Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Որպես բարի և քաջ հովիվներ՝ նմանվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին»

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:42, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
«Որպես բարի և քաջ հովիվներ՝ նմանվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին»
     Իմ շատ սիրելի Տեր Մարկոս ջան։ Կարդացի կոչդ և իմ կարծիքով բարձրացրածդ երեք հարցերը չեն համընկնում իրականությանը։
     Մեջբերում ես, օրինակ, « «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կարգախոսի տրամաբանությամբ ամեն նոր Հայաստանի կամ ամեն իշխանափոխության հետ նոր Հայրապետ ենք ուզելու։ Իսկ սա, մեղմ ասած, ճիշտ չէ», մեջբերման ավարտ։ Իհարկե ճիշտ չէ, քանի որ վերջին 100 տարում գոնե չի եղել նման բան։ Գևորգ Ե Սուրենյանց (1911-1930) կաթողիկոսի՝ Մայր Աթոռում գահակալման տարիների ընթացքում Հայաստանում եղան մի քանի իշխանափոխություններ, բայց կաթողիկոսը հրաժարական չտվեց։ Վազգեն Ա (1955-1994) հայրապետի օրոք նույնը եղավ, այս պարագայում իշխանությունը փոխվեց, կաթողիկոսը՝ ոչ։ Գարեգին Ա (1994-1999) կաթողիկոսի ժամանակ նույնը նաև այստեղ կրկնվեց։
     2) Մեջբերում, երկրորդ՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում չկա այնպիսի պառակտում եւ բևեռացում, որը համեմատելի կլիներ մեր ներքաղաքական իրավիճակի հետ։ Մենք չունենք ՀՀԿ-ի եւ Ելքի նման իրար հակադիր ուժեր, որ մեկի տապալմամբ եւ մյուսի իշխանության գալով բոլոր հարցերը հնարավոր լիներ լուծել», մեջբերման ավարտ։ Տեր Հայր ջան, համբուրում եմ Աջդ և վստահ եմ քո հոգևոր տեսողության վրա, այդ ինչպե՞ս եղավ, որ այդ բևեռացումը չես նկատում, երևի բևեռացում չէ՞ մշտապես ժողովրդից կտրվելը, հեռանալը։ Չե՞ս կարծում, որ հոտի և հովվապետի միջև յոթը սարի հեռավորություն է գոյացել։ Ե՞րբ ժողովուրդն իր թիկունքին զգաց հովվապետի շունչը՝ Մարտի 1-ի՞ն, թե՞ 2008 թ. փետրվարի 20-ին, երբ ընտրությունների արդյունքները չամփոփված՝ փետրվարի 20-ին հովվապետը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, երբ 100.000-ավոր մարդիկ դրսում բողոքում էին ընտրությունների արդյունքներից։ Թե՞ 2018 ապրիլի 17-ին, երբ փշալարերով պատված էր Ազգային Ժողովը, իսկ հովվապետը նորից շնորհավորական ուղերձներ էր փոխանցում՝ արհամարհելով արդարության համար պայքարող մի ողջ ազգի։ Զգացի՞ր դու հովվապետի շունչը, երբ ընտանեկան բռնության դեմ քո ընդվզման ժամանակ (ես հիշում եմ քո տագնապած դեմքը մեր զրույցի ժամանակ, հարցի հետ կապված) ։ Վստահ եմ, ցավ է և՛ իմ, և՛ քո, և՛ բոլոր հավատացյալ հայորդիների համար, երբ տեսնում ենք, որ հայրապետի նկարը գետնին են գցում ու թքում վրան։ Մի՞թե դու էլ ես կարծում, թե հավատացյալ հայորդիներն ընդամենը, Սերժի ասած, 7% են կազմում, և նման բևեռացում չկա հովվապետի և հոտի միջև, քեզ ճանաչելով՝ կարծում եմ ոչ։
     3) Մեջբերում, «երրորդ՝ եկեղեցական կյանքում բարենորոգությունը կաթողիկոսին առանց կանոնական հիմքերի գահընկեց անելով եւ մեկ այլ՝ նոր հայրապետ բերելով չի լինում եւ երբեք էլ չի եղել», մեջբերման ավարտ։ Սիրելի Տեր Հայրս, մեր խնդրանք-հորդորն է, որ ինքնակամ հրաժարվի հայրապետական Աթոռից և մնա իր եպիսկոպոսական կարգի մեջ։ Մենք ռևանշիստական ծայրահեղականներ չենք, իսկ ձեր ասած, թե «առանց հիմքեր կաթողիկոս գահընկեց անել չի լինում ու չի եղել», խնդրեմ, թվարկեմ կաթողիկոսներ, որոնք թե՛ ինքնակամ, թե՛ պարտադրանքով թողել են Լուսավորչի Աթոռը։
     27-րդ կաթողիկոս` Քրիստափոր Բ. Ապահունին հրաժարվել է 630 թ.
     29-րդ կաթողիկոս` Ներսես Գ. Իշխանցին հրաժարվել է 652 թ.
     55-րդ կաթողիկոս` Վահան Ա. Սիւնին գահընկեց է արվել 969 թ.
     58-րդ կաթողիկոս` Սարգիս Ա. Սեւանցին հրաժարվել է 1019 թ.
     63-րդ կաթողիկոս` Գրիգոր Գ. Պահլավունին հրաժարվել է 1166 թ.
     66-րդ կաթողիկոս` Գրիգոր Ե. Քարավէժը գահընկեց է արվել 1194 թ.
     71-րդ կաթողիկոս` Կոնստանդին Բ. Կատուկեցուն գահընկեց է արվել 1289 թ.
     76-րդ կաթողիկոս` Յակոբ Բ. Անաւարզեցուն ստիպել են հրաժարվել 1341 թ., վերականգնվել է 1355 թ.
     84-րդ կաթողիկոս` Գրիգոր Ը. Խանձողատը զավթել է աթոռը 1411 թ. ու գահընկեց արվել 1418 թ.
     87-րդ կաթողիկոս` Գրիգոր Թ. Մուսաբէկեանցը հրաժարվել է 1441 թ.
     88-րդ կաթողիկոս` Կիրակոս Ա. Վիրապեցին հրաժարվել է 1443 թ.
     92-րդ կաթողիկոս` Սարգիս Բ. Աջակիրը հրաժարվել է 1484 թ.
     100-րդ կաթողիկոս` Դավիդ Դ. Վաղարշապատցին հրաժարվել է 1629 թ.
     117-րդ կաթողիկոս` Դավիթ Ե Էնէգէթցին զավթել է գահը 1801 թ. և գահընկեց արվել 1807 թ.
     119-րդ կաթողիկոս` Եփրեմ Ա. Ձորագեղցին հրաժարվել է 1830 թ.։
     Ինչ վերաբերում է Գարեգին Բ կաթողիկոսի գահընկեցության կանոնական պատճառներին, վստահ եմ, որ «Կանոնագիրք Հայոց» -ը ինձանից լավ ես թերթել ու սերտել, որտեղ խոսվում է նաև կաշառքով ընտրված և կաթողիկոսական գահը զավթած եկեղեցու առաջնորդներին հեռացնելու մասին։
     Կոչ եմ անում, որ կոչ անես քո հոգևոր և օծակից եղբայրներին՝ չլռեցնելու արդարության և ճշմարտության՝ երկրեերկինք բարձրացող աղաղակը, այլ որպես բարի և քաջ հովիվներ՝ նմանվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և լինեք ժողովրդի հետ, ինչը որ ձեր իսկ առաքելությունն է։
     Խոնարհաբար Աջդ համբուրող՝ քո եղբայր։
    
     Էդգար Ումբրեյան
    
     Հ. Գ. Երեկ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը կոչ էր արել հետ կանգնել Գարեգին Բ կաթողիկոսի հեռացումը պահանջող ակցիաներից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5730 | 0 | 0
Facebook