Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է ստում Էջմիածնի Կաթողիկոսարանի Դիվանատունը

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
00:13, կիրակի, 03 հունիսի, 2018 թ.
Ինչո՞ւ է ստում Էջմիածնի Կաթողիկոսարանի Դիվանատունը
    
Ինչպես տեղեկանում ենք մամուլից, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը զբաղվում է քաղաքացիական իրավունքի պաշտպանությամբ և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա (Հակոբ) Հովհաննիսյանի հետ կապված խնդիրների առնչությամբ հարցումներ է ուղարկել Մայր Աթոռի կաթողիկոսարան` կատարելով իր մասնագիտական պարտականությունները: Քանի որ Կարեն Հեքիմյանն զբաղվում է քաղաքացիների հարցերով, ուստի Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին ներկայացրել է որպես ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան:
     Դիվանատունը, վստահաբար, իրազեկ լինելով խնդրին և գիտակցելով հարցի նրբությունը և լրջությունը` բավական ուշացումով խուսափողական և կիսատ-պռատ պատասխան է ուղարկել` այն բանից հետո, երբ պաշտպանը Մայր Աթոռի` որպես ՀՀ-ում գրանցված կրոնական-հասարակական կազմակերպության վարչական կենտրոնի և նրա ղեկավարի դեմ դատական հայց է ներկայացրել` դատարանից պահանջելով պարտավորեցնել Էջմիածնի կաթողիկոսարանին պատասխանելու հարցադրող կողմին: Այնուհետև մի ողորմելի պատասխան է ստացվում, թե Հակոբ Հովհաննիսյան անունով հոգևորական Հայ եկեղեցում չի սպասավորում, մինչդեռ նույն այդ անձնավորությունը, այսինքն՝ Տեր Գրիգոր Հովհաննիսյանը` որպես ՀՀ քաղաքացի, իր անձնագրում և այլ փաստաթղթերում հանդես է գալիս Հակոբ Հովհաննիսյան անունով:
     Այս պատասխանից ելնելով` պաշտապանը եզրակացնում է, որ Դիվանատունը կա՛մ տեղյակ չէ հոգևորականների կենսագրություններից և ծանոթ չէ նրանց քաղաքացիական կամ ավազանի անուններին, ինչ որ անհավանական է, կա՛մ որոշ հոգևորականներ պաշտոնապես գրանցված չեն թեմերում և ընդհատակյա (ասել կուզի` «սևով») են պաշտոնավարում, որը նույնպես բացառված է, կա՛մ էլ Մայր Աթոռը` ի դեմս Դիվանատան աշխատակից Երեմիա աբեղա Աբգարյանի, ստում է և ցուցաբերում արհամարհանք պաշտոնական հարցման նկատմամբ, ինչը և վրդովեցրել է Կարեն Հեքիմյանին, ով իր նախորդ հրապարակումներով միտում չի ունեցել պախարակել Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որին քաջածանոթ են շատերը: Կարեն Հեքիմյանի գրություններում Տեր Գրիգորի նկատմամբ որևէ անազնվություն չի դրսևորվել:
     Երկրորդ, ի՞նչ է նշանակում` Մայր Աթոռ հարցում են արել քահանայի քաղաքացիական անունով, որի համար էլ Մայր Աթոռի Դիվանատունը մանկապարտեզի մակարդակի ծիծաղելի պատասխան է տվել քաղաքացիական իրավունքների պաշտպանին, թե` նման անուն-ազգանունով անձ չի ծառայում Հայ Եկեղեցում: Կարծում եք` այդքան միամի՞տ է Դիվանատունը, որ տեղը չի բերել, թե ում մասին է խոսքը: Թե ձեռնտու չի եղել հարցերին պատասխանել` իրեն դնելով հիմարի կարգավիճակում: Եթե նույնիսկ միայն քաղաքացիական անունով է պաշտպանը ներկայացրել Տեր Գրիգոր քահանային, ապա թող բարի լինեին և պատասխանում նշեին, որ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանն այլևս Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն է, ով ծառայում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Չնայած որ նույն այդ քահանայի անձնագրում, որի անունը փոխվել է ձեռնադրության ժամանակ, գրված է Հակոբ Հովհաննիսյան:
     Պատկերացրեք, որ նա պիտի ճամբորդի, գնում է օդանավակայան և ներկայանում է Տեր Գրիգոր քահանա, այնտեղ իրեն մերժում են գրանցել, քանի որ անձնագրում անունը գրված է Հակոբ` ասելով, թե այդպիսի քաղաքացի` Տեր Գրիգոր անունով, չեն ճանաչում: Իսկ եթե Տեր Գրիգորը մի օր որոշի վարկ վերցնել բանկից ու գնա ներկայանա Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, ապա բանկը կմերժի նրա հետ գործարքի մեջ մտնել, քանի որ նման անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի չկա, որը ճիշտ է:
     Սակայն սա չի նշանակում, որ եթե ինքը բանկին ներկայանա որպես Հակոբ Հովհաննիսյան, ապա դրանով դադարում է լինել Տեր Գրիգոր քահանա: Ո՛չ: Նա և մյուս քահանաները, ներառյալ հոգևոր ծառայությունից ապօրինի կամ արդարացի կերպով զրկվածները, հավիտյան քահանա են, քանի որ աստվածաբանական իմաստով վավերական խորհուրդները (մկրտություն, ձեռնադրություն և այլն) մշտնջենավոր բնույթ ունեն և թղթով, թանաքով կամ թերթերով հնարավոր չէ դրանք ջնջել կամ լուծարել:
     Երրորդ, ո՞վ ասաց, որ որևէ քահանա պետք է արտոնյալ լինի և որոշ օրենքներից վեր գտնվի: Եթե նա ՀՀ քաղաքացի է, ապա ինչպես իր հոտի անդամ մյուս քաղաքացիները, ինքն էլ ներառյալ, պետք է հավասար լինեն օրենքի առաջ: Տեր Գրիգորը նույնպես պետք է հետևի ընդունված կարգ-կանոնին՝ միաժամանակ հարգելով այլոց իրավունքները:
     Տեր Գրիգոր քահանան ծառայասեր հոգևորական է, ունի իր բարերարները, որոնք հովանավորում են զանազան ծրագրեր, որոշակի շրջանակում որոշակի հեղինակություն է վայելում, բայց...
     Շատ պիտի ակնկալեինք, որ նա քաջություն ու համարձակություն ունենար` արտահայտվելու այն աղաղակող անարդարությունների և ապօրինությունների դեմ, որոնք բացեիբաց կատարվում են Հայ եկեղեցում և պատճառ հանդիսանում հազարավոր հավատացյալների գայթակղության և դեպի աղանդավորության գիրկը գլորման: Գարեգին Բ կաթողիկոսին անհատի պաշտամունք մատուցելով և պատեհ-անպատեհ առիթներով նրան խնկարկելով չէ, որ հոգևորականը պետք է ինքնադրսևորվի, այլ ճշմարտությունները չքողարկելով և սխալները մերժելով: Բոլորս աղոթող ենք Հայ եկեղեցու առողջացման համար, ինչն սկսվում է նախ և առաջ վարձկան և սուտ հովիվների ու նրանց պարագլուխ Գարեգին Բ անարժան կաթողիկոսի՝ օր առաջ հեռացմամբ…
     Մի խոսքով, եթե Մայր Աթոռը ողջամիտ ժամկետի մեջ իրականությանը մոտ խելամիտ պատասխան տար, ապա խնդիրը չէր բարդանա ու նման ընթացք չէր ստանա: Իսկ եկեղեցուց չի կարելի հուսահատվել, քանի որ Քրիստոս` եկեղեցու Գլուխը, մեզ քաջալերեց` ասելով. «Ես հաղթեցի աշխարհին» ...

    
Հ.Գ. Այս հրապարակումից հետո «Առավոտ» թերթի կայքէջում տեղ գտավ պաշտպան Կարեն Հեքիմյանի արձագանք-մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
    
     Երկար մտածում էի մեկնաբանե՞լ, թե ոչ: Որոշեցի: Մեկանաբանությունս շատ կարճ է, ով ցանկանում է՝ թող հասկանա:
1. Ես ոչինչ չունեմ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանի դեմ, ես պաշտպանում եմ մի անձի իրավունքները, որոնք «հաշվի չի առնվել» Տեր Գրիգորի կողմից:
2. Կաթողիկոսին ուղղված հարցմանս մեջ հետաքրքվել եմ, թե ո՞վ է Հակոբ Հովհաննիսյանը եւ ի՞նչ կապ ունի նա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ:
3. Հարցումս գրելուց առաջնորդվել եմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներով:
4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սահմանադրորեն ճանաչված է հանրային նշանակության կազմակերպություն, իր բոլոր հետեւանքներով:
5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին չի կատարել օրենքով սահմանված պահանջները եւ գրավոր հարցմանս, սահմանված ժամկետում չի պատասխանել:
6. Հարցումս պարունակում էր թվով 7 հարց, որից 2-ին պատասխանվել է այն ժամանակ, երբ գործը հանձնել էի դատարան:
7. Պատասխանում հստակ նշված է, որ Հակոբ Հովհաննիսյան ԱՆՁ եկեղեցում չի ծառայում:
8. Հարգանքի են արժանի բոլոր քրիստոնյաները, այդ թվում Տեր Գրիգորը:
9. Հարգում եմ Տեր Գրիգորին որբ երեխաներ որդեգրելու համար:
10. Օրենքը օրենք է բոլորի համար, անգամ Կաթողիկոսի եւ բարի մարդկանց համար:

     Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հանրային նշանակության կազմակերպություն է և այդ իմաստով գործում է նույն օրենսդրական դաշտում, որում գործում են այլ կազմակերպություններն ու ՀՀ քաղաքացիները: Ավելին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով, հանրային նշանակության կազմակերպությունները հավասարեցվում են ՀՀ պետական մարմիններին և հետևաբար ունեն նույն պարտականությունները: Հարցումս գրել եմ բացառապես ելնելով օրենքի տառից: Եվ հետո, պաշտոնական գրագրությունում չկա Տեր Գրիգոր, այլ առկա է ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան: Դե հիմա պատկերացրեք, որ Տեր Գրիգորը որոշում է ճանապարհորդել և սահմանապահին ներկայանում է որպես հենց Տեր Գրիգոր: Ի՞նչ կլինի: Նրան կպահեն սահմանին այդքան, մինչեւ չպարզվի նրա ինքնությունը, այն է՝ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան:
     Ամեն օր ականատես ենք լինում փաստերի, երբ անվան կամ ազգանվան մեջ անգամ մեկ տառի սխալը անցանկալի հետևանքներ է առաջացնում, շատ անգամ՝ ճակատագրական: Բացի դա, որևէ վարչական, դատական մարմին չի ընդունի ոչ անձնագրային տվյալներով հայց: Այդպիսի օրինակները շատ են: Տեր Գրիգորի անձնագրում գրված է Հակոբ Հովհաննիսյան, նա ունի բազմաթիվ փաստաթղթեր Հակոբ Հովհաննիսյան անվամբ, նրա անշարժ եւ շարժական գույքը նույնպես գրանցված է Հակոբ Հովհաննիսյան անվամբ եւ Դուք այս պարագայում «նամակագրության որոշակի էթիկա» -ի խախտում չե՞ք տեսնում: Ինչքանո՞վ է դա ազնիվ: Ամեն դեպքում, կա՛մ Տեր Գրիգոր բոլոր տեղերում, կա՛մ միայն եկեղեցու ներսում:
     Եվ հետո, կարծում եմ, որ պետք է հարգել այն պետության օրենքները, որտեղ բնակվում ես: Մի բան էլ ասեմ՝ 26.07.2016 թ. անձնական նամակի միջոցով խնդրել եմ Տեր Գրիգորին հաշտվել իր հարևան Նելլի Իսկանդարյանի հետ: Նամակը ստացվել է Տեր Գրիգորի կողմից սակայն անպատասխան մնացել: Ստացվում է, որ առկա է «նամակագրության որոշակի էթիկա» -ի խախտում, ինչը կրկին ոչ մեկին չի հետաքրքրում: Սա ի՞նչ է՝ արհամարհա՞նք, մեծամտությու՞ն, անարգա՞նք: Ինչևէ:
    
     Կարեն Հեքիմյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4680 | 0 | 0
Facebook