: Համաձայնեք, որ ես «տրա-լա-լայի» առումով լավ հանգ էի հորինել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1502 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ