Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ո՞վ է սանձազերծել 1812 թվականի պատերազմը

09:11, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Ո՞վ է սանձազերծել 1812 թվականի պատերազմը
    

Խորհրդային և ռուսական պատմագրությունը միահամուռ պնդում է, թե Նապոլեոնն է սանձազերծել 1812 թվականի պատերազմը Ռուսաստանի դեմ:


     Իրականում պատերազմը սանձազերծել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 1-ինը: Դեռևս 1805 թվականին նա Ավստրիայի տարածքով փորձեց ներխուժել Ֆրանսիա, բայց ֆրանսիացիները ռուսներին դուրս շպրտեցին իրենց սահմաններից, այնուհետև, 1805 թվականի դեկտեմբերի 2-ին Աուստերլիցի ճակատամարտում ջախջախեցին ավստրիացիներին ու ռուսներին: Ավստրիայի և Ռուսաստանի 85 հազարանոց միացյալ բանակը (60 հազարը՝ ռուսներ, 25 հազարը՝ ավստրիացիներ, 278 հրանոթ, Նապոլեոնի բանակը՝ 73, 5 հազար զինվոր) գլխավորում էր Միխայիլ Կուտուզովը: Պետրոս 1-ինի ժամանակներից ի վեր ռուսական բանակն առաջին անգամ խոշոր ճակատամարտում պարտություն կրեց: Ալեքսանդրը հուսահատության գիրկն է ընկել: Պարտության համակած խուճապն այնքան մեծ էր, որ ջախջախված բանակի փախուստի դիմած մնացորդները մարտադաշտից այնքան են հեռանում, որ միայն կեսգիշերին ու նույնիսկ առավոտյան են Ալեքսանդրին միանում: : Ջախջախմանը հաջորդած առաջին մի քանի ժամերին ցարը դես ու դեն է դեգերել՝ ընդամենը մի քանի զինվորականի ու բժշկի ուղեկցությամբ, իսկ երբ նրա մոտ է մնում միայն լեյբ-հուսարը, ցարը, ինչպես վկայել է հուսարը, իջնում է ձիուց, նստում է ծառի տակ ու լաց է լինում:

Այնուհետև, 1806 թվականի նոյեմբերի 30-ին, Ալեքսանդրը աշխարհազորայինների զորահավաք է հայտարարում (պահանջում է, որ հավաքվի 612 հազար մարդ): Կալվածատերերին պարտավորեցնում են տրամադրել իրենց ճորտերին՝ ոչ թե իրենց տներն ու հողահանդակները պաշտպանելու, այլ՝ Ֆրանսիայի դեմ նոր արշավանք իրականացնելու, ցարի հիվանդագին փառասիրությանը հագուրդ տալու համար (ի դեպ, Ալեքսանդրը խաբում է կալվածատերերին, ու չի վերադարձնում նրանց գյուղացիներին՝ ինչպես խոստացել էր): Ինչպես 1804 – 1805 թվականներին ռուսների կայսրը համոզել էր Ավստիրայի կայսրին, նույն կերպ 1806 թվականին համոզում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ-Վիլհելմ 3-րդին, նորից միավորվել ու պատերազմ հայտարարել Ֆրանսիային: Պատերազմը հայտարարվում է, և Նապոլեոնը նորից ստիպված է լինում պաշտպանել իր երկիրը: Շնորհիվ նրա հանճարի՝ ֆրանսիական զորքերը կարողանում են ջախջախել էականորեն գերակշռող ռուսական ու պրուսական բանակներին:

Ռուսաստանը Ֆրանսիայի հետ չուներ ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ պատմական, ո՛չ տնտեսական խնդիր: Գտնվելով սեփական փառասիրական նկրտումների ու հիվանդագին բարդույթների իշխանության ներքո՝ Ալեքսանդր 1-ինը Նապոլեոնի դեմ պատերազմ սանձազերծեց ո՛չ միայն գաղափարական նկատառումներով: Այս ագրեսիայի համար նրան լավ էին վճարում: Հայտնի է, որ յուրաքանչյուր 100 հազար զինվորի համար Անգլիան Ռուսաստանին հսկայական գումար (1 միլիոն 250 հազար ֆունտ ստերլինգ) էր վճարում, որը անարդյունավետ տնտեսություն ունեցող երկրի համար էական ներարկում էր: Անգլիան Իսպանիայում Ֆրանսիայի դեմ էր հանել հսկայական ցամաքային զորքեր ու մեծ քանակությամբ սադրիչ գործակալներ, իսկ ծովում նրա նավատորմն էր իշխում: Անգլիան Ռուսաստան է առաքել 150 հազար հրացան ու զինվորական գործի մասնագետներ է ուղարկել, չեղյալ է համարել Ռուսաստանին տրված վարկերը (այդ թվում հոլանդական խոշոր վարկը, որը կազմում էր 87 միլիոն գուլդեն): 1812 և 1813 – 1814 թվականների համար Ռուսաստանը պարտական է Անգլիայի տրամադրած զենքին ու զինամթերքին (վառոդ, արճիճ ու հրացան), ինչպես նաև դրամական ուղղակի օգնությանը: Ռուսաստանը վառոդ ներմուծում էր Անգլիայից (1811 – 1813 թվականներին Անգլիայից ներմուծվել է 1100 տոննա վառոդ): Անգլիական մատակարարումները կազմել են Ռուսական բանակի ծախսած վառոդի 40 տոկոսը: Ռուսական կայսրությունը մինչև իր գոյության վերջը փամփուշտի գնդակների համար անհրաժեշտ արճիճը ներմուծել է: Նապոլեոնի դեմ պատերազմում ռուս զինվորի զենքը չէր կրակի, եթե պետությունն արճիճ չկարողանար ներմուծել: Միայն 1811 թվականի ամռանը, հատուկ գաղտնի պայմանագրի համաձայն (գաղտնի էր, որովհետև Ռուսաստանը միացել էր Անգլիայի ցամաքային շրջափակմանը և իրավունք չուներ Անգլիայից որևէ ապրանք ներմուծել կամ այդ երկիր որևէ ապրանք արտահանել), Անգլիան Ռուսաստանին 1000 տոննա արճիճ է մատակարարում: Դա պետք է 6 ամիս բավականացներ ռուսական վեց կորպուսներին Նապոլեոնի դեմ մղվող կռիվներում: Այսպիսով, ռուսական բանակը կրակում էր անգլիական արճճից պատրաստված գնդակներով, այլ տարբերակ պարզապես գոյություն չի ունեցել: Կարելի է գրեթե համոզված ասել, որ եթե չլիներ անգլիական արճիճը, 1812 թվականին Ռուսաստանը պարտությունից չէր կարողանա խուսափել: Ի լրումն դրա՝ Անգլիան վճարել է նաև Ռուսաստանի ամբողջ ռազմարշավի ծախսերը: Այսպես, օրինակ, 1812 – 1814 թվականներին Անգլիան Ռուսաստանին տրամադրել է 165 միլիոն ռուբլու վարկ (ըստ Ռուսաստանի ֆինանսների նախարար Կանկրինի հաշվետվության՝ ռուսական գանձարանը 1812 – 1814 թվականներին ռազմական կարիքները հոգալու համար ծախսել է 157 միլիոն ռուբլի): Շատ մեծ է եղել նաև Անգլիայի տրամադրած «հումանիտար» օգնությունը: Հրդեհված Մոսկվայի վերականգնման համար անգլիական վաճառականությունը Ռուսասատանին անհատույց տրամադրել է 200 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 1, 8 միլիոն ռուբլի): Ընդհանուր առմամբ անգլիական հասարակության մասնավոր նվիրատվությունները Ռուսաստանին կազմել է 700 հազար ֆունտ ստերլինգ (ավելի քան 6 միլիոն ռուբլի):

1804 թվականի մարտի 18-ին Ֆրանսիայի Սենատը Նապոլեոնին կայսր է հռչակում. (ավելին, համաժողովրդական քվեարկությամբ է ընտրվում կայսր, դեմ է եղել ընտրողների ընդամենը 0, 07 տոկոսը), իսկ դեկտեմբերի 2-ին Հռոմի պապը նրան թագադրում է:

Մինչդեռ Ալեքսանդրը գահ է բարձրանում պետական հեղաշրջման արդյունքում, երբ Անգլիայի կողմից ֆինանսավորվող դավադիրները սպանում են Նրա հորը՝ Պավել 1-ին:

1807 թվականի հունիսի 2-ին Ալեքսանդրի զորքերը Ֆրիդլանդի ճակատամարտում նորից են ջախջախվում, և այս անգամ Նապոլեոնը, հակառակ ռազմական շահի տրամաբանության, ռուսներին չի հետապնդում: Ավելին, նա նույնիսկ Ռուսաստանի սահմանը չի անցնում, թեպետ, եթե նա հանկարծ որոշեր արշավել Ռուսաստանի վրա, ապա այդ երկիրը ոչ մի կերպ չէր կարողանա պաշտպանվել: Բայց Նապոլեոնն ուզում էր Ռուսաստանի հետ անպայման դաշնակցել: Հանուն այդ նպատակի նա ֆրանսիական գանձարանի հաշվին հանդերձավորում է Սուվորովի արշավանքին (Սուվորովին հանձնարարվել էր ֆրանսիացիներին հարվածել Իտալիայում) մասնակցած ու գերի ընկած 6732 զինվորներին ու 130 գեներալներին ու սպաներին և 1800 թվականի հուլիսի 18-ին անհատույց ուղարկում է հայրենիք: Հանուն այդ դաշնության մեծ զորավարը Տիլզիտում նույնիսկ ռազմատուգանք չի պահանջում ՝ ի հատուցումն Ռուսաստանի ագրեսիայի պատճառած վնասների: Ավելին (և սա առատաձեռնության ու քրիստոնեական ներումի գագաթ կարելի է համարել), Ռուսաստանը ստանում է նույնիսկ Բելոստոկի մարզը: Ամեն ինչ հանուն դաշնության:

Դրանից հետո անգամ ուղղադավան ցարը երկդիմի խաղ է սկսում. Տիլզիտում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների ժամանակ նա համբուրվում ու գրկախառնվում է «անարխիստ» Նապոլեոնի հետ, այնուհետև հինգ տարի շարունակ պարբերաբար նամակներ է գրում նրան, որոնք սկսվում էին «…եղբայր իմ» բառերով, բայց զուգահեռաբար մորը՝ Մարիա Ֆեոդորովնային (նրա նախաամուսնական անունը Սոֆիա Մարիա Դորոթեա Ավգուստա Լուիզա ֆոն Վյուրտենբերգ էր), հետևյալ բովանդակության նամակներ էր գրում. «Տիլզիտը ժամանակավոր շունչ քաշելու համար է, որպեսզի ավելի բազմամարդ բանակ հավաքվի ու պատերազմը վերսկսվի»: Դրա հետ միաժամանակ Ալեքսանդը աննախադեպ քայլ է անում, հաշտության պայմանագիրը կնքելուց հետո նա ռազմական ծախսերը կրկնապատկում է: Եթե 1807 թվականին այն կազմում էր 63, 4 միլիոն ռուբլի, ապա 1808 թվականին՝ 118, 5 միլիոն ռուբլի: Հաջորդող տարիներին ևս ռազմական բյուջեն ավելանում է:

1810 թվականին ռուսական բանակն արդեն կազմ ու պատրաստ տեղաբաշխված էր Վարշավյան դքսության սահմանի ամբողջ երկայնքով: Նապոլեոնը համառորեն ունկ չէր դնում իր խորհրդականներին, որոնք նրան խորհուրդ էին տալիս չհավատալ Ալեքսանդրին (նա, ախր, ապրել է այն տրամաբանությամբ, որ եթե դաշինքը ձեռնտու է երկու կողմին, կնշանակի, երկու երկիրն էլ դրան հավատարիմ կմնան): Ավելին, ֆրանսիացի զորահրամանատարն սկսում է զորքերն հանել գերմանական տարածքներից, իսկ ռուս ցարը շարունակում է տենդագին քայլերը նոր հակաֆրանսիական կոալիցիա կազմելու ուղղությամբ: 1811 թվականի կեսերին նա արդեն գրեթե համոզել էր Պրուսիայի ու Ֆրանսիայի թագավորներին, որպեսզի համատեղ նոր պատերազմ սկսեն Ֆրանսիայի դեմ: 1811 թվականի հոկտեմբերի 27-ին և 29-ին Ալեքսանդրը հրամաններ է ստորագրում, որոնցում կորպուսների հրամանատարներին հանձնարարվում էր նախապատրաստվել Վիսլա գետի շրջանում ռազմական գործողությունների, իսկ 1811 թվականի հոկտեմբերի 5-ին ստորագրվում է ռուս-պրուսական ռազմական արձանագրություն Ֆրանսիայի դեմ, բայց վերջին պահին Ավստրիայի կայսրը (որի հետ ավելի վաղ գաղտնի բանակցություններ էին ընթանում) և Պրուսիայի թագավորը վախենում են կռվի ելնել Նապոլեոնի դեմ և միայն համաձայնվում են գաղտնի համաձայնություն կնքել առ այն, որ պատերազմի դեպքում իրենք լուրջ ռամական գործողություններ չեն սկսի Ռուսաստանի դեմ:

Այս ամենի արդյունքում Ալեքսանդրը հանգում է այն գաղափարին, որը նրան հուշել էր Նապոլեոնի նախկին մարշալ Բերնադոտը. քանի որ ռուս գեներալները նախորդ պատերազմներում ցույց էին տվել իրենց անճարակությունը ֆրանսացիների դեմ, ուրեմն պետք է ապավինել տարածությանն ու կլիմային: Երբ 1812 թվականի ապրիլի 12-ին Նապոլեոնը դեռ Փարիզում էր (և, իմիջիայլոց, որոշել էր ամռանը ճանապարհորդել Իտալիայում), Ալեքսանդրը ժամանում է Վիլնո, որտեղ տեղաբաշխված էին զորքերը: Նապոլեոնը դիվանագետներ է ուղարկում նրա ճամբար՝ կոչ անելով պատերազմ չսկսել: Ալեքսանդրը չի համաձայնում:

Կան բազմաթիվ անվիճելի ապացույցներ առ այն, որ Նապոլեոնը ոչ միայն մտադիր չի եղել սահմանն անցնել, այլև, ձեռքի տակ ունենալով հետախուզության արժանահավատ տեղեկատվությունը, նախապատրաստվել է պաշտպանվել ռուսական ագրեսիայից (ինչպես դա եղել էր նախորդ տարիներին): Ռուսաստան ներխուժելու ոչ մի ծրագիր Նապոլեոնը չի ունեցել ու չէր կարող ունենալ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Պատերազմի հայտարարումը տեղի է ունեցել դիվանագիտական բոլոր կանոններին համապատասխան: Դեռ 1812-ի հունիսի 16-ին (այսինքն Նեման գետն անցնելուց ութ օր առաջ) Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար հերցոգ դը Բասանոն դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ նոտա է հղում Ռուսաստանին՝ այդ մասին տեղեկացնելով նաև եվրոպական մյուս պետությունների կառավարություններին: 1812-ի հունիսի 22-ին Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ. Լորինսոնը հետևյալն է տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությանը. «…իմ առաքելությունն ավարտված է, քանի որ իշխան Ա. Կուրակինի (Կուրակինը Ռուսաստանի ներկայացուցիչն էր Փարիզում) խնդրանքը՝ իրեն անձնագրեր տրամադրելու մասին, նշանակում է խզում, և նորին կայսրական մեծությունն ու թագավորական մեծությունը սկսած այդ ժամանակից իրեն համարում է Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում: Հասկանալի լեզվով թարգմանած՝ դա նշանակում էր, որ Ռուսաստանն առաջինն է պատերազմ հայտարարել Ֆրանսիային:

Ֆրանսիական բանակն անցնում է Նեման գետը զուտ այն պատճառով, որ այլևս հնարավոր չէր սպասել այնքան, մինչև որ Ավստրիան և Պրուսիան բացահայտորեն անցնեն Ռուսաստանի կողմը: Ահա թե ինչ է գրել չափազանց տեղեկացված լեհ գեներալ Դեզիդերի Խլապկովսկին. «Արշավանքի այդքան ուշ սկսելն ու զորքերի ամբողջ տեղաբաշխումը հստակորեն ցույց են տալիս, որ Նապոլեոնը ցանկանում էր ընդամենը վախեցնել Ալեքսանդր կայսրին…»:

1812 թվականի արշավանքը Ռուսաստան ինքնապաշտպանության դասական դեպք է:

Նապոլեոնը հույս է ունեցել, որ արդյունքի կհասնի հոգեբանական ներգործությամբ, նա ամենաշատը մտադիր է եղել ամեն ինչ ավարտել սահմանի շրջանում բախմամբ, որը կստիպեր ռուսների կայսրին կատարել այն, ինչի տակ ստորագրել էր: Տեսնելով մեծ բանակի զորաշարժը՝ Ալեքսանդրը լքում է բանակը, որն էլ իր հերթին սկսում է քաոսային ձևով նահանջել: Ֆրանսիացիները պարզապես հետապնդել են նահանջողներին, որոնք շարունակ խույս էին տալիս ճակատամարտից (հենց դրանով է բացատրվում, թե ինչու Նապոլեոնը դեպի մայրաքաղաք չի գնացել. նա ընդհանրապես ռազմական գործողություն չի ծրագրել Ռուսաստանի տարածքում):

Նապոլեոնը հետ է մղել մեկը մյուսին հաջորդող ագրեսիաները: Եթե նա 1805 թվականին սպասեր ռուսներին ու ավստրիացիներին Փարիզում և ոչ թե ջախջախեր իր դեմ կոալիցիա կազմած ագրեսորներին Ավստրիայում, ապա Ֆրանսիայի համար ամեն լավը կավարտվեր ոչ թե 1815-ին, այլ 1805-ին: Եթե Նապոլեոնը ռուսներին, պրուսիացիներին, շվեդներին, անգլիացիներին ու ավստրիացիներին 1812-ին Փարիզում սպասեր, ապա Ֆրանսիայի համար ամեն լավը կավարտվեր ոչ թե 1815-ին, այլ 1812-ին: Այդ ժամանակաընթացքում նա հասցրեց Ֆրանսիան նոր երկիր դարձնել, կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք կարևոր էին ոչ միայն իր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար: Ինչպիսի՞ն կլիներ Եվրոպան այսօր առանց Նապոլեոնի օրենսգրքի, առանց նրա նոր վարչական համակարգի, առանց Ալպերը հատող մայրուղու, առանց համընդհանուր կրթության նոր համակարգի, առանց «ամպիր» ոճի: Ռուսաստանի կվասային հայրենասերները իրենց «խրուշչովկաներ» -ի ճանապարհը չէին գտնի, եթե Նապոլեոնը չներդներ փողոցի երկու կողմերի տները կենտ և զույգ թվերով համարակալելու համակարգը: Նապոլեոնը վերացրեց ներքին մաքսատուրքերը, ֆեոդալական երկրներում տեղային ինքնակառավարում մտցրեց, վերացրեց ինկվիզիցիան: Ա. Պուշկինը դիպում է գնահատել նրա մեծությունը. «…աքսորի հավերժական խավարից (նկատի ունի Նապոլեոնի աքսորը սբ. Հեղինե կղզի) աշխարհին ազատություն կտակեց…»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2533 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ