Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

« Կուզենայի թույլ մնալ, ամեն ինչ չտեսնեի ու չհասկանայի » . ոստիկան Գայանե Ձավարյան

16:46, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
« Կուզենայի թույլ մնալ, ամեն ինչ չտեսնեի ու չհասկանայի » . ոստիկան Գայանե Ձավարյան

«Շատերը երազում են բժիշկ դառնալու մասին, ոմանք՝ ուսուցիչ, մյուսները՝ լավ կին կամ լավ մայր: Իսկ ես ուզում եմ հետախույզ դառնալ» . սա 7-րդ դասարանի աշակերտուհու շարադրության առաջին տողերն են: Չնայած երազանքին՝ նրա կյանքն այլ ուղղությամբ ընթացավ ԵՊԼՀ-ի մանկավարժության ֆակուլտետ: Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվում է ծննդավայր՝ Ալավերդի: Հինգ տարի Անձնագրային բաժնում աշխատելուց հետո միայն հնարավորություն ստացավ վերհիշել 13-ամյա դպրոցականի շարադրության տեքստը:
     Երազանքների իրականացման, մասնագիտության ընտրության ու այլ հարցերի պատասխաններն ստացանք ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Գայանե Ձավարյանի հետ ունեցած զրույցում:

Ձեր աշխատանքային օրը սկսվում է...

—Ամենաառաջին բանը որ անում եմ աշխատանքի գալով, այն է՝ մտնել հերթապահություն և գիշերային հերթապահներին հարցնել. «Անչափահասներիս լա՞վ եք նայել»:

Երազանքը մանկական կամակորություն, տարբերվելու ցանկություն թե՞ հստակ նպատակ:

—Միշտ ցանկացել եմ, որ աշխատանքս միօրինակ չլինի, իսկ ուսուցչի աշխատանքը, որը նաև իմ առաջին մասնագիտությունն է, հենց այդպիսին է: Դպրոցն իմ էությանը հարմար չէր: Սիրում եմ ՝էքստրեմալ իրավիճակներում հանդես գալ: Դեպքեր բացահայտել, քննել, հասարակության հետ շփվել՝ սա էր իմ էությունը: Ռիսկի գործոնը, մարդկային որակները, սպորտի հանդեպ սերն ու հայրենիքի բարգավաճմանը լումա ունենալու ցանկությունս համատեղեցի ոստիկանի մասնագիտության հետ:

Կյանքի «ռինգում» հանդիպեցին մասնագիտությունն ու ծնողների ցանկությունը: Հաղթանակը ու՞մն էր:

—8-րդ դասարանից արդեն լուրջ որոշում էի կայացրել՝ դպրոցն ավարտելուն պես ընդունվել զինվորական ուսումնարան, սակայն մտավախություն ունեի, որ ծնողներս դեմ կլինեն որոշմանս: Ցավոք այդպես էլ եղավ: Ծնողներիս միակ մտավախությունն այն էր, որ ֆիզիկապես չեմ դիմանա: Նրանց կարծիքով զինվորական աշխատանքը անհամատեղելի է կնոջ հետ: Բայց արդեն 33 տարեկան հասակում, երբ կազմել էի իմ ընտանիքը, կայացած էի կարողացա հասնել նպատակիս՝ համատեղելով աշխատանքն ու ընտանիքս:

Չե՞ք զղջում:

—Որպես այդպիսին չի եղել որ զղջամ: Բայց որպես կին ու որպես մարդ, ես ուժեղացել եմ: Կուզենայի թույլ մնալ: Ամեն ինչ չտեսնեի ու չհասկանայի: Ես օգնության կարիք ունենայի, այլ ոչ թե օգնեի: Ընտանիքիս, շրջապատիս թվում է՝ անկարելի ոչինչ չկա ինձ համար: Բնականաբար այդպես չէ: Միակ բանը, որ կարող է երբևիցե պատճառ հանդիսանալ զղջալու համար, կնոջ թուլությունը կորցնելն է:

Աղջիկը մայրիկի հետքերո՞վ:

—Այո, և դեմ չեմ իրականում: Արդեն նույնիսկ որոշ քայլեր ձեռնարկում է ոստիկանությունում ծառայության անցնելու համար: Ճիշտ է, դա կլինի իր երկրորդ մասնագիտությունը, ինչպես որ իմը, սակայ կլինի ցանկալի մասնագիտություն:
     Հասկանում եմ իհարկե:

Տղամարդիկ սիրում են խորհուրդներ տալ: Ձեզ երբևիցե տվե՞լ են:

—Երբ նոր էի աշխատանքի անցել, երբեմն լինում էր դեպքեր, բայց աշխատանքի ընթացքում հասկացա, որ այս գործում չպետք է ոչ ոքուց խորհուրդ հարցնել: Պետք է ինքդ իրավիճակը գնահատես սեփական խելքով: Տղամարդկանց մեթոդների հետ համաձայն չեմ, աշխատանքային ոճը չեմ ընդունում: Տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպ: Ես ունեմ իմ ուրույն ոճը, որով առաջնորդվում եմ արդեն 11 տարի:

Երեխաների և ոստիկան մոր հարաբերությունները:

—Երեխաներիցս շատ հաճախ լսում եմ՝ «Մամ, շորերդ հանի, տանն ես» արտահայտությունը: Իսկ երբ սկսում եմ հետաքրքրվել՝ ինչով են զբաղվել կամ ուր որտեղ են եղել ամբողջ օրվա ընթացքում, տղաս հարցնում է. «հարցաքննո՞ւմ ես»:
     Սկզբնական շրջանում շատ դժվար էր: Երեխաներս փակվել էին իրենց մեջ, չէին կիսվում, չէին զրուցում: Մեծ տարբերությունը, հայրն է ոստիկան թե մայրը: Իմ դեպքում, երեխաների մոտ հոգեբանական վիճակն ավելի ցածր էր, բայց այդ խնդիրն էլ լուծում ստացավ և ամեն ինչ ընթանում է իր հունով:

Դեպք, որտեղ գործել է խիղճը, այլ ոչ ուսադիրները:

_Մի ընտանիք կար: 5 երեխաների մայրը մահացել էր, և նրանց խնամակալ էր դարձել նրանց պապիկը: Սակայն պապիկի մահից հետո նրանց ճակատագիրը մեծ հարցականի տակ էր դրված: Առաջարկս երեխաներին մանկատուն տանելն էր, բայց չորս կողմից լսում էի, թե երեխաների համար լավ չի լինի, պետք է նոր խնամակալ գտնել և այդպես շարունակ: Երեխաները վերջապես մնացին իրենց տանը: Այդ ժամանակ նոր աշխատող էի և ես էլ նույն պատկերացումներն ունեի մանկատան վերաբերյալ ինչ սովորական քաղաքացիները: Բայց այսօր համոզված եմ, որ եթե մանկատուն տեղափոխելու միտքը հաղթեր խղճիս, երեխաներն ավելի հեշտ ու բարեկեցիկ ձևով կմեծանային:

Գայանե Ձավարյանը օրինապա՞հ ոստիկան:

_Թող անհամեստություն չլինի, բայց այո: Գուցե ոստիկանական ծառայության խնդիրներն կպակասեն, եթե համակարգում աշխատողների 50% ինձ նաման ծառայի:

Ուժեղ և կայացած կնոջ ու մոր խոսքը նույն ճանապարհն ընտրած աղջիկներին:

_Բոլոր նրանց, ովքեր նման մտադրություն ունեն, խորհուրդ եմ տալիս լինել թույլ: Շրջապատում ցույց տալ, որ իրենք թույլ են: Հակառակ դեպքում ամեն ինչ կթողնեն իրենց նուրբ, բայց արդեն իսկ ուժեղացած ուսերին: Եվ եթե կկարողանան կին, մայր, աղջիկ, ընկերուհի, հարևանուհի լինելը համատեղել աշխատանքի հետ, այդ դեպքում ինչո՞ւ ոչ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9725 | 0 | 0
Facebook