Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակներ զինվորներին

22:40, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Նամակներ զինվորներին

«Բարև զինվորիս: Զարմանաս գուցե, որ հերթապահը իմ անունից քեզ նամակ հանձնի: Օրեր առաջ ես ստացել նախորդը: Կարոտում եմ շատ: Ամբողջ օրը մտքերով քեզ հետ եմ: Արթնանում, նախաճաշում, սովորում և նույնիսկ հերթապահում քեզ հետ, իսկ մեկ-մեկ էլ ուշանում անվանականչից: ՃՃՃ

Օրս անցկացնում եմ սովորականի նման: Արթնանում եմ, գնում համալսարան, ժամեր շարունակ լսում հետաքրքիր ու ձանձրալի դասախոսություններ, շփվում հետաքրքիր ու ձանձրալի մարդկանց հետ, հետո նորից վերադառնում տուն: Տանն ամեն բան նույնն է: Բոլորն էլ ինչպես միշտ իրենց գործերով ու հոգսերով տարված: Տան պատերն էլի լուռ են: Սենյակիս գրքերն ու տետրերն են միայն ավելացել: Հիմա իմ սենյակից եմ գրում քեզ: Ժամ առաջ եմ տուն հասել, դեռ չեմ էլ հասցրել թեյ խմել: Այո-այո, ոչինչ չի փոխվել, ես էլի առաջվա նման շատ եմ թեյ խմում: : ՃՃՃ

Դե ես գնացի: Քեզ լավ նայիր: Էլի կգրեմ: »

07.08.2017թ.

17: 30

Մարինե Բադալյան


    

«Բարի օր իմ պաշտպանին: Ինչպես խոստացել էի նորից գրում եմ: Այս անգամ էլ համալսարանից: Ազատ դասաժամ ունեի, ես էլ որոշեցի գրել: Մի վախեցիր, մեզ չեն լսի.լսարանում երկուսով ենք, բարձրաձայն կարդա նամակս:

Երեկ դասերից շուտ դուրս եկա, որ մի փոքր զբոսնեմ: Գիտես, որ քայլել շատ եմ սիրում, բայց ամենից շատ քեզ հետ: Երեկ էլ էինք միասին քայլում: Մեր սիրած փողոցներով մի լավ չափչփեցինք: Նորից լուռ էիր, ես էլ քեզ հետ: Շատ եմ նեղվում ֆիզիկապես քո բացակայությունից: Գիտեմ, հիշում եմ, որ ասել ես դիմանամ, որ բան չմնաց, շուտով կգաս: Երկու օր առաջ մեր մշտական հանդիպման տեղում էի, քեզ էի սպասում: Մոռացել էի հերթապահությանդ օրը, կներես: (((

Մի քիչ քայլեցի ու շուտ տուն վերադարձա: Առանց քեզ հաճելի չէր, ճնշում էր քաղաքը, փողոցները:

Երևի կհասցնես կարդալ նամակս, իսկ հետո ընդունես հերթապահությունդ:

Խաղաղ գիշեր քեզ իմ զինվոր: »

15.11.2017թ. 14: 26

Մարինե Բադալյան


    

«Տոնական ու ջերմ բարևներ: Անկախ հայաստանի անկախ հայուհին շնորհավորում է իր պաշտելի զինվորին Հայոց բանակի 27-ամյակի կապակցությամբ:

Ոռա-ուռա-ուռա: ՃՃՃ

Պատկերացնում եմ` ինչպիսի տոնական տրամադրություն է տիրում Ձեր զորամասում:

Շնորհավորանքներ, քայլերգեր, տոնական միջոցառումներ, նվերներ, չափաբաժնից ավել քաղցրավենիք: ՃՃՃ
     Շատ կուզենայի այդտեղ լինեի ու քեզ հանձնեի «աշխարհի ամենալավ զինվոր» -ի անվան կրծքանշանը, ամրացնեի համազգեստիդ ու լսեի, որ ծառայում ես Հայաստանի Հանրապետությանը:

Չգիտեմ, նորից առիթ կլինի ասելու, որ հպարտանում եմ քեզանով, քո տված երդումով ու կրածդ համազգեստով: Չմոռանս այդ մասին:

Իմ կողմից կշնորհավորես բոլոր զինվոր-ընկերներիդ:

Ձեզ հաճելի օր եմ մաղթում: »

28.01.2018թ.

13: 05

Մարինե Բադալյան


    

«Արդեն երկար ժամանակ է չեմ կարողացել գրել քեզ: Պատրաստվում եմ տարեվերջյան քննություններին: Բայց քեզ գրելու ժամանակ միշտ ունեմ:
     Տնից հազվադեպ եմ դուրս գալիս, շատ քիչ եմ կարողանում շփվել: Ասում են «ինձ նման չեմ», ագրեսիվ եմ դառձել: Բայց ոչինչ, չմտածես, երևի քննություններից են, կանցնի: Լավ հանձնելու դեպքում արձակուրդներին այստեղ չեմ մնա: Մեկնելուց առաջ քեզ տեղյակ կպահեմ: Այնտեղից էլ անպայման կգրեմ: Երբ վերադառնամ, դու էլ արդեն պարտքդ կատարած ու եկած կլինես: Կատարյալ երջանիկություն:

Հիմա էլ ես եմ քեզ ասում, որ դիմանաս, բան չմնաց, շուտով կգաս, բան չմնաց, շա~տ շուտով...»

17.05.2018թ.

20: 45

Մարինե Բադալյան


    

Հ.Գ.Իմ նամակներին պատասխան նամակ չէի ստանում: Գուցեև ստանայի, եթե ուղարկեի իմ գրածները: Անհասցե էին իմ նամակները: Չգիտեի` որտեղ է ծառայում իմ զինվորը, որ տարածքում, որ զորամասում: Կամ էլ սրանք յուրաքանչյուրին ուղղված նամակներ էին, նրանց հիշեցնելու համար, որ իրենց համար անհանգստացող, իրենց սիրող ու սպասող կա:

Կուզենայի հարյուրհազար անգամներով բազմացնեի նամակները և ուղարկեի նրան, նրան, նրան էլ: Բոլոր նրանց, ովքեր սահման են հսկում, նրանց, ում օրեր առաջ ենք Հայոց բանակ ճանապարհել ու նրանց, ովքեր օրեր հետո կվերադառնան տուն:


    

Բարի ծառայություն ու բարի վերադարձ քե'զ Հաj Զինվոր:


     Անձնվիրաբար ծառայում եմ Ձեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5633 | 0 | 0
Facebook