Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Դուք չշնորհավորեցիք անգամ հաղթանակած հայ ժողովրդին

23:09, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Դուք չշնորհավորեցիք անգամ հաղթանակած հայ ժողովրդին
     Պարո՛ն Լևոն Տեր-Պետրոսյան՝ ՀՀ Առաջին նախագահ:
     Անձամբ՝ որպես ՀՀ անկուսակցական քաղաքացի, ապշահար եմ Ձեր եսակենտրոն, հայոց մեծածավալ համաժողովրդական պայքարի նկատմամբ ի սկզբանե չեզոք, կողքից թամաշա անող դիտորդի սառցաբեկոր պահվածքից, Ձեր մեծամիտ լռության, ժողովրդական հարաճուն շարժմանն ուղղված թյուր հավատի, անլուր կասկածանքի, բացահայտ նախանձի, թունոտության, ժողովրդի ու Նիկոլի տապալումը ենթադրող ու երազող, և դրա համար ասորերեն աղոթող տվայտանքիդ համար։ Ի փառս Աստծո և ի հեճուկս Ձեզ՝ մեր ժողովրդական թավշյա պայքարին կասկածամտորեն նայողիդ, Նիկոլի տապալումը անթաքույց երազողիդ սրտատրոփ սպասումները իրականություն չդարձան։ Ժողովուրդը հաղթեց: Աշխարհն էլ ցնծաց, բայց Դուք մնացիք Ձեր խարդախ մտորումների սարդոստայնի մեջ՝ անձամբ գործած ինքներդ ձեզ համար: Գոնե հաղթանակից հետո ժողովրդի՛ն շնորհավորեիք... Ո՜չ, դա էլ չարեցիք... Գլուխը քարը՝ Նիկոլին էլ չշնորհավորեցիք՝ բացահայտելով մի պարզ բան՝ Դուք ժողովրդին մոլորեցրել էիք ի սկզբանե, Դուք չարիքի արմատն էիք դեռ 2008-ին, երբ ժողովրդին ուղղորդեցիք մարտիմեկյան ջարդերի ասպարեզ. արդյո՞ք չունեիք ներքին պայմանավորվածություն ջարդարար ոհմակների ու դրանց կազմակերպիչների հետ։ Այսօր եւ հետայսու Դուք դա չեք կարող ժխտել ու Ձերը հաստատել: Ձեզ ապահով հասցրին Ձեր առանձնատուն, և Դուք այնտեղից դուրս չեկաք՝ պատճառաբանելով, թե ԱԱԾ-ն չի երաշխավորում Ձեր կյանքի ապահովությունը։ Եվ ի՞նչ արեցիք Դուք. այդ օրվա դեպքերը թարմ են մեզնից շատերի հիշողության մեջ: Դուք, մնալով ապահով պատնեշի հետևում, թոհուբոհի հրապարակ ուղղորդեցիք Նիկոլին՝ նրան դարձնելով Ձեր կիսատ-պռատ պայքարի քավության նոխազ... Ամեն բան կարծես մշակված էր... Մնացյալը չմեկնեմ. բոլորը գիտեն՝ և՛ հետոն, և՛ Ձեր չեզոքության հետևանքները։ Հիմա՝ մեր ժողովրդի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի մեծ և շռնդալից հաղթանակից հետո, առանց շնորհավորանքի բառ իսկ հղելու, փորձում եք Նիկոլին, հասարակության լայն զանգվածներին, ժողովրդին Ձեր ոճին հատուկ մեծադղորդ խրատաբանությամբ «ահաբեկել» ու Ձեր պահանջները ներկայացնել ինչ-որ անիմաստությամբ.... Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ ձեր փոխարեն, Ձեր «նոտա» -ի, Ձեր ՀՀԿ-ական ուղղվածության աբսուրդ քծնանքի, Ձեր տկարամիտ հայեցակարգի համար։
     Հարգելի՛, փա՛ռք Աստծո, արդեն վաղուց նախկին նախագահ, Ձեր՝ Նիկոլին հղված «խորհուրդը» կասկածելի ենթատեքս ունի... Մի՛ փորձեք մեկ անգամ էլ (թող սիրելի Նիկոլը ներողամիտ լինի գործածվելիք բառի համար) Նիկոլին «փչացնել» ձեր «խորհուրդներով» և շեղել ներկայիս խիզախ երիտասարդներին, ինչպես 2008-ի չարաբաստիկ Մարտի մեկին արեցիք (ոչինչ չի մոռացվել, և չի մոռացվել նաեւ այն ժամանակի երիտասարդների ՀԻՄԱ՛-ն, որ Դուք չցանկացաք իրողություն դարձնել... Իսկ ինչի՞ համար էին ձեր բորբոքուն հանրահավաքները, ո՞րն էր դրանց իմաստը, եթե պիտի դառնար Մարտիմեկյան ջարդ...) ։ Եվ համոզված եմ՝ այսօր արդեն ոչ մեկը չունի Ձեր «օգնության» եւ «խորհրդի» կարիքը, քանզի ժողովրդական հեղափոխությամբ չհպարտացաք, նրա հաղթանակով չցնծացիք, և ուրեմն՝ ձեր հղումը վտանգավոր և խիստ ժամանակավրեպ է: Եվ խոսքս ցանկանում եմ ավարտել հայոց Սպարապետ Վարդան Մամիկոնյանի հանճարեղ խոսքերով՝ ուղղված Հայոց բանակի մարտիկներին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի ճակատամարտից առաջ . «Զինվորնե՛ր, եղբայրնե՛ր, ժողովու՛րդ հայոց։ Վաղը ազատության օրն է։ Վաղը պիտի կռվենք։ Եթե կան մեր մեջ թերահավատներ և վատեր, արձակենք՝ թող գնան մեզնից ի բաց» ։ Իսկ Դու՛ք Վարդանի մատնանշած այդ թերահավատն ու վատն եք: Ուրեմն՝ ԳՆԱՑԵ՛Ք ՄԵԶՆԻՑ Ի ԲԱՑ...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
31003 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ