Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«…երբ ես որևէ մեկին խնդրում եմ ձեռնպահ մնալ անօրինականությունից, նա, ի ուրախություն ինձ, ալ Մութադիդի ահից, հնազանդվում է», կամ այն մասին, որ անօրինության դեմ պայքարողին նույնիսկ խալիֆն է աջակից եղել

09:27, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
«…երբ ես որևէ մեկին խնդրում եմ ձեռնպահ մնալ անօրինականությունից, նա, ի ուրախություն ինձ, ալ Մութադիդի ահից, հնազանդվում է», կամ այն մասին, որ անօրինության դեմ պայքարողին նույնիսկ խալիֆն է աջակից եղել

Աբբասյան հարստության խալիֆներից մեկի՝ Ալ Մութադիդ Բիլահի գահակալության շրջանում (857 – 902 թթ.) մի զորահրամանատար է ապրել Բաղդադ մայրաքաղաքում, որը հարուստ վաճառականներից մեկից խոշոր գումար է պարտք առել ու շարունակ ձգձգել է պարտքի մարումը: Այժմ այն մասին, թե վաճառականն ինչպես է կարողացել վերադարձնել իր պարտք տված փողը:

Վաճառականը հետևյալն է պատմել.


     Տվածս պարքը ետ ստանալու համար ես ստիպված եղա դիմել խալիֆ ալ Մութադիդի օգնությանը, որովհետև ամեն անգամ, երբ ես գնում էի զորահրամանատարի տուն, որպեսզի տվածս գումարը պահանջեմ, նրա տան դռները փակվում էին իմ առաջ, իսկ նրա ծառաներն ինձ անպատվում էին: Ես փորձեցի խաղաղությամբ համաձայնության գալ նրանց հետ ու դիմեցի մեկի միջնորդությանը, բայց ոչինչ չստացվեց: Ես նույնիսկ դիմեցի վեզիր Ուբայդալահ իբն Սուլեյմանին, բայց նա էլ չկարողացավ ինձ օգնել: Այդժամ իմ մտերիմ ընկերներից մեկն ինձ ասաց. «Ես կվերադարձնեմ փողերդ, և դու ստիպված չես լինի խալիֆին դիմել: Հե՛նց հիմա եկ ինձ հետ»:

Ես նրա հետ գնացի, և նա ինձ տարավ «Աս Սուլասա» շուկայում աշխատող ծեր դերձակի մոտ, որն ամբողջ ցերեկը կա՛մ կար էր անում, կա՛մ մզկիթում Ղուրան էր կարդում: Ընկերս նրան պատմեց իմ պատմությունը և խնդրեց այցելել զորահրամանատարին և գործն հարթել: Մենք երեքով գնացինք դերձակի տնից ոչ հեռու ապրող զորահրամանատարի տուն: Ճանապարհին ես ոտքս մի քիչ կախ գցեցի ու ընկերոջս ասացի. «Դու շատ անախորժ գործի ես ձեռնամուխ եղել, և այդ գործի մեջ ներքաշում ես նաև այս ծերունուն: Հենց որ նա մոտենա զորականի տանը, ոչ միայն նրան, այլև մեզ ուղղակի սրախողխող կանեն: Այսինչն ու այնինչը և նույնիսկ վեզիրն ինքը փորձել են այդ զորականին համոզել, բայց նա ոչ մեկին բանի տեղ չի դրել: Ինչ-որ մի դերձակ ինչպե՞ս կարող է նրան կարգի հրավիրել»:

Բայց ընկերս ծիծաղելով պատասխանեց. «Ոչի՛նչ, ոչի՛նչ, ե՛կ ու ամենևին մի անհանգստանա»:

Երբ մենք մոտեցանք զորահրամանատարի տանը, տան ծառայողները, տեսնելով ծերունի դերձակին, սկսեցին ամենայն հարգանք դրսևորել նրա նկատմամբ, խոնարհվեցին, որպեսզի համբուրեն նրա ձեռքը, բայց նա դա թույլ չտվեց: Այդժամ ծառաները նրան հարցրեցին. «Ի՞նչ հարցով եք եկել, ո՛վ շեյխ: Տանտերը մեկնել է, բայց եթե մենք կարող են քեզ համար մի որևէ բան անել, ասա՛, և մենք անմիջապես քո ցանկությունը կկատարենք, իսկ եթե ոչ, ապա ներս համեցիր ու սպասիր նրա վերադարձին»: Այսպիսի ընդունելությունն ինձ քաջալերեց, և մենք միասին տուն մտանք ու նստեցինք: Շուտով հայտնվեց նաև տանտերը և, տեսնելով դերձակին, մեծագույն հարգանքով ողջունեց նրան ու ասաց. «Ես պատրաստ եմ, մինչև հագուստս փոխելը, կատարել քո կարգադրությունները»:

Դերձակը նրա հետ խոսեց իմ գործի վերաբերյալ, և զորականն ասաց. «Ալլահով եմ երդվում՝ տանը հինգ հազար դիրհեմից ավելին չունեմ: Ստացեք այդ գումարը և ձիուս ոսկյա ու արծաթյա ասպազենը՝ որպես գրավ պարտքիս մնացած մասի դիմաց, որը ես մեկ ամսվա ընթացքում կվճարեմ»:

Ես հաճույքով համաձայնեցի, և նա բերեց փողն ու ձիու հանդերձանքը, որի արժեքը գերազանցում էր պարտքի մնացորդը: Ես այդ ամենն ընդունեցի, իսկ դերձակն ու իմ ընկերը դարձան մեր պայմանավորվածության վկան, որի համաձայն պարտքի մնացյալ մասի դիմաց տրված գրավն ինձ մոտ պետք է մնա մեկ ամիս, իսկ երբ այդ ժամկետը լրանար ու պարտքը չմարվեր, ես իրավասու էի վաճառել գրավադրվածը՝ որպես պարտքի հատուցում:

Դերձակն ու ընկերս հաստատեցին գործարքը, իսկ երբ մենք վերադարձանք դերձակի տուն, ես նրա առջևը դրի փողն ու ասացի. «Ո՛վ շեյխ, Ալլահը քո ձեռքով ինձ վերադարձրեց ունեցվածքս, և ես շատ ուրախ կլինեմ, եթե դու ընդունես այս փողի քառորդ, մեկ երրորդ մասը կամ էլ կեսը»:

«Դու շտապում ես բարուն չարով հատուցել, - պատասխանեց նա: - Վերցրո՛ւ փողդ, և թող Ալլահն օրհնի քեզ»:

Ես ասացի, թե նրան մի խնդրանք էլ ունեմ, և, երբ նա ցանկացավ լսել այդ խնդրանքի մասին, ես նրան խնդրեցի բացատրել, թե շատ ազդեցիկ մարդկանց նկատմամբ քամահրանքով վերաբերվող զորականն ինչու լսեց իրեն: «Դու ստացար այն, ինչ ուզում էիր, - պատասխանեց նա, - իսկ հիմա ինձ մի՛ խանգարիր իմ գործն անել ու սննդի փող վաստակել»:

Բայց ես պնդեցի խնդրանքս, և նա ինձ հետևյալը պատմեց.

-Ես քառասուն տարի այս մզկիթում աղոթք եմ արել ու Ղուրանն եմ ընթերցել, իսկ ապրուստս վաստակել եմ դերձակությամբ, որովհետև այդ արհեստից բացի ուրիշ գործ անել չգիտեմ: Մի անգամ, տարիներ առաջ, երեկոյան աղոթքից հետո տուն վերադառնալիս, ես իր տան մոտ կանգնած մի թուրքի տեսա: Այդ նույն ժամանակ թուրքի տան մոտով մի գեղեցիկ կին անցավ, և թուրքը, որն հարբած էր, բռնեց այդ կնոջն ու սկսեց իր տուն քարշ տալ: Կինը դիմադրում էր և օգնություն խնդրում: Բայց ոչ մի տեղից ուգնություն չեղավ, և, չնայած կնոջ աղաղակին, ոչ մեկը չկար, որ նրան օգներ: Կինը ողբաձայն նաև ասում էր. «Ամուսինս երդվել է, որ ինձանից կբաժանվի, եթե տանը չգիշերեմ, և եթե այս տուն մտնեմ, կորած եմ, դա ոչ միայն ինձ կխայտառակի, այլև կյանքս կխորտակվի»:

Ես մոտեցա թուրքին և փորձեցի նրան կանգնեցնել՝ խնդրելով, որ նա կնոջը բաց թողնի, բայց նա մահակով հարվածեց գլխիս, ծանր վերք հասցրեց ու կնոջն ստիպողաբար իր տուն տարավ:

Ես տուն վերադարձա, արյունս լվացի, վերքս պինդ կապեցի ու գնացի երեկոյան աղոթքի: Աղոթելուց հետո ես մարդկանց հետևյալն ասացի. «Ինձ հետ ելեք Ալլահի թշնամու՝ այդ թուրքի դեմ: Հանգիստ չտանք նրան այնքան ժամանակ, քանի դեռ այդ կնոջը չենք ազատագրել»:

Բոլորը ոտքի ելան ու սկսեցին աղմկել թուրքի տան մոտ: Ծառաների ուղեկցությամբ՝ թուրքը դուրս եկավ, և ծառաները հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին հարվածներ տեղալ, իսկ ինձ ամենածանր հարվածները բաժին հասան: Հարվածներն այնքան ուժգին էին, որ ես մահվան դուռն հասա, և հարևաններս ինձ կիսամեռ վիճակում տուն տարան: Տանը նրանք լվացին վերքերս, ու ես քնեցի: Բայց դա երկար չտևեց, որովհետև վերքերըս ցավոտ էին: Արթնացել էի կեսգիշերին ու այլևս չէի կարողանում աչք կպցնել: Շարունակ մտածում էի տեղի ունեցածի մասին: Ինքս ինձ ասացի. «Հավանաբար, այդ թուրքն ամբողջ գիշեր գինարբուքի է տրվել ու գլխի չի ընկնի, թե օրվա որ ժամն է ու եթե ես առավոտյան հավատացյալներինաղոթքի կանչեմ, նա կմտածի, թե արդեն լույսը բացվել է, կնոջն ազատ կարձակի, և կինը լուսաբացից առաջ կհասցնի իր տուն գնալ: Այդ դեպքում նա կփրկվի երկու դժբախտություններից մեկից, և նրա ընտանիքը, ի լրումն այն ամենի, որ նրա գլխին եկավ, չի քայքայվի»:

Ես մեծ դժվարությամբ մզկիթ հասա և, բարձրանալով մինարեթի վրա, աղոթքի հրավեր բարձրաձայնեցի, իսկ հետո նստեցի ու սկսեցի նայել փողոցին՝ հուսալով, թե կինը թուրքի տնից դուրս կգա: Ես որոշել էի, որ եթե նա չհայտնվի, կսկսեմ նամազը, որպեսզի թուրքը մտածի, թե լույսը բացվել է և որ կնոջն արձակելու ժամանակն է:

Անցավ մի որոշ ժամանակ, կինը դեռ թուրքի տանն էր, իսկ փողոցը լցվեց ջահեր վառած մարդկանցով: Նրանք բոլորը գոռում էին. «Այդ ո՞վ է նամազի կանչում: Ո՞ւր է նա»:

Սկզբում ես այնքան էի վախեցած, որ չէի համարձակվում ձայն հանել, բայց հետո համարձակվեցի դիմել այդ մարդկանց և խնդրել, որ նրանք օգնեն կնոջը: Եվ ես մինարեթից գոռացի. «Ես եմ նամազի կանչել»: Այդժամ նրանք ինձ ասացին. «Ցա՛ծ իջիր և պատասխան տուր ուղղադավանների տիրակալին»:

Կարծելով, թե վերջս եկել է, ես իջա մինարեթից ու անմիջապես հասկացա, որ հավաքվածները քաղաքայի պահակախմբի զիվորներն էին: Նրանց հրամանատարն ինձ տարավ խալիֆ ալ Մութադիդի պալատ: Տեսնելով խալիֆին՝ ես ամբողջ մարմնով սկսեցի դողալ, բայց նա ինձ քաջալերեց ու հարցրեց. «Ինչո՞ւ ես ուղղահավատներին անհանգստացրել՝ աղոթքի կանչելով սահմանված ժամից շուտ, որի հետևանքով ովքեր գործեր են ունեցել, ստիպված են լինելու այդ գործերով ժամանակից շուտ զբաղվել, իսկ նրանք, ովքեր պիտի ծոմ պահեն, ստիպված են լինելու չուտել օրվա այն ժամին, երբ կարելի է սնվել»:

Ես պատասխանեցի. «Եթե ուղղահավատների տիրակալը կխոստանա կյանքս խնայել, ես նրան կասեմ ամբողջ ճշմարտությունը»:

Խալիֆն ասաց, թե իմ կյանքին ոչինչ չի սպառնում, այդժամ ես նրան ամեն ինչ պատմեցի թուրքի մասին ու ցույց տվեցի ծեծված մարմնիս վրա մնացած հետքերը: Դրանից հետո խալիֆը հրամայեց անմիջապես իր մոտ բերել թուրք զինվորին ու այն կնոջը: Ինձ դուրս հանեցին և որոշ ժամանակ անց բերեցին թուրքին ու կնոջը: Ալ Մութադիդը հարցաքննեց կնոջը, ու կինը պատմեց նրան այն նույնը, ինչը ես էի պատմել: Այդժամ ալ Մութադիդը կարգադրեց կնոջն իր տուն տանել, բացատրել նրա ամուսնուն, թե ինչ է տեղի ունեցել և խալիֆի անունից նրան հրամայել, որ նա կնոջը տնից չվտարի ու հետը լավ վարվի:

Հետո նա կանչեց ինձ և իմ ներկայությամբ թուքին հետևյալ հարցերը տվեց.

«Որքա՞ն է քո աշխատավարձը»: Զինվորը պատասխանեց: «Սննդի համար քեզ որքա՞ն է տրվում»: Զինվորը պատասխանեց: «Իսկ որքա՞ն ես կողմնակի վաստակում»: Զինվորն ասաց իր կողմնակի եկամտի չափը: Հետո խալիֆն սկսեց թվարկել այն ամենը, ինչը թուրքին անվճար է տրվում, և թուրքը խոստովանեց, որ իր եկամուտը շատ մեծ է: Այդժամ ալ Մութադիդը նրան հարցրեց, թե քանի հարճ ունի: Թուրքը պատասխանեց, և խալիֆը նրան ասաց. «Մի՞թե այդքան հարճերն ու հսկայական հարստությունը քեզ չեն բավարարում: Ինչո՞ւ ես զանց առնում Ալլահի հանձնարարականն ու արատավորում քո խալիֆի բարի անունը: Դու ոչ միան անօրինություն ես անում, այլև հարձակվում ես այն մարդու վրա, որը փորձել է խիղճդ արթնացնել»:

Թուրք զինվորը լռեց և ոչ մի բառ չկարողացավ արտաբերել: Այդժամ խալիֆը կարգադրեց պարկ, գիպսը բարակացնող սանդաթակիչ, պարաններ ու ձեռուոտի կապանքներ բերել: Զինվորին կապկպեցին, մտցրեցին պարկը, որից հետո ծառաներին կարգադրեցին սանդաթակիչներով ծակծկել նրան: Այդ ամենը տեղի ունեցավ իմ աչքերի առաջ: Զինվորն սկզբում ճչում էր, հետո ձայնը կտրեց ու մեռավ: Խալիֆը հրամայեց նրա մարմինը Տիգրիս գետը նետել ու բռնագրավել նրա ամբողջ ունեցվածքը:

Հետո նա ինձ ասաց. «Ո՛վ ծերունի, եթե դու երբևէ որևէ անօրինականություն տեսնես, լինի դա մեծ, թե փոքր, պահանջիր, որ դրան վերջ տրվի, եթե նույնիսկ երևույթը վերաբերի նրան, - ու մատնացույց արեց իր պահակախմբի պետին: - Իսկ եթե քեզ չլսեն, ապա թող քո ու իմ միջև նշանը լինի աղոթքի հրավերը մոտավորապես այս ժամին, և ես, լսելով քո ձայնը, քեզ օգնություն կուղարկեմ, և յուրաքանչյուր ոք, որը կհամարձակվի քեզ չլսել կամ քեզ վնասել, նույնպիսի պատժի կարժանանա, ինչպիսի պատժի արժանացավ այն զինվորը»:

Ես նրան երախտագիտությունս հայտնեցի և հեռացա:

Իսկ հետո բարձրաստիճան անձանց ու ծառաների շրջանում տարածվեց այս դեպքի մասին լուրը, և այդ ժամանակից ի վեր, երբ ես որևէ մեկին խնդրում եմ արդարաբար վարվել կամ ձեռնպահ մնալ անօրինականությունից, նա, ի ուրախություն ինձ, ալ Մութադիդի ահից, հնազանդվում է: Այնպես որ առ այսօր պայմանավորված ժամին աղոթքի կանչելու անհրաժեշտություն չի եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4797 | 0 | 0
Facebook