Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հայաստանը` հակամարտող կողմ

11:36, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Հայաստանը` հակամարտող կողմ

Բաց նամակ` Հայաստանի Հանրապետությունում «կառուցողական ընդդիմություն» խաղացողներին

Անուններով չեմ դիմում, քանզի դուք գինետանը ձեռքից ձեռք անցնող նույն բաժակն եք, և խոսքս ուղղված է բոլորիդ: Դիմում եմ ձեզ` իբրև Արցախի պատերազմում երկու եղբայր և բազում հարազատներ կորցրած մեկը: Դուք երկար ու ձիգ տարիներ Ղարաբաղի հետ կապված պայթունավտանգ միֆ եք ստեղծել, իսկ ձեզ էլ վերագրել խաղաղության միակ երաշխավորի մանդատը: Անխնա օգտվելով այդ միֆից` թալանել եք ՀՀ պետական գանձարանը, Հայաստանում ներդրումներ անող մեր գործարար հայրենակիցներին: Եթե նախկինում թալանված ժողովրդին ու ներդնողնեին դուք լռեցնում էիք ձեր սադրած անվտանգության սպառնալիքներով, ինչը փորձեցիք աշխատացնել նաև Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու օրերին, ապա այսօր «խաղը պառավել» է, քանի որ այսօր Ղարաբաղի անվտանգության հետ դուք այլևս կապ չունեք: Ավելին` ստորագույն մեսիջներ եք ուղարկում ձեր «քիրվաներին»: Այժմ` ըստ էության: Շարմազանովը և մնացյալ թութակները հպարտությամբ փաստում են, որ միջազգային փաստաթղթերում Հայաստանը արձանագրված չէ որպես հակամարտության կողմ, և Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցում է բացառապես որպես Արցախի անվտանգության երաշխավոր և ոչ թե կողմ: Ոչ մի բառախաղ ձեզ չի կարող փրկել: Այն պահից սկսած, երբ Ռ. Քոչարյանի թեթև ձեռքով Ղարաբաղը զրկվեց հակամարտության կողմ լինելուց, ուզեք, թե չուզեք, այդ պահից սկսած Հայաստանը դարձավ հակամարտության փաստացի կողմ, ինչն էլ չարաշահելով Ս. Սարգսյանը ընդունեց Կազանի պլանը և, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և ճանաչման, համաձայնեց Արցախի սահմանադրության ենթակա տարածքները հանձնել Ադրբեջանին: Եվ պատահական չէ, որ հակամարտության կողմի` իր խոստումն ի կատար ածելու համար Սերժիկ Սարգսյանը սադրեց ապրիլյան պատերազմը` իբրև խորհրդատու ունենալով «սև մոգության» անգերազանցելի վարպետներ Լևոնին և Ռոբիկին: Եթե Հայաստանը հակամարտության կողմ չէ, այլ ընդամենը երաշխավոր, ապա երաշխավորը ի՞նչ իրավունքով է փաստաթուղթ ստորագրում պատերազմում հաղթած և հակառակորդին զինադադար պարտադրած Արցախի հողերը Ադրբեջանին սիրահոժար հանձնելու մասին: Այո, դուք ճիշտ եք, ձեր հանցագործ, ազգատյաց իշխանության տարիներին Հայաստանը ոչ միայն հակամարտության կողմ չէր, այլև Հայաստանը առհասարակ գոյություն չուներ, այլապես Արցախից զինադադար աղերսած Ադրբեջանը չէր հանդգնի հրթիռակոծել ու արկակոծել Հայաստանի սահմանամերձ շրջանները, գերեվարել Հայաստանի խաղաղ բնակչությանը: Կոչ եմ անում, Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանին զգուշավորության իմաստուն դասեր տալու հորդորների փոխարեն` ծանրութեթև անել բանակցային գործընթացում ձեր բացահայտ ձախողման, դիվանագիտական փակուղում հայտնվելու անկարողականության զինանոցը, որը նույնքան ողորմելի է, որքան ձեր խղճուկ հուզաշխարհն ու անփառունակ հոգեվարքը: Դուք այլևս կենդանի չեք (թույլ տվեք ազգովի մխիթարվել այդ փաստով), իսկ մենք, ձեր «շնորհիվ», ունենք այն, ինչ ունենք` Ղարաբաղը հակամարտության կողմ չէ, Հայաստանը հակամարտության կողմ չէ, բայց Ղարաբաղի հողերը, որոնք ներծծված են մեր թանկ հարազատների արյունով առ և տուրի առարկա են ձեր «իմաստուն և անփոխարինելի» սերժ-նալբանդյանական դիվանագիտական աղբանոցի պատճառով:
    
     ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
     Բանասիրական գիտությունների դոկտոր
     ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
     Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1693 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ