Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջազգային համաժողով և խաչքարի բացում՝ ի հիշատակ ՏՏ ոլորտի երախտավոր Վ․ Իվաննիկովի

19:12, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
Միջազգային համաժողով և խաչքարի բացում՝ ի հիշատակ ՏՏ ոլորտի երախտավոր Վ․ Իվաննիկովի

Տեղի կունենա միջազգային համաժողով և խաչքարի բացում՝ նվիրված ԽՍՀՄ-ում, այդ թվում և Հայաստանում ՏՏ ոլորտի հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին։

Մայիսի 3-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա միջազգային համաժողով «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագրով՝ նվիրված հեղինակավոր գիտնական, ՏՏ ոլորտի առաջամարտիկ, համակարգային ծրագրավորման դպրոցի հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին։

Իվաննիկովի ղեկավարությամբ է կայացել ու հաջողությամբ գործում Ռուսական գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտը։ Իվաննիկովի ղեկավարությամբ են հիմնվել ու հաջողությամբ գործում երկու գիտական լաբորատորիաներ Հայ-ռուսական համալսարանում և Երևանի պետական համալսարանում։ Այդ լաբորատորիաներում ուսանողները և ասպիրանտներն առաջատար հետազոտություններ են իրականացնում ՏՏ անվտանգության և արհեստական բանականության ոլորտում։ Վ․ Իվաննիկովի գիտական ղեկավարությամբ ատենախոսություն են պաշտպանել բազմաթիվ հայ գիտնականներ։

Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու են համակարգչային գիտությունների զարգացման ժամանակակից միտումներն աշխարհում։ Համաժողովն ունենալու է ՏՏ ոլորտի հեղինակավոր հյուրեր տարբեր երկրներից։ Մասնակիցների թվում են լինելու Հետազոտությունների և ինովացիայի հունական հիմնադրամի գիտական խորհրդի նախագահ Դիոնիսոս Ցիկրիձիսը, Դանիական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները, «Տեխնիոն» Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ասաֆ Շուստերը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ինչպես նաև ՏՏ ոլորտի երիտասարդ գիտաշխատողներ ՀՀ-ից և ՌԴ-ից։

Համաժողովի հյուրերը կմասկակցեն նաև ակադեմիկոս Իվաննիկովի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը Խոր Վիրապում։ Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Վիկտոր Իվաննիկովի ուսանողներն ու հետևորդները տարբեր երկրներից՝ բարձր գնահատելով նրա ներդրումը ՏՏ ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական համագործակցության խթանման գործում։

Խաչքարի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 11։00-ին Խոր Վիրապ վանական համալիրում։

«Մենք տեղադրում ենք խաչքարն ի հիշատակ մեծ մարդու և գիտնականի, որը խոշոր ներդրում է ունեցել երկու երկրների գիտության զարգացման գործում», - ասում է Հարություն Ավետիսյանը՝ Իվաննիկովի ուսանողը և ներկայում ՌԴ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը։

«Վիկտոր Պետրովիչը գիտնականների երիտասարդ սերնդին դաստիարակում էր ժողովուրդների բարեկամության մթնոլորտում։ Նա հաճույքով իր ուսանողներին էր ներկայացնում Հայաստանը, որն անկեղծորեն սիրում էր, - ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որը ևս Վիկտոր Պետրովիչի ասպիրանտն է եղել։- Նա այս երկիրը յուրովի էր ընկալում, այստեղ ուներ սիրելի վայրեր ու սիրելի մարդիկ։ Խաչքարը տեղադրվում է յուրաքանչյուր հայի համար սուրբ վայրում նախ և առաջ որպես երկու ժողովուրդների բարեկամության մարմնավորում և ի գնահատումն Վիկտոր Պետրովիչի ներդրմանը Հայաստանում գիտության և կրթության զարգացման գործում» ։

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսական գիտությունների ակադեմիայի Վ Պ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը։

Համաժողովն իրականացվում է IEEE (Տեխնոլոգիաների առաջխաղացման խոշորագույն մասնագիտական ասոցիացիան աշխարհում) աջակցությամբ։

Վիկտոր Պետրովիչ Իվաննիկովը (1940-2016թթ) առաջատար գիտնական է համակարգային ծրագրավորման ոլորտում։ Նա առաջիններից մեկն է մշակել օպերացիոն համակարգեր ԽՍՀՄ-ում։ Ակադեմիկոս Իվաննիկովը ԽՍՀՄ պետական պարգևի դափնեկիր է և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Մինչև 2016 թվականը ղեկավարել է ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտը։


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3331 | 0 | 0
Facebook