Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցվածների 97%-ը ցանկանում է Գարեգին Բ-ի հեռացումը

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
22:10, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Հարցվածների 97%-ը ցանկանում է Գարեգին Բ-ի հեռացումը
     «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնությունը իր համանուն ֆեյսբուքյան էջում մեկ շաբաթ առաջ հարցախույզ անցկացրեց սոցիալական ցանցի օգտատերերի միջև, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 4674 օգտատեր: Հարցման թեման էր՝ «Ցանկանո՞ւմ եք, որ Գարեգին Բ-ն հեռանա Հայ եկեղեցուց» : Հարցման մասնակիցների 97%-ը, որ կազմում է 4547 քվե, կողմ է արտահայտվել Գարեգին Բ-ի հեռացմանը, իսկ 3%-ը, որ կազմում է 127 քվե, չի ցանկանում կաթողիկոսի հեռանալը: Ուշագրավ է, որ թե՛ դեմ և թե՛ կողմ հատվածներում քվեարկել են նաև հոգևորականներ, մեծ մասամբ՝ քահանաներ, որոնց անունները չենք հրապարակի:
     Այս կարճ ժամանակահատվածում մեր ունեցած պատկերն ավելի քան խոսուն է: Հայորդիների ճնշող մեծամասնության պահանջով Գարեգին Բ-ի հեռացումը բխում է Հայ եկեղեցու ժողովրդավարական սկզբունքից, քանի որ ինչպես կաթողիկոսի ընտրության դեպքում մասնակցում է հայ ժողովուրդը՝ ի դեմս Ազգային-եկեղեցական ժողովի, այնպես էլ կաթողիկոսի մերժումը և նրա հեռացման պահանջը անհրաժեշտ է, որ բարձրացվի հայ ժողովրդի կողմից: Չէ՞ որ կաթողիկոսը կրում է «ամենայն հայոց» տիտղոսը, որ նշանակում է, թե նա բոլոր հայերի կաթողիկոսն է, եթե, իհարկե, ազգընտիր է: Իսկ եթե պարզվի, որ ազգընտիր չէ, այլ մինչև անգամ մերժվում է նույնինքն «ամենայն հայոց» կողմից, ուրեմն էլ ո՞ւմ կաթողիկոսն է նա:
     Այս բոլորը գալիս են գումարվելու կաթողիկոսի հեռացման կանոնական, բարոյական, վարդապետական, աստվածաշնչական, եկեղեցաբանական և պատմական հիմնավորումներին, որոնք հող են տրամադրում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի կամ հեռացման համար: Չի՛ կարող կաթողիկոսը լինել ինքնակոչ՝ փաստացի դառնալով մի խումբ համակիրների առաջնորդը:
     Կաթողիկոսը պետք է ընտրվի ազգի կողմից, որի ձայնն արտահայտում են Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորները՝ խղճի մտոք և արդարամիտ քվեարկությամբ: Կաթողիկոսը նաև պետք է ընդունելություն գտնի հասարակության մեջ, ճանաչվի, սիրվի և մեծարվի իր ժողովրդի զավակների կողմից: Հակառակ դեպքում՝ նրա գոյությունը դատապարտված է արհամարհանքի, քննադատությունների, ամբաստանությունների և ի վերջո՝ հրապարակային մերժման:
     Գարեգին Բ կաթողիկոսի դեպքում, ցավոք սրտի, այս երկրորդ վիճակն է, ինչն էլ իրավունք է տալիս նրա դեմ անհնազանդության և ընդվզման դրսևորումների՝ բոյկոտելու նրա կաթողիկոսական իշխանությունը և հանգամանքը: Պողոս առաքյալն էլ հորդորում է՝ ասելով. «Լավ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կասեցրեց, որ չհնազանդվեք ճշմարտությանը» (Գաղ. 5: 7), ուրեմն՝ «Վերացրե՛ք չարը ձեր միջից» (Ա.Կորնթ. 5: 13):
    
     «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3676 | 0 | 0
Facebook