Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թմբկաբերդ

23:17, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Թմբկաբերդ
     Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի, միջնադարյան բերդ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախքմարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։
    
    

Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1, 5 մ հաստություն:

Թմբկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները: Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր: Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4, 5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։

Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ: Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.) ։ Բացի այդ, բերդի մոտակայքում հայտնաբերվել է գերեզմանաթումբ, որը վերագրվում է մթա III-II հազարամյակներին: [1] Ավերակ տների պատեր կան նաև բերդի դիմաց, Կուր գետի աջ ափին:
    
     Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է 10-րդ դարի աղբյուրներում: Այն վերահսկում էր առևտրական ուղիներին, որոնք Ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ: 10-րդ դարում արաբ զավթիչները փորձել են գրավել բերդը` սակայն անարդյունք: Ժամանակի ընթացքում այն մերթընդմերթ փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի, Քուաբուլիսձե և Ջաղելի իշխանական տոհմերին: 12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմբկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք և Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։ Իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար թագուհին Թմբկաբերդը նվիրել է հայազգի ռազմական և քաղաքական գործիչ Սարգիս Թմոգվեցուն (Սարգիս Ա Վահրամյան), իսկ նրա եղբայր Զաքարիային` Գագը: 1578թվականին բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից: 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին: Այժմ պահպանվել են Թմբկաբերդի ավերակները։
    
     Թմբկաբերդի մասին է պատմում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը (1902 թ.) ։ Պոեմի հիման վրա ռուս բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկը գրել է նրա լիբրետոն, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանը` «Ալմաստ» օպերան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
15417 | 0 | 0
Facebook